Ինչպես հայտնի է, Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի ազդարարած «Սիրո պատմություններ» մրցույթի մրցանակաբաշխությունը նախատեսված էր անցկացնել փետրվարի 3-ին եւ 4-ին, տոնի առթիվ Ա. Խաչատրյան մեծ համերգասրահում կազմակերպված համերգների ընթացքում, ինչն այդ օրերին տեղի չունեցավ: «Մրցանակաբաշխությունը մի քանի օրով հետաձգվեց, որովհետեւ նամակները սպասվածից շատ էին: Միայն էլեկտրոնային փոստով մեզ են ուղարկել 1000-ից ավելի սիրո պատմություններ: Մոտ 200-ն էլ քաղաքացիներն անձամբ են բերել: Բացի այդ, որ նամակների քանակն էր շատ, նաեւ լավ պատմություններն էին շատ, եւ ժամանակի առումով ժյուրիի համար դժվար էր կողմնորոշվել գլխավոր մրցանակակրի ընտրության հարցում»,- ասաց Արարատյան Հայրապետական թեմի Մամլո Դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը: Նրա ասելով, ժյուրիի պատվավոր անդամներ Արմեն Ամիրյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մրցանակակիրներին ընտրելիս՝ իբրեւ նախապայման, հաշվի են առել ոչ թե շարադրանքի գեղարվեստական արժեքը, այլ իրական պատմություններում տեղ գտած մնայուն եւ սիրո մասին անկեղծ խոստովանությունները, «որոնք օրինակ կարող են հանդիսանալ բոլորի համար»: Հիշեցնենք, որ բացի «Սիրո լավագույն բանաձեւ» անվանակարգում գլխավոր մրցանակի համար նախատեսված 250 հազար դրամից, 50 հազարական դրամով էլ կպարգեւատրվեն 7 լավագույն սիրային պատմությունների հեղինակները: Հոգեւոր գրականություն եւ օրացույցեր էլ կբաշխվեն 60 խրախուսական նվերների շրջանակներում: Ինչպես տեղեկացրին Մամլո Դիվանից, մրցույթի պայմաններից դուրս, չնախատեսված գումարային մրցանակ կշնորհվի հայկական զորամասերից ուղարկված սիրո պատմություն հեղինակած մի զինվորականի: Ի դեպ, ամենատարեց սիրային պատմության հեղինակն 82 տարեկան մի կին է, որն արդեն 50 տարի ամուսնացած է եւ իր սիրո պատմության մեջ իր կողակցի նկատմամբ հավերժ սիրո զգացմունքներն է արտահայտել: Սուրբ Սարգսի տոնի առթիվ այս տարի մեկնարկած «սիրային» մրցույթը կկրի շարունակական բնույթ: Այնպես որ, սիրեք եւ գրեք այդ մասին: