Սերգեյ Լավրովը փետրվարի 2-3-ին գտնվում էր Բաքվում եւ հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ: Հենց Լավրովի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս որեւէ տարաձայնություն չկա: Համենայնդեպս, Լավրովի այցից Բաքվում կարծես բավական գոհ էին: Ըստ տարբեր տեղեկությունների, Հայաստանի իշխանությունների հետ քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Օրակարգում կլինեն, իհարկե, նաեւ վերջին շրջանում ակտիվացած տրանսպորտային հաղորդակցության թեմաները, տարածաշրջանային խնդիրներ եւ այլն: Ենթադրվում է նաեւ, որ Լավրովի հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք հնարավոր այցելության հետ կապված հարցեր: Սերգեյ Լավրովի այցելությունը Հայաստան, հետաքրքիր զուգադիպությամբ, տեղի է ունենում այն օրերին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գտնվում է Մոսկվայում: 2005 թվականը հռչակվել է Ռուսաստանում Ադրբեջանի տարի, եւ Ալիեւը Մոսկվա է ժամանել մասնակցելու այդ միջոցառման բացման արարողությանը: Ի հեճուկս ադրբեջանցիների, 2005-ը Հայաստանում էլ հայտարարվել է Ռուսաստանի տարի, սակայն հասկանալի է, որ քաղաքական նշանակությամբ դրանք իրար հետ համեմատել չի կարելի: Ի դեպ, երեկ օդանավակայանում Ռուսաստանի արտգործնախարարը «լեզվի սայթաքում» թույլ տվեց: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում քննարկվելո՞ւ է Վրաստանի իրավիճակը՝ կապված վերջին ողբերգական իրադարձությունների հետ, Սերգեյ Լավրովն ասաց. «Դուք նկատի ունեք Ժվանիայի սպանությո՞ւնը, ներեցեք, մահը»:
Գ. Գ.