Անցյալ շաբաթ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը, ինչը միանգամայն օրինաչափ է, եւ կարիք չկա բացատրելու, թե ինչու: Պուտինը չէր խուսանավում եւ պատասխանում էր բոլոր հարցերին: Հետո, երբ ասուլիսն ավարտվեց, քիչ բան կարելի էր հիշել նախագահի պատասխաններից: Այո, նա դաշնակից Բելառուսին հնարավորություն տվեց, ասաց, որ դեռ ամեն ինչ չէ, որ պարզ է, թե դեռ պետք է այդ ուղղությամբ աշխատել: Հիշեցրեց, որ զբաղվել է ձյուդոյով, ոչ թե թեթեւ ատլետիկայով, այդ պատճառով էլ ոչ մի տեղ չի պատրաստվում փախչել, այսինքն` մինչեւ իր ժամկետի ավարտը շարունակելու է նախագահել: Թե ինչ կլինի դրանից հետո, Պուտինը որոշակի բան չասաց: Եվ դա նույնպես հասկանալի է. որտեղի՞ց մարդն իմանա, թե ինչ է լինելու վաղը, մի քանի օր հետո, նույնիսկ, եթե նա նախագահ է:
Հայերին եւ ադրբեջանցիներին Պուտինը խորհուրդ տվեց համատեղ սկսել պորտվեյնի արտադրություն: Իսկ Ռուսաստանի դեսպանի` Թբիլիսի վերադարձը Մոսկվայի հանդեպ հաղթանակ համարող վրացիներին նա, հարց տված լրագրողի կարծիքով, մեծահոգաբար թույլ տվեց շարունակել այդպես կարծել, եթե դա հնարավորություն կտա նորմալացնել ռուս-վրացական հարաբերությունները: Ամեն ինչ պարզ է ու հասարակ:
Թեեւ նախագահին մեղադրել չի կարելի: Ինչպիսին հարցադրումն էր, այնպիսին էլ պատասխանն էր: Ո՞վ էր, օրինակ, խանգարում երեւանցի լրագրողուհուն Ռուսաստանի նախագահին ուղիղ եթերով դիմելիս հարցը հստակ ձեւակերպել եւ այն չտալ նման պարզունակ ու անորոշ ձեւով, այնպես, որ Պուտինը, կարծեմ, նույնիսկ հարցը նորից ճշտեց: Սակայն քանի որ ճշտել մի տեսակ չստացվեց, նախագահի պատասխանն էլ բավականին անորոշ եղավ: Սա վերաբերում է ոչ միայն այդ հարցին, այլեւ մյուսներին:
Մասնավորապես, ի՞նչ պատասխան կարելի է ստանալ հետեւյալ հարցին.
– Ե՞րբ (խոսքը ժամկետների մասին է. -Յու. Ս.) կնորմալանան Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունները:
Ձեզ դրեք պատասխանողի տեղը: Վա՞ղը, մի ամսի՞ց, մի տարո՞ւց:
– Ո՞վ է սպանել Լիտվինենկոյին: Իսկ Պոլիտկովսկայայի՞ն:
– Ոճրագործները:
– Ե՞րբ է լուծվելու Լեռնային Ղարաբաղի հարցը: – Հարցը տալու պահից երեք տարի, մի ամիս եւ 22 օր հետո:
– Կդառնա՞ արդյոք Սոչին Օլիմպիադայի անցկացման վայր:
– Անկասկած կդառնա, եւ հենց Օլիմպիական խաղերը սկսվելու օրը:
– ԱՀՊ-ն կշարունակի՞ գոյություն ունենալ:
– Իսկ դուք կուզենայի՞ք:
– Իսկ կլինի՞…:
– Անպայման: Եվ ոչ թե մի անգամ, այլ միշտ:
– Իսկ չի՞ լինի…:
– Ոչ, իհարկե, չի լինի, մի անհանգստացեք:
– Մի տարի առաջ դուք ասում էիք… իսկ այսօր…:
– Եվ այսօր էլ կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի տարի առաջ, եթե ձեզ այդքան դուր է եկել:
Ահա այսպիսի բաներ: Տպավորություն էր ստեղծվում, որ հարցեր տվողները ավելի մտահոգված էին ոչ թե նրանով, թե ինչ են հարցնում, այլ ներկայանալու հնարավորության փաստով (ի դեպ, այստեղ նույնպես ամեն ինչ չէ, որ լավ էր) եւ հենց իրեն` ՊՈՒՏԻՆԻՆ հարց տալու եւ ՆՐԱՆԻՑ պատասխան ստանալու հնարավորությամբ: Եվ բանը հարցը չէր եւ ոչ էլ պատասխանը` իբրեւ դրա հետեւանք, այլ բուն գործընթացը: Համարձակվում եմ ենթադրել, որ հաջորդ տարի եւս վրաստանցի լրագրողը կարող է հարցնել. ե՞րբ են բարելավվելու ռուս-վրացական հարաբերությունները: Այս հարցն ամենամյա ասուլիսների ժամանակ Պուտինին տրվում է արդեն չեմ հիշում որերորդ տարին. քանի տարի ասուլիսը տեղի է ունենում, այդքան տարի էլ տրվում է: Եվ նա կրկին կպատասխանի, որ երկու ժողովուրդները կապված են պատմական անցյալով, կրոնով, եւ, որ շատ ցավալի է, որ հիմա ամեն ինչ այդքան վատ է, եւ պետք է ամեն ինչ անել հարաբերությունները կարգավորելու համար, եւ այլն: Իսկ եթե հարցնեն ռուս-հայկական հարաբերությունների մասին, ապա նա կպատասխանի, որ պատմությունը ցույց է տվել այդ ռազմավարական միության ամրությունը, սակայն տնտեսական հարաբերությունները լիակատար չեն, եւ պետք է ամեն ինչ անել եղած ներուժն ամբողջովին օգտագործելու ուղղությամբ: Եթե հարցնեն Ադրբեջանից, ապա նախագահը ափսոսանք կհայտնի, որ ավանդաբար բարեկամական հարաբերությունները մռայլվում են աննշան տարաձայնությունների պատճառով եւ… ուրեմն ի՞նչ: Ճիշտ է, պետք է ամեն ինչ անել, որ տարաձայնություններ չլինեն:
Հասկացա՞ք: Կրկնեմ նորից. ինչպիսին հարցն է, այնպիսին էլ պատասխանն է: