Հայկական բանաձեւի ընդունումը պայմանավորված է Սպիտակ տնով

07/02/2007 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Վաշինգտոնում այժմ կրքերը թեժացած են: Անկեղծ ասած, դրանք երբեք էլ հանգիստ չէին: Ուղղակի այս օրերը չափազանց դրամատիկ են ամերիկահայերի համար: Դեմոկրատների հաղթանակից հետո օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմելուց հետո առաջին անգամ խիստ շոշափելի է դարձել հաղթանակի բերկրանքը. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը կարող է ընդունվել:

Բանաձեւ N106

106-րդ բանաձեւը հունվարի 30-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին է ներկայացրել վեց կոնգրեսական` Ադամ Շիֆի գլխավորությամբ: Օրինագիծն արդեն արժանացել է երկու կուսակցությունները ներկայացնող մեծ թվով կոնգրեսականների նախնական հավանությանը։

Ըստ էության, սա գրեթե նույն բանաձեւն է, որ նախորդ Կոնգրեսը չկարողացավ քննարկել: Այն ժամանակ 316-րդ բանաձեւը, հավանության արժանանալով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, չմտավ օրակարգ Կոնգրեսի հանրապետական խոսնակի վետոյի պատճառով:

Բանաձեւը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում 30 կետում թվարկված են բոլոր այն փաստերն ու իրադարձությունները, որոնք հաշվի առնելով` փաստաթուղթը կոչ է անում 1915 թվականի դեպքերն անվանել ցեղասպանություն: Բանաձեւի երկրորդ մասը երաշխավորագիր է` օրինագիծը կոչ է անում Սպիտակ տան վարչակազմին եւ Ջորջ Բուշին` իր ամենամյա ուղերձում կիրառել «ցեղասպանություն» բառեզրը: Բանաձեւը եւ ընդհանրապես Կոնգրեսում հայկական հարցը միշտ օրակարգում պահելը Ամերիկայի Հայկական համագումարի եւ Հայ Դատի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքն է: Հենց այս երկու կազմակերպությունների ներկայացուցիչներն են անընդհատ աշխատում կոնգրեսականների հետ` անհրաժեշտ աջակցություն եւ ձայներ ապահովելու համար:

Ամերիկայի Հայկական համագումար

Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի անձնական ֆոտոարխիվի ամենապոպուլյար նկարը, որ տպագրել են գրեթե բոլոր ամերիկահայ թերթերը, Արդունիի եւ Նենսի Փելոսիի լուսանկարն է:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին միշտ էլ եղել է հայամետ: Նա հայկական հարցը պաշտպանող ամենաակտիվ կոնգրեսականներից էր: Լուսանկարն էլ շրջանառության մեջ է դրվել հենց այդ վերաբերմունքը փաստելու ու նաեւ հիշեցնելու համար: Ընտրություններից հետո երբ հանդիպեցինք, առաջին հարցն, իհարկե, հայամետ կոնգրեսականների քանակի ճշտումն էր: Իհարկե, լավ է, որ դեմոկրատները հաղթեցին, բայց համագումարի բարեկամների մեջ կային բազմաթիվ ազդեցիկ դեմոկրատներ նույնպես:

Անցյալ տարի ունեինք 163 աջակցողներ: Դա չափազանց տպավորիչ քանակ էր: Այժմ այն 146 է: Մի մասը չվերընտրվեց, մյուսներն էլ թոշակի գնացին: Ամեն նոր Կոնգրեսի հետ սկսում են աշխատել սկզբից: Մեզ անհրաժեշտ է 200-ից ավելի ձայն` մեծամասնություն ունենալու համար:

– Հիմա, երբ Նենսի Փելոսին եւ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, որքա՞ն է հավանականությունը, որ բանաձեւը կանցնի:

– Այո, քաղաքական դասավորությունը Կոնգրեսում եւ Սենատում մեզ համար հաջողակ է: Բազմաթիվ կոնգրեսականներ գիտեն Հայոց ցեղասպանության մասին, տեղյակ են հայ-ամերիկյան հարաբերություններից: Նենսի Փելոսին էլ ակնարկել է, որ կպաշտպանի բանաձեւը: Սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում: Մենք ահռելի «տնային աշխատանք» ունենք կատարելու, որպեսզի մեր պայքարը բանաձեւի ընդունման համար իրականություն դառնա:

– Դիտորդների մի մասը քննադատում է համագումարին Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման ամբողջ գործընթացը պարզունակացնելու համար: Նույն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու Հոգլանդի դեպքում խնդիրը հանգել էր «ցեղասպանություն» բառը արտասանել պարտադրելուն:

– Չեմ կարծում, որ դա այդպես է: Մենք չենք նայում խնդրին առանձին վերցրած մեկ ելույթի հիման վրա, այլ ավելի գլոբալ ու խորն ենք հարցը դիտարկում: Այս բանաձեւով եւ կոնգրեսական լսումներով մենք ցանկանում ենք ֆիքսել այն, ինչ տեղի է ունեցել: Որ ամերիկյան յուրաքանչյուր դեսպան, լինի դա Ֆրանսիայում, Հայաստանում, թե Թուրքիայում՝ կարողանա որակել իրադարձություններն այնպես, ինչպիսին կան: Ամերիկացի նախագահներն իրենց ամենամյա ուղերձներում տալիս են այդ ողբերգության բառարանային ամբողջ նկարագրությունը, բայց այդ բառը հրաժարվում են օգտագործել: Մեր խնդիրն է` համաշխարհային պատմության այդ մութ էջը հստակ դարձնել բոլորի համար, այդ թվում` ամերիկացիների:

ԳաֆեսՃյանի ձիով քայլը

Բրայան Արդունիին հարցազրույցի ընթացքում միայն մեկ անգամ շփոթվեց: Անգամ խնդրեց որոշ ժամանակ անջատել ձայնագրիչը մտքերը ժողովելու համար: Հարցը վերաբերում էր նոր ստեղծված հայկական լոբբիստական կազմակերպությանը:

Եվ այսպես, անցած տարեվերջին ամերիկահայ մեծահարուստ եւ բարերար Ժերար Գաֆեսճյանը ստեղծել է նոր կազմակերպություն, որը կոչվում է USAPAC` U.S.-Armenia Public Affairs Committee, թարգմանաբար` հայ-ամերիկյան հանրային կապերի հանձնաժողով:

Առաջին հայացքից անմեղ թվացող այս կազմակերպությունն իսկական խառնաշփոթ է առաջացրել բոլորի մոտ: Անգամ Բրայանն է խոստովանում, որ ստացել է բազմաթիվ տարակուսած զանգեր:

Նախ, Գաֆեսճյանը երկար տարիներ եղել է եւ կա Հայկական համագումարի խորհրդի անդամ (կոչվում է Վստահելիների խորհուրդ): Այդ իմաստով նա ազդեցիկ էր այնքան, որ կարողանար իր գաղափարներն իրականացնել: Երկրորդը, Գաֆեսճյանը կազմակերպության գործադիր տնօրեն է նշանակել Ռոս Վարթյանին եւ Ռոբ Մոշերին: Նրանք երկուսն էլ աշխատել են Համագումարում: Ավելին, Վարթյանը համագումարի ամենաերկար գործադիր տնօրենն է եղել: Համարվել է չափազանց ազդեցիկ անձնավորություն` հայտնի կոնգրեսական իր կապերով եւ կոնգրեսականների հետ անձնական մտերմությամբ: Վարթյանը համագումարից հեռացել է իր կամքով եւ թոշակի անցնելու նպատակով:

Այսպիսով` Գաֆեսճյանը կազմավորում է մի թիմ, որի աշխատանքի արդյունավետությանը շատերն են հավատում: Ավելին, բարերարն, ըստ ամենայնի, պատրաստ է նաեւ լուրջ գումարներ ներդնել այդ կազմակերպության ամբողջական գործունեությունն ապահովելու համար: Համագումարի հիմնադիր, ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանը վերջին տարիների Համագումարի Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրասենյակը վաճառել է եւ այժմ տեղափոխվել է մեկ այլ շենք:

Ինքը` Ռոս Վարթյանը, հայտարարել է, որ նոր կազմակերպությունը հիմնականում զբաղվելու է ներկա քաղաքական գործընթացներում՝ մասնավորապես փորձելու է նվազեցնել ամերիկյան նավթի ազդեցության գործոնն ամերիկյան արտաքին քաղաքականության վրա: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կազմակերպությունը կողմնակից է Թուրքիայի հետ մեղմ հարաբերությունների կառուցմանը, քանի որ առաջիկա ԵՄ անդամակցությունը, նրանց կարծիքով, ավելի շատ կօգնի Հայաստանին, քան կվնասի:

Ինչ վերաբերում է բանաձեւին եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա USAPAC-ը խոստացել է լրացնել Համագումարի եւ Հայ Դատի աշխատանքի բացը եւ փորձել համախմբել բոլոր կողմերի ուժերը:

Առայժմ դժվար է ասել, սա հակա-հայկական-համագումարական կազմակերպությո՞ւն է, թե՞ ուղղակի նոր թարմ ուժ: Պարզ է, որ ավելի նախընտրելի է ունենալ մեկ հզոր լոբբիստական կազմակերպություն, քան` մի քանի թույլ խմբեր: Այս դեպքում նոր կազմակերպության մարտավարությունից կախված կլինի նաեւ մյուսների ճակատագիրը: Իսկ մինչեւ այդ, ամերիկահայերի ամբողջ ջանքն ու կապերն ուղղված են Կոնգրեսում շրջանառության մեջ դրված բանաձեւին:

Բանաձեւի հետեւանքները

Եթե անգամ 106-րդ բանաձեւն անցնի, երաշխավորված չէ, որ Բուշն այս տարի ապրիլին կկիրառի «ցեղասպանություն» բառեզրը: Ի վերջո, բանաձեւը կոչ է անում, բայց ոչ պարտադրում: Բայց մյուս կողմից էլ` բանաձեւը կլինի այն օրենսդրական հիմքը, որին հղում անելով` ամերիկահայերը կարող են պահանջել ամենամյա զեկույցի ավելի ճշգրիտ ձեւակերպումը:

Ի՞նչ կլինի այս անգամ՝ դժվար է ասել: Պարզ է, որ Բուշի վարչակազմը ստիպված է աշխատել երկկուսակցական օրենսդիր մարմնի հետ: Իրաքում ամերիկյան զինուժի քանակի եւ բյուջետային ծախսերի ավելացումը 2008-ի պետբյուջեով արդեն առիթ են բանակցությունների համար: Խնդիրն այն է, թե ինչպիսի համատեքստում կդիտվի Հայոց ցեղասպանությունը:

Համաձայնելով ծախսերին` դեմոկրատները կառաջարկեն համաձայնության գալ այդքան չարչրկված բանաձեւի շուրջ` սա խիստ հավանական սցենար է՝ հաշվի առնելով, որ առաջիկայում նաեւ նախագահական ընտրություններ են, եւ ամերիկահայերի ձայները կարեւոր են նրանց համար:

Մյուս կողմից, թուրքական լոբբին նույնպես անգործ չէ: Այս օրերին թուրքերն աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Այս շաբաթ Վաշինգտոնում է լինելու Թուրքիայի արտգործնախարարը: Ու չի բացառվում, որ հենց այս բանաձեւի հերթական վետոյի դիմաց Սպիտակ տան հետ թուրքերը գնան փոխզիջման` խոստանալով Իրաքի պատերազմում լրացուցիչ ռազմական օգնություն:

Մի խոսքով, այսօր այս բանաձեւի ճակատագիրը կախված է Սպիտակ տնից: Այնտեղ պետք է որոշեն, թե այս պահին բանաձեւը դնելով քաղաքական նժարին՝ ի՞նչ են կորցնում եւ ի՞նչ են շահում: