Մոտ 11 տարի առաջ երգիչ Արսեն Սաֆարյանի եղբայրը` Արթուր Սաֆարյանը, ոգեշնչվելով Պարույր Սեւակի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքից, գրում է «Օգնիր ինձ Մարիամ» երգը: Ինչպես խոստովանեց Արթուրը, այդ երգի գոյության մասին Արսենը վաղուց է տեղյակ եղել: Բայց ամեն անգամ, երբ Արթուրն Արսենին առաջարկել է կատարել այդ երգը, Արսենը մերժել է՝ ասելով, որ դրա ժամանակն էլ կգա:
Եվ ահա, անցյալ տարի երգը վերջապես ընդգրկվեց Արսեն Սաֆարյանի «Կյանքից ավելի» անվանումով ձայնասկավառակում: Իսկ մոտ օրերս էլ կայացավ այդ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որը մասնագետները որակեցին` որպես հայ էստրադայի տեսահոլովակների շուկայում նորություն: Տեսահոլովակում աչքի է ընկնում Արսենի բավականին լավ դերասանական խաղը, որը նկարահանման ընթացքում բացահայտեց ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը: Այդ մասին Արսենը կատակով ասաց.
– Տեսնո՞ւմ եք, այդքան քննադատվող շոու-բիզնեսն ինչ կադրեր է տալիս: Իսկ ավելի լուրջ, տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները տեւել են ութ ամիս` վերջին երեք ամիսները Հրանտ Մովսիսյանի հետ: Այդ ընթացքում նրա հետ քննարկում, երբեմն՝ բանավիճում էինք, թե ինչ պիտի նկարահանվի, ինչ տեսարաններով պիտի ցույց տանք մարդկային մեղքերը: Ի վերջո, ռեժիսորին հավաստիացրի, որ կարող եմ անել այն ամենը, ինչ պահանջվում է ինձանից: Ես մինչ այդ երբեւէ որպես դերասան, տեսահոլովակներում հանդես չէի եկել: Բայց ինձ օգնեցին Երգի պետական թատրոնում աշխատած տարիներին ներկայացումների ժամանակ խաղացածս դերերը, եւ ինչ-որ չափով արդեն հասուն տարիքս: Այնուամենայնիվ, նկարահանման ամբողջ ընթացքում մտավախություն ունեի՝ արդյո՞ք դերասանական խաղս կստացվի: Բայց կարծում եմ, որպես երգիչ կարող եմ հպարտանալ այս տեսահոլովակով, որն ինձ համար նոր այցեքարտ է հանդիսանում: Ժամանակի ընթացքում, ո՞վ գիտի, գուցե ես էլի այցեքարտեր ունենամ:
– Մտավախություն չունե՞ք, որ «Օգնիր ինձ Մարիամը» կարող է որոշակի փոփոխությունների բերել Ձեր երկրպագուների շրջանում:
– Կարծում եմ, այս տեսահոլովակը դուր կգա 25-ից բարձր տարիքի մարդկանց: Բայց ես այս տեսահոլովակով չեմ ուզում ասել, որ ոճս փոխում եմ: Առհասարակ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երգ պիտի կատարվի իր ոճում: Տեսահոլովակը դիտելուց հետո գուցե մի քանիսը կասեն, թե սա ի՞նչ նկարելու բան էգ բա կարելի՞ է կուրծք կամ խեղդելու տեսարան ցույց տալ: Բայց, կարծում եմ, երբեմն պետք է գործողություններն իրենց տեսքով ցույց տալ, որ մարդը սթափվի:
– Իսկ տեսահոլովակում նշված պատվիրաններից Դուք ո՞րն եք կիրառում առօրյայում:
– Կարծում եմ, բոլորս էլ մեղսավոր ենք: Այստեղ խնդիրն այն չէ, որ ես ցույց տամ, թե ինչ առաքինի եմ: Խնդիրն այն է, որ տեսահոլովակը դիտելիս հանդիսատեսը մի պահ մտածի, թե ինչպե՞ս է ապրում: Այդ ժամանակ տեսահոլովակի խնդիրը կայացած կհամարեմ: Տեսահոլովակում փորձել ենք նկարագրել այսօրվա իրականությունը: Իսկ ո՞վ ասաց, թե մեր քաղաքը զերծ է մեղքերից: Այսօր գումարի համար մարդ են սպանում, գողություններ անում, շնանում… Կարծում եմ, արվեստին մոտ կանգնած մարդիկ պիտի մտածեն այդ ամենի մասին: Չէ՞ որ նոր սերունդ է գալիս, ու որոշ չափով դաստիարակվում են հենց տեսահոլովակներով:
– Ինչո՞ւ որոշեցիք տեսահոլովակը նկարահանել պատվիրանների հիման վրա:
– Պետք էր նկարահանել մի բան, որ ազդեր մարդու ինքնագիտակցության եւ զգացողությունների վրա, ու հատկապես չկրկնել մինչ այդ եղածները:
– Երբ տեսահոլովակն առաջին անգամ դիտեցիք, ձեզ մեղքերից ազատված զգացի՞ք: Քանի որ տեսահոլովակի ավարտին յուրահատուկ ձեւով եք ազատվում մեղքերից:
– Կարծում եմ, բարի ավարտ ենք տվել տեսահոլովակին: Ես ամեն անգամ հաճույքով եմ դիտում եւ չգիտեմ, թե ինչքան դեռ կշարունակվի այդ զգացողությունը: Ու ամեն անգամ դիտելուց հետո ոչ թե ինձ մեղքերից ազատված եմ զգում, այլ` ինչպես բարի գործ կատարած մեկը:
– Իսկ նմանօրինակ տեսահոլովակների շարքը կշարունակվի՞:
– Եթե ծնվեն երգեր, որոնք համապատասխան ասելիք կունենան, անպայման կնկարահանվեն: Բայց նորից, կրկնում եմ, մենք շարունակում ենք աշխատել նախ եւ առաջ մեր ավանդական ոճում: Օրինակ, վերջերս Իսպանիայում «Ջիանի» ընկերության աջակցությամբ, «Սիրո երեկո» երգի հիման վրա նկարահանեցինք տեսահոլովակ: Ուրախ ռիթմեր, իսպանական պարեր, գեղեցիկ իսպանուհի, ծով, գեղեցիկ տեսարաններ, այսինքն՝ բոլորովին այլ տեսահոլովակգ Դա եզակի երեւույթ էր, երբ Հայաստանից գնում են ոչ թե համերգի ու, ինչպես ասում են, «ձեռի հետ» նկարահանում տեսահոլովակ, այլ հենց տեսահոլովակ նկարահանելու համար են գնում: Գուցե թանկ հաճույք էր, բայց, կարծում եմ, ստացվել է այն, ինչ ակնկալել ենք: Հանդիսատեսն այն կդիտի մոտ մեկ ամսից:
– Անցյալ տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը ձեր թեկնածությունը «Լավագույն երգիչ» անվանակարգում չէի՞ք դրել: Չէի՞ք ակնկալում, որ Տարվա երգիչ կճանաչվեք:
– Ակնկալիքների իրավունք, կարծում եմ, ունեի: Քանի որ տարվա ընթացքում նկարել էինք երեք տեսահոլովակ, թողարկել ձայնասկավառակ, ունեցել երկու մեծ շոու-մենահամերգներ, ամառվա ընթացքում 13 բարեգործական համերգներ էի ունեցել Ղարաբաղումգ Բայց մեր քաղաքում լուրերն ավելի շուտ են պտտվում, քան բուն իրադարձությունները: Առհասարակ, գնահատելուց առաջ, պիտի ծանոթ լինես տվյալ մարդու տարվա ընթացքում կատարած աշխատանքներին: Իմ կարծիքով, ժուրիի ոչ բոլոր անդամներն էին, այդ առումով, պատրաստ: Ամեն դեպքում` պիտի պահպանվի այն տրամադրությունը, որ երգիչը ցանկություն ունենա քայլել կարմիր գորգի վրայով:
– Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում «Եվրատեսիլին» եւ ինչո՞ւ մասնակցության հայտ չեք ներկայացրել:
– Եթե մրցանակաբաշխությունից այսպիսի լիցքեր եմ ստանում, էլ ի՞նչ կարիք կա: Իմ կարծիքով, չարժե «Եվրատեսիլը» կապել Ազգային մրցանակաբաշխության հետ: Բայց ամեն դեպքում ինձ համար «Եվրատեսիլը» շոու է, որում՝ արդյունքի առումով, մեզ համար վճռորոշ դերակատարություն պիտի ունենա մեր սփյուռքը: «Եվրատեսիլն» իր ստանդարտներով մի քիչ այլ մրցույթ է, որի մասնակցին, իմ կարծիքով, պետք է ընտրեն ոչ թե կոմպոզիտորները կամ չգիտեմ ով, այլ պրոդյուսերները: Ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում նրան, ով այս տարի կներկայացնի Հայաստանը: