Այս երեք անչափահաս երեխաներն իրենց մոր հետ ապրում են Երեւանի Նոր-Արեշ 127/2 հասցեում գտնվող (վարորդների) հանրակացարանի 8-րդ հարկում:
Անդուռ սենյակի պատուհաններն առանց ապակիների են, ջուր եւ սանհանգույց չկա, հատակը բետոնից է: 7-ամյա Դիանան եւ 4-ամյա Էրիկը ոտաբոբիկ են, կոշիկ չունեն: Ունեցած միակ շորերը նրանց հագին են, դրա համար էլ միշտ նույն շորերով են: 1 տարեկան Լիաննային հագուստ չունենալու պատճառով անկողնում են պահում: Տաքանալու միակ միջոցը մրից եւ կեղտից սեւացած անկողինն ու ինչ-որ տեղից գտած հին էլեկտրական սալօջախն է: Սենյակի դռների եւ պատուհանների փայտե փեղկերը վաղուց արդեն այրել են վառարանում: Արդեն երրորդ տարին է` նրանք վարձով ապրում են այդ սենյակում:
Երեխաների մայրը` Նաիրան, հավաքարար է աշխատում բենզալցակայանում, բայց դա ոչ մի կերպ չի փոխում նրանց վիճակը: Ընտանիքը չի ստանում ոչ մի նպաստ, քանի որ երեխաներից երկուսը չունեն ծննդյան վկայական, թեպետ ծնվել են հիվանդանոցում: Դիանան այս տարի պետք է դպրոց գնար, բայց նա չունի վկայական, չունի հագուստ, կոշիկ, պայուսակ, գիրք ու տետր: Մայրը նույնպես գրանցում չունի, այդ պատճառով էլ երեխաների ծննդյան վկայականները չի կարողանում ստանալ: Նախկինում Նաիրան մանկավարժ է եղել եւ աշխատել դպրոցում, ամուսնու հետ փորձել է բիզնես սկսել, սակայն ձախողել են եւ կորցրել ամեն ինչ: Նաիրան չցանկացավ պատմել մանրամասները՝ ասելով, որ «միեւնույն է, դրանից իրենց վիճակը չի փոխվի»:
«Էս էլ քանի անգամ է` լրագրողներ են գալիս, ինչ-որ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նկարում են, բայց դրանից իմ դրությունը չի փոխվել, դո՞ւք ինչու եք եկել»,- հարցնում է կինը: «Գալիս-նկարում են մեզ, հեռուստացույցով ցույց տալիս, լրագրողներն իրենց համար թեմաներ են փնտրում, բայց, միեւնույն է, դրանից մարդկանց վերաբերմունքը չի փոխվում: Դուք դա անում եք մեզ ծաղրելու համար, ինձ պետք չէ, միեւնույն է, ոչ ոք չի օգնելու մեզ, ոչ մեկի պետք չենք»,- ասում է Նաիրան:
Նաիրան դիմել է պետական գրեթե բոլոր մարմիններին, որ գոնե օգնեն երեխաների փաստաթղթերը ձեւակերպել, որպեսզի կարողանա նպաստ ստանալ, բայց ոչ ոք չի օգնել, փող են ուզել, որը նա չունի: Նա դիմել է նաեւ բարեգործությամբ զբաղվող կուսակցություններին, Հայաստանի տարբեր մեծահարուստների, պատգամավորների, պաշտոնյաների, ընդդիմադիրների: Ոչ մեկը չի պատասխանել:
Հայաստանում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ, բայց ոչ ոք նրանցով չի հետաքրքրվել, չնայած այդ ընտանիքի մասին մի քանի անգամ գրել են թերթերը, ռեպորտաժներ են հեռարձակել հեռուստաընկերությունները:
www.hetq.am