Հերոսացնո՞ւմ են

07/02/2007

Թուրքական մամուլը երեկ լուսանկարներ է տպագրել, որտեղ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը թուրքական դրոշ է պարզել, իսկ նրա կողքին կանգնած են ոստիկաններ, ոմանք՝ համազգեստով: Սամաստի հետեւում նույնպես թուրքական դրոշով մեծադիր պաստառ է, որի վրա Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խոսքերն են` «Պետության հողը սուրբ է, այն չի կարելի թողնել բախտի քմահաճույքին»: «Ասոշիեյթեդ փրեսն» այս ամենը նկարագրելով, նաեւ վկայում է, թե թուրքական մամուլը վրդովմունքով գրում է, որ մարդասպանին հերոսացրել են: Ի դեպ, պարզ չէ՝ լուսանկարներն արվել են ավտոբուսի կանգառո՞ւմ, որտեղ բռնել են Սամաստին, թե՞ ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանության խոսնակ Իսմայիլ Չալիսկանը հայտնել է, որ լուսանկարներում պատկերված ոստիկանները հարցաքննվում են: Հարցաքննվում են նաեւ նրանք, ովքեր կասկածվում են լուսանկարները մամուլին հանձնելու մեջ: