Յուրաքանչյուրն ինքն է ընտրում քարոզչության իր հիմնական միջոցը

07/02/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք «Ազգային Միաբանություն» կուսակցության եւ նրա ղեկավար Ա. Գեղամյանի քարոզչական հնարքներին: Այս տեսանկյունից կփորձենք ներկայացնել «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանին:

Բոլորն են հիշում, թե ինչ մեխանիզմների կիրառմամբ «Օրինաց երկիր» կուսակցությունը կարողացավ 2003թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կազմակերպել: Այս կուսակցության քարոզչության հիմնական մեխն այն ժամանակ «Հայխնայբանկում» ԽՍՀՄ տարիներին կուտակված ավանդների վերադարձն էր: Թե ինչ տեղի ունեցավ հետագայում, բոլորը տեսան: 2003թ. քարոզարշավի ժամանակ այս կուսակցության քարոզչությունը ոչնչով չէր տարբերվում ամենաընդդիմադիր կուսակցության, ասենք, «Ազգային Միաբանության» քարոզչությունից: Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ նրանց մարտավարությանը, ապա պարզ կդառնա, որ նրանք ամենաընդդիմադիրն էին իշխանամետների մեջ եւ ամենաիշխանամետը ընդդիմադիրների մեջ: Հենց այս մարտավարությունն էլ կարողացավ ապահովել ՕԵԿ հարաբերական հաղթանակը 2003թ. խորհրդարանական ընտրություններում: Սակայն պետք է հիշել նաեւ, որ նույնիսկ կոալիցիոն կառավարություն կազմելուց հետո այս կուսակցության ներկայացուցիչները չփոխեցին իրենց քարոզչության հիմնական մարտավարությունը եւ շարունակեցին հանդես գալ իշխանությանը քննադատող հայտարարություններով՝ մոռանալով, որ իրենք մաս են կազմում այդ իշխանությանը: Իշխանության մեջ եղած ժամանակահատվածում այս կուսակցության բոլոր ներկայացուցիչների կարգախոսն էր՝ «Լավին` լավ, վատին` վատ»: Սակայն հարց է առաջանում. ինչո՞վ է նման կարգախոսը կամ գործելաոճը տարբերվում ընդդիմադիր ցանկացած կուսակցության գործելաոճից: Սակայն հարկավոր է հիշեցնել նաեւ մեր ընթերցողին, որ այս կուսակցությունը եւ նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանն այդպես էլ չկարողացան խոսքից անցնել գործի: Սա շատ հասկանալի մարտավարություն է: Գործելու համար հարկավոր է բավականաչափ կադրային եւ մտավոր պոտենցիալ, որի բացակայությունն այս կուսակցությունում բացահայտվեց հենց նրանց գործունեության առաջին իսկ տարում: Սակայն ցավով պետք է արձանագրել, որ ՕԵԿ-ի կողմից նշանակված նախարարների գործունեության ժամանակ թույլ տված «թերություններն» այդպես էլ միանշանակորեն չվերագրվեցին այդ կուսակցությանը: Սա, թերեւս, կարող է անուղղակիորեն ապացուցել այն միտքը, որ որոշ դեպքերում ճիշտը բարձր խոսելն ու աղմուկ բարձրացնելն է:

Որպեսզի վերոշարադրյալը մերկապարանոց չհնչի, փորձենք վերլուծել անցած չորս տարիների ընթացքում այս կուսակցության գործունեության ընդամենը մի քանի դրվագ: Նախ, ինչպես վերը նշեցինք, սկսենք այս կուսակցության 2003թ. նախընտրական քարոզարշավից: «Օրինաց երկիր» կուսակցության կարգախոսն այս ընտրությունների ժամանակ ընտրված էր, կարելի է ասել, բավականին գրագետ, այն է՝ «Քո օրենքը, քո երկրում»: Սակայն պետք է նշել, որ մենք ապրել ենք «օրենքի երկրում»: Խորհրդային Միությունը կատարյալ օրենքի երկիր էր, բայց ոչ իրավունքի: Մեզ հարկավոր է իրավունքի երկիր: Ինչեւէ, այս կարգախոսով եւ նաեւ բարձրագոչ խոսքերով ու խոստումներով այս քաղաքական ուժը կարողացավ գալ խորհրդարան, եւ նույնիսկ Ա. Բաղդասարյանն ընտրվեց Ազգային ժողովի խոսնակ: Սակայն իշխանության առջեւ ծառացած առաջին իսկ փորձության ժամանակ Ա. Բաղդասարյանն իր գործելաոճով ցույց տվեց, որ ինքն ու իր կուսակցությունը միայն խոսքի տեր են, այլ ոչ գործի: Հիշեցնենք 2004թ. ապրիլյան ցավալի իրադարձությունները, երբ պետական մեքենան ուժ գործադրեց ընդդիմադիր մի քանի կուսակցությունների միջոցով ցույցեր իրականացնող մարդկանց նկատմամբ:

Ա. Բաղդասարյանը շատ է սիրում կրկնել, որ իրենք ընդդիմություն են եղել իշխանության մեջ: Սա, թերեւս, վերաբերում է միայն այն գործընթացներին, որտեղ ժողովրդահաճո խոսքերով կարելի է քաղաքական դիվիդենտներ շահել: Հիշենք, թե ինչպիսի աղմուկ էր բարձրացրել «Օրինաց երկիրն» ընդդեմ տոնովաճառներում հաշվիչ-դրամարկղերի տեղադրման: Հասարակությունն այդ ժամանակ այդպես էլ չկարողացավ վերլուծել, թե ինչ գործ ունի իշխանության մաս կազմող կուսակցությունը ցուցարարների կողքին: Իսկ բացատրությունը շատ պարզ է: Նման գործելաոճը թույլ կտա ընտրությունների քարոզարշավի ժամանակ շահարկել այս փաստը: Սակայն պետության հարկահավաքման քաղաքականությունը պետք է հավասարապես տարածվի բոլոր սուբյեկտների վրա: Ինչո՞վ են լավը տոնավաճառում առեւտրով զբաղվող մեր քաղաքացիները կրպակների աշխատակիցներից, որ իրենք պետք է չտեղադրեն ՀԴՄ-ներ: Հարց տվեք Արթուր Բաղդասարյանին, որն ասում է՝ օրենքի առաջ հավասար պետք է լինեն բոլորը: Բայց այդ ժամանակ օրենքի առաջ հավասարությունը նրան չէր հետաքրքրում:

Իսկ սահմանադրական բարեփոխումների գործընթացի ժամանակ այս քաղաքական ուժի գործելաոճն ընդհանրապես չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ: Պարզվում է, որ սահմանադրական քարոզարշավի համակարգման շտաբի ղեկավար էր նշանակվել «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանը միայն նրա համար, որ Արթուր Բաղդասարյանը հիմնավորապես ծանոթ լինի հանրաքվեի կազմակերպման ընթացքում տեղ գտած բոլոր ընտրախախտումներին եւ կարողանա ամբողջ աշխարհին հայտարարել, որ տեղի են ունեցել համատարած ընտրախախտումներ, որին, բնականաբար, մասնակից է եղել նաեւ «Օրինաց երկիրը»: Մի խոսքով, Ա. Բաղդասարյանի եւ նրա կուսակցության ներկայացուցիչների քաղաքականությունը եւ իրականացրած գործունեությունն իշխանության մեջ եղած ժամանակահատվածում ուղղված է եղել ոչ թե երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը, այլ արտաքին ուժերի եւ միջազգային կազմակերպությունների աչքում ամենաժողովրդավարական քաղաքական ուժի համբավի ձեռքբերմանը: Նման գործելաոճը շարունակվեց նաեւ իշխանությունից դուրս գալուց հետո, եւ մինչ օրս նա եւ իր թիմակիցները պարծենում են արտերկրում Արթուր Բաղդասարյանի հանդիպումներով եւ տված հարցազրույցներով: Սա է պատճառը, որ կոալիցիայից դուրս գալուց հետո էլ Ա. Բաղդասարյանը եւ իր կուսակցության ներկայացուցիչները շարունակում են բարձրաձայնել եւ հպարտանալ, որ իրենք չեն լռել, այլ բարձրաձայն խոսել են այդ թերությունների մասին: Բայց մոռանում են, որ իրենք՝ լինելով իշխանություն, ոչ թե պիտի խոսեին, այլ՝ գործեին: Ի դեպ, ժողովրդավարության մասին. միայն այն հանգամանքը, որ ՕԵԿ ներկայացուցիչների բոլոր ելույթների սկզբնամասում հնչեցվում է «ՕԵԿ-ը եւ նրա նախագահ Ա. Բաղդասարյանը» արտահայտությունն, արդեն իսկ ցույց է տալիս, որ նույնիսկ իրենց կուսակցության ներսում չկա ժողովրդավարություն:

Այն, որ այս քաղաքական ուժը ոչ թե գործի, այլ խոսքի կուսակցություն է, կարելի է տեսնել, վերլուծելով սեփականաշնորհման հետ կապված մեծ աղմուկը, որի արդյունքում, իբր, կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից: ԱԺ ամբիոնից Ա. Բաղդասարյանը հանդես եկավ սեփականաշնորհման գործընթացը դատապարտող ելույթով: Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ 2001-2003, 2003-2005 թվականների սեփականաշնորհման ծրագրի կատարման հաշվետվություններին ՕԵԿ-ը կողմ է քվեարկել: Սրանում մենք համոզվեցինք՝ Ազգային ժողովից պահանջելով այս քվեարկությունների արդյունքների մասին տեղեկանք:

Այն, որ ՕԵԿ-ն այս ընտրությունների քարոզչությունն էլ է իրականացնելու 2003թ. խորհրդարանական ընտրությունների ոգով, կասկած չի հարուցում: Վերջերս կառավարության Նիստերի դահլիճում տեղի ունեցած ՕԵԿ երիտասարդական կազմակերպության համաժողովի ժամանակ Ա. Բաղդասարյանի, Մ. Շահգելդյանի եւ Հ. Բիշարյանի ելույթներում նույնպես կարելի էր հանդիպել նույն արտահայտություններին, որոնք արվել էին դեռեւս 2003 թվականին: Նույն տպավորությունը թողեցին նաեւ Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ Ա. Բաղդասարյանի ներկայացրած փաստարկները: Անվերջ քննադատելով եւ ցույց տալով այն խնդիրները, որոնք կուտակված են մեր երկրի եւ հասարակության առջեւ (ի դեպ, սրանց մասին խոսում են բոլորը) եւ նշելով, որ իրենք մյուս ընդդիմադիր ուժերից տարբերվում են նրանով, որ, բացի քննադատելուց, ներկայացնում են նաեւ այլընտրանքային ծրագրեր, այդպես էլ ողջ հաղորդման ընթացքում չներկայացրեց որեւէ այլընտրանքային ծրագիր:

Սակայն հետաքրքիրն ՕԵԿ քարոզչության մեջ այն է, որ այս կուսակցությունն իրեն հայտարարելով ազատական գաղափարախոսության կրող քաղաքական ուժ, ներկայացնում է այնպիսի խնդիրներ, որոնք ավելի շատ մոտ են սոցիալիստական գաղափարախոսություն կրող կուսակցություններին: Բացի այդ՝ այս քաղաքական ուժի ցանկացած պահանջ ներկայացված է պետությանը՝ պետությունն այս պետք է անի, պետությունն այն պետք է անի… Մենք չէինք զարմանա, եթե նման պահանջներով հանդես գար ՀՅԴ-ն, սակայն զարմանալի է, որ ազատական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժն է ներկայանում նման նախընտրական պահանջներով:

Իսկ այս պարագայում, մնում է` Ա. Բաղդասարյանին եւ ՕԵԿ-ին խորհուրդ տալ կամ կողմնորոշվել, թե ինչ գաղափարախոսական հենքի վրա են իրենք իրականացնում իրենց գործունեությունը, կամ էլ համակերպվել եւ ընդունել իրենց ընդդիմախոսների կողմից ՕԵԿ քարոզչությանը վերագրվող բնորոշումը, այն է` սոցիալ-պոպուլիզմ: