Որքան ավելի են մոտենում խորհրդարանական ընտրությունները (մասնավորապես, նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածը), այնքան քաղաքական ուժերն ավելի շատ են դիմում սոցիոլոգիական հետազոտություններին հղում անելուն:
Իհարկե, յուրաքանչյուրը յուրովի է օգտագործում սոցհարցումն ու դրանց արդյունքները: Ոմանք ճշտում են իրենց, ինչպես նաեւ` ուրիշների վարկանիշը՝ դրանով իսկ շտկումներ մտցնելով իրենց հետագա ծրագրերի ու գործողությունների մեջ: Ցավոք, մեր իրականության մեջ կուսակցությունների մեծ մասն այդ տվյալներն օգտագործում է որպես քարոզչական տեխնոլոգիա՝ դրանով իսկ փորձելով բարձրացնել սեփական վարկանիշը կամ ազդել մրցակիցների վրա եւ այլն: Միաժամանակ այս ժամանակահատվածում, որպես կանոն, կտրուկ աճում է սոցիոլոգիական «ծառայություններ մատուցող» կազմակերպությունների թիվը՝ տպավորիչ անվանումներով, որոնք, լավ թե վատ մեթոդոլոգիաներով կատարելով իրենց պատվերները, տվյալներ են ներկայացնում՝ չմտահոգվելով դրանց հետագա օգտագործման, հասարակության վրա թողած լավ կամ վատ ազդեցության մասին: Իսկ հասարակությունը, որպես կանոն, երբեք էլ չի իմանում՝ իրակա՞ն են արդյոք այդ տվյալները, պրոֆեսիոնալների կողմի՞ց են արված, թե՞ ոչ: Եվ, որ առավել քան կարեւոր է` ովքե՞ր են դրանց իրական պատվիրատուներն ու, ի՞նչ նպատակներ են նրանք հետապնդում:
Հիրավի, նման մի իրավիճակ է տիրում այսօր: Տեղական ԶԼՄ-ներով գրեթե ամեն օր ներկայացվում են տարբեր սոցիոլոգիական հարցման տվյալներ, որոնք համադրելու դեպքում կանգնում ենք սոցիոլոգիական «կազուսի» առջեւ: Անցած տարվա ընթացքում «Gallup» կազմակերպությունը պարբերաբար հարցումներ է անցկացրել Հայաստանում, որոնց արդյունքներն անընդհատ օգտագործում են հայաստանյան ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ` ԶԼՄ-ները: Թեեւ այս կազմակերպությունը կուսակցությունների վարկանիշի վերաբերյալ տվյալները տրամադրում էր` յուրաքանչյուրին` իր տվյալը սկզբունքով, որը ենթադրում էր, որ ոչ ոք նախապես չէր իմանալու, թե վարկանիշային որ հորիզոնականում է ինքը գտնվում, տվյալները ստանալուց հետո մի շարք կուսակցություններ հանդես եկան հակասական հայտարարություններով: Օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, թե 31%-ով ինքն է առաջին տեղում, «Օրինացն» էլ, թե ինքն է երկրորդը, այլ ոչ թե Հանրապետականը: Այնինչ նկատենք, որ Հանրապետականը դեռեւս չի հրապարակել իր վարկանիշը: Սրան զուգահեռ` քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն էլ անընդհատ հայտարարում է, որ երկրի բնակչության 90-95%-ն իրենց հետ է: Այստեղ է, որ հասկանում ես, որ` չէ, այստեղ ինչ-որ բան իր տեղում չէ, կա՛մ ոմանք պարզապես աղավաղում են իրականությունը: Հստակ է մի բան. եթե իշխանական կուսակցությունների՝ Ռ. Քոչարյանի բարձր հովանավորությամբ ստեղծված ԲՀԿ-ի եւ Ս. Սարգսյանով համալրված ՀՀԿ-ի, էլ չասենք` ՀՅԴ-ի, որն ավանդաբար ունի իր կայուն ընտրազանգվածը, ՄԱԿ-ի, որի նախագահ Գ. Արսենյանն արդեն հայտարարում է, թե ինքն այնքան ձայն ունի, որ դրանց մի մասն էլ կարող է տալ ուրիշներին, եւ իշխանամետ մյուս ուժերի ունեցած վարկանիշներն իրար գումարենք ու ապահովության համար մի բան էլ հանենք, ապա միասին վերցրած կունենանք 60-65% վարկանիշ՝ «ՍՈՍ ՎՌվՌՎցՎ»: Այս դեպքում անհասկանալի է՝ որտեղի՞ց ընդդիմությանը 90-95% վարկանիշ: Իսկ եթե համարենք, որ իրականում ընդդիմությունն ունի այդքան վարկանիշ, ապա այս պարագայում անհասկանալի է, թե ինչու են նրանք մինչեւ հիմա ընդդիմադիր: Դեռ մի բան էլ ավելին, ինչպես իրենք են ասում, չունեն բավարար մարդկային ու ֆինանսական հնարավորություններ իշխանության գալու համար: Իսկ, որ ամենահավանականն է, երեւի ընդդիմությունը շփոթում է հասարակության որոշ հատվածի իրականությունից դժգոհ լինելն իրենց ձայն տալու հետ, ինչի վառ վկայությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շռնդալից մուտքն էր քաղաքական դաշտ՝ առանց քաղաքական գործունեության, եւ ԺԿ նախագահ Տ. Կարապետյանի հեղինակությունը:
Իհարկե, ակնհայտ է, որ իշխանական ուժերի ներկայացրած տվյալները սեփական վարկանիշի վերաբերյալ մի փոքր չափազանցված են, սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր իշխանական կամ նրանց շուրջ պտտվող քաղաքական ուժերը բավական հաստատուն հիմքեր ունեն ոչ միայն իշխանությունը պահելու, այլեւ առաջիկա ընտրություններում հաջողությունների հասնելու համար: Այս ամենով հանդերձ, թերեւս, ճիշտ են այն քաղաքական գործիչները, որոնց կարծիքով՝ հասարակությունը հիասթափված է թե՛ իշխանությունից եւ թե՛ ընդդիմությունից:
Կամ գուցե այդքան էլ պետք չէ հավատալ եւ ուղղորդվել սոցհարցումներով…