«Ընդդիմության խնդիրն է՝ թույլ չտալ կեղծիքների իրականացումը»

07/02/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Վերջին շրջանում` լսելով այս կամ այն քաղաքական ուժի, արդեն կարելի է ասել` նախընտրական ելույթները, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե առաջիկա ՀՀ խորհրդարանական ընտրությունները ոչ թե Հայաստանի համար են, այլ բոլորովին այլ երկրի կամ երկրների: Ուստի քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներից փորձեցինք պարզել, թե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացումն ավելի շատ միտված է գործուն օրենսդիր մարմին կազմելո՞ւն, թե՞ նպատակ ունի եվրոպական կառույցների առջեւ ստեղծել ժողովրդավարական արժեքներով զարգացող պետության նկարագիր:

Հեղինե Բիշարյան, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար – «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկություններով փոփոխությունների են ենթարկվել ՀՀ եւ՛ Ընտրական, եւ՛ Քրեական օրենսգրքերը: Ըստ այդմ, ավելի խիստ պատիժներ են սահմանվել ընտրակեղծիքներ իրականացնողների համար: Մենք, իհարկե, միամիտ չենք, որ հավատանք ընտրությունների արդար անցկացմանը, սակայն հույս ունենք, որ օրենքի առկայությունն իր գործը կանի եւ որոշակի ազդեցություն կունենա, որպեսզի ընտրություններն անցնեն հնարավորինս արդար եւ թափանցիկ:

Գեղամ Մանուկյան, ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր – Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում իր նշանակությունն ունի թե՛ լավ օրենսդիր մարմնի ստեղծումը, եւ թե՛ եվրոպական կառույցների առջեւ ժողովրդավարական արժեքներով զարգացող պետության նկարագրի պահպանումը: Այստեղ երկու գործոններն էլ կարեւոր են: Ընտրությունների արդար անցկացումը Հայաստանում օրենքի պահանջ է: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ եվրոպական կառույցների համակ ուշադրությունն ընտրությունների նկատմամբ եւ դրանից բխող բոլոր հետեւանքները: Իշխանությունները պետք է փորձեն արդար ընտրություններ անցկացնել կամ գոնե ցույց տալ, որ այդպես է: Ի վերջո, առաջիկա խորհրդարանական ընտրությունները ճամփաբաժան են հանդիսանալու Հայաստանի արտաքին եւ ներքին ճամբարներում:

Գագիկ Մելիքյան, ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար – Իշխանությունների համար ժողովրդավարական արժեքներով զարգացող պետության կառուցումն ամենօրյա աշխատանք է եւ միայն ընտրություններով չէ պայմանավորված: Ինչ խոսք, մենք փորձում ենք նաեւ Եվրոպայի առջեւ ստանձնած մեր պարտավորությունները կատարել: Իսկ ընտրակեղծիքների մասին խոսում են միայն թույլերը եւ նրանք, ովքեր փորձ ունեն այդ ոլորտում: Հանրապետական կուսակցությունն այդ խնդիրը չունի: Մենք կեղծիքների չենք դիմել եւ չենք էլ դիմելու:

Գրիգոր Հարությունյան, ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար
– Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում իշխանությունների հիմնական խնդիրը լինելու է վերարտադրվելը: Նրանք կձեւացնեն, թե տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, որովհետեւ եվրոպական կառույցների կողմից գնահատականներ ստանալու խնդիր կա: Հենց այս հանգամանքով է պայմանավորված փողի միջոցով ժողովրդին կաշառելու գործընթացը: Իշխանությունները, ինչպես միշտ, հակված են ընտրակեղծիքներ կատարելուն, իսկ ընդդիմության խնդիրն է` թույլ չտալ կեղծիքների իրականացումը: Վերջին խորհրդարանական եւ համապետական ընտրությունները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցան կեղծիքներով, սակայն եվրոպական կառույցներն այդպես էլ որեւէ պատժիչ քայլի չդիմեցին: Թեպետ հայտարարում էին, որ արդյունքները կասկածելի են: Բայց նույն եվրոպական կառույցներն էլ պարտավորություններ ունեն եւ չեն կարող մշտապես պաշտպանել իշխանություններին:

Ալեքսան Կարապետյան, ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության քարտուղար
– Իշխանությունները կփորձեն խախտումներ անել, սակայն չի հաջողվի: Այնպես, ինչպես անցկացվել են վերջին խորհրդարանական եւ համապետական ընտրությունները, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այլեւս չի լինի, որովհետեւ ժողովուրդը եւ եվրոպական կառույցները թույլ չեն տա: Եվրախորհրդին անդամակցելով` պարտավորվել ենք ընտրություններն անցկացնել եվրոպական չափանիշներին համապատասխան: Իշխանությունները կհայտարարեն, որ ընտրություններն արդար են անցկացնելու, բայց խախտումներ կանեն, որովհետեւ հակառակ դեպքում իշխանական կուսակցությունները չեն հաղթահարի 5 տոկոսի արգելքը: Այդ դեպքում կհաղթեն միայն ընդդիմադիրները: Մենք լի ենք վճռականությամբ` ժողովրդի եւ դիտորդների աջակցությամբ անել ամեն ինչ, որպեսզի իշխանությունները չկարողանան իրենց մտադրությունն իրագործել: Սա է ապագայի միակ գրավականը: Իշխանությունները կփորձեն Եվրոպայի առջեւ ներկայանալ որպես ժողովրդավարական արժեքներ դավանողներ, սակայն նրանց մտադրությունն այլ է:

Հռիփսիմե Ավետիսյան, ԱԺ «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության քարտուղար – Մենք ողջունում եւ հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 2-րդ հոդվածը կիրագործվի, եւ իշխանությունն իսկապես կպատկանի ժողովրդին: Մեծ նշանակություն ունի ժողովրդի մասնակցությունը եւ ազատ կամքի արտահայտումը: Ընտրությունների ազատ անցկացումը չի կարող ձեւական բնույթ կրել եւ միտված լինել զուտ եվրոպական կառույցների առջեւ ժողովրդավար պետության նկարագրի պահպանմանը: Անկախ ամեն ինչից, Եվրոպական կառույցներն ունեն իրենց դիտորդները, ովքեր ներկայացնում են սեփական եզրակացությունները: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի, տարածաշրջանում հարեւանների հետ համեմատվելով, մշտապես ավելի շահեկան դիրքում գտնվենք: Ի վերջո, ժողովրդավարության հաստատումը միայն ընտրություններով չէ պայմանավորված, այն ամենօրյա աշխատանք է: Սա իմ սեփական կարծիքն է: