«Իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի առջեւ, իսկ արտաքին քաղաքական իրավիճակը դեֆոլտի մեջ է»,- Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության հիմնադրման մեկ ամյակի առթիվ երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ նրա, բոլոր այն կանխատեսումները, որ ինքն արել էր մեկ տարի առաջ՝ կուսակցության ստեղծման ժամանակ, այսօր իրականանում են: Այսօրվա իրողությունների պատճառը, Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, 1998 թվականից հետո տեղի ունեցած գործընթացներն են, որոնք իրենց գագաթնակետին են հասել վերջին նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանը կորցրեց իր նշանակությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհաքաղաքական պրոցեսներից դուրս մնաց: Իշխանությունները կարողացան Հայաստանը հանել ոչ միայն աշխարհի, այլեւ մեր տարածաշրջանի քարտեզից»,- ահա այսպիսի գնահատականներ է տալիս Ազատական առաջադիմական կուսակցության նախագահը, որի կարծիքով՝ Հայաստանն այսօր բարեկամներ չունեցող պետություն է եւ ի վիճակի չէ ինքնուրույն արտաքին քաղականություն վարել: Նաեւ այս հանգամանքներով է պայմանավորում Հովհաննես Հովհաննիսյանը միջազգային հանրության կոշտ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: «Հայաստանը պարբերաբար միջազգային կառույցներից ստանում է ոչ բարենպաստ մոտեցումներ, եւ ինչքան այս իշխանությունները մնան Հայաստանում, մենք միջազգային հանրության կողմից ստանալու ենք այնպիսի բանաձեւեր, ինչպես ընդունեց ԵԽ-ն, ինչպես ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն էր»,- հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանը, որի կարծիքով՝ ներկայիս իշխանություններն ամեն օր Հայաստանը տանում են դեպի փակուղի, որից դուրս գալու համար մենք շատ մեծ գին ենք վճարելու: Հովհաննես Հովհաննիսյանը շատ վրդովվել էր նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին այն հայտարարությունից, թե «կարեւորը Ղարաբաղի կարգավիճակն է, մնացած հարցերը մեզ չեն հետաքրքրում»: Ըստ նրա, Հայաստանի իշխանությունների նման կոշտ դիրքորոշումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ինչի համար անհրաժեշտ է թայմ-աուտ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: «Հայաստանին պետք է թայմաուտ, որն իշխանափոխությունն է»,- կարծում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, այսօր իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանում քաղաքական դաշտ չձեւավորվի, սակայն այդ վակուումը դատարկ չի մնում, եւ «արդյունքում ձեւավորվում են թայֆաներ, սափրած գլուխներ, խառոշի տղերք»: Հովհաննիսյանն այս հանգամանքը նույնպես պայմանավորում է վերջին խորհրդարանական ընտրություններով: «2003 թվականին իշխանությունները ծնեցին մեռելածին խորհրդարան»,- այսպես է նա բացատրում ներկայիս քաղաքական ճգնաժամի պատճառները: Ըստ նրա, իշխանությունները կարող էին ինչ-որ քայլեր ձեռնարկել, ասենք՝ կառավարությունում բարեփոխումներ իրականացնել, լուծարել այդ «մեռելածին խորհրդարանը», սակայն որեւէ քայլ չարեցին: Իսկ պատճառն, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, այն է, որ «մեր իշխանությունների սեղանին ոչ թե քաղաքական լուծումներ են դրված, այլ՝ տղայական, ախպերական»: «Հիմա արդեն ուշ է փոփոխությունների համար»,- համոզված է Ազատական առաջադիմական կուսակցության նախագահը: «Լավ, ի՞նչ լինի Երեւանում, որ որեւէ մարդու պաշտոնից հանեն, քանի՞ մարդ պետք է սպանել, որ որեւէ չինովնիկ տեղից շարժվի»,- հարցնում է Հովհաննես Հովհաննիսյանը: Սակայն որքան էլ զարմանալի է, բոլոր այս հայտարարությունների ու գնահատականների հեղինակ Հովհաննես Հովհաննիսյանը որեւէ մեկի հրաժարականը չի պահանջում. «Ես հրաժարականներ առայժմ չեմ պահանջում, ես ավելի զուսպ եմ իմ քաղաքական տեսակետների մեջ»: Իրեն պրագմատիկ քաղաքական գործիչ համարող Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ինքնակամ հեռանա, առանց որեւէ ուժի պարտադրանքի, չնայած նա, կարծես, դրան էլ այնքան կողմնակից չէ. «Եթե այսօր իշխանությունները գնան, ոչ ոք պատրաստ չէ գալ իշխանության: Երբ գաղափարական դաշտ ձեւավորվի, այն ժամանակ էլ կարելի է մտածել իշխանափոխության մասին»: Այսպիսով, Հովհաննես Հովհաննիսյանը լծվել է գաղափարական դաշտ ձեւավորելու ազնիվ գործին եւ որպես դրա արդյունք՝ ներկայացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Արամ Սարգսյանի հետ նոր ընդդիմադիր ֆորմատի ձեւավորումը: Ըստ նրա, դրա շուրջ բանակցություններն արդեն ավարտական փուլում են եւ մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի այդ ֆորմատի ստեղծման մասին: