Ով ինչպես է փոխում սահմանադրությունը

07/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ուրբաթ օրը Եվրոինտեգրման հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը սկսեց սահմանադրական փոփոխությունների առաջարկվող տարբերակների քննարկումը: Շրջանառության մեջ են դրվել երեք նախագծեր՝ կոալիցիայի, ԱԺ ՄԱԿ խմբակցության եւ ԱԺ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի անդամ Արշակ Սադոյանի ներկայացրած նախագծերը:

Ի՞նչ սկզբունքային տարբերություններ կան այդ նախագծերի եւ գործող Սահմանադրության միջեւ: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ պատգամավորներ, «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանից, ՄԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանից եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանից:

Ըստ Գ. Ղոնջեյանի, իրենք առաջարկում են վարչապետի նշանակման հետեւյալ տարբերակը. «Նորընտիր ԱԺ առաջին նիստում գործող վարչապետն իր լիազորությունները վայր է դնում, եւ ԱԺ-ն սկսում է վարչապետի նշանակման գործընթացը ընտրության միջոցով: Եթե ԱԺ-ն ընտրում է վարչապետ, ապա հանրապետության նախագահը հրամանագրում է վարչապետի նշանակումը եւ նոր նշանակված վարչապետի ներկայացմամբ հրամանագրում նախարարների նշանակումները, այսինքն՝ վարչապետը ձեւավորում է իր կաբինետը: Որոշակի ժամանակ հետո վարչապետն Աժ է բերում իր կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթները, որոնք ԱԺ-ն հաստատում է: Եթե ԱԺ-ն վարչապետին ընտրելուց հետո չի հաստատում այն գործունեության ծրագրի հիմնադրույթները, որը վարչապետը բերում է ԱԺ, ապա խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ»:

Ըստ Վ. Դալլաքյանի, որը հրաժարվեց խոսել ԱԺ ՄԱԿ խմբակցության եւ Արշակ Սադոյանի առաջարկած նախագծերի մասին, պատճառաբանելով, որ այդ տարբերակները ձեւական են քննարկվելու, սահմանադրական փոփոխությունների՝ կոալիցիայի առաջարկած փաթեթով ԱԺ-ն դառնում է ֆիկտիվ մարմին. «Իրենք (իշխանությունները) ասում են, որ գործադիր իշխանությունը պետք է ձեւավորվի հետեւյալ կերպ. նախագահը վարչապետի թեկնածուին եւ կառավարության անդամներին ներկայացնում է պառլամենտի հաստատմանը, եւ եթե պառլամենտը երկու անգամ չի հաստատում կառավարության` նախագահի ներկայացրած կազմը, երրորդ անգամ չհաստատելու դեպքում, նախագահը ցրում է այդ պառլամենտը: Դա նշանակում է պառլամենտի դերն ընդհանրապես դարձնել զրո, որովհետեւ եթե երրորդ անգամ բերում է, պառլամենտը գիտի` ինքը լուծարման վտանգի տակ է, եւ արդեն նախագահի բերած թեկնածուի հետ համաձայնում է»,- կարծում է պարոն Դալլաքյանը: Բոլորովին այլ կարծիքի է Ա. Հարությունյանը: Վերջինիս կարծիքով, բոլոր նախագծերով փորձ է արվել բարձրացնել ԱԺ դերը, դատական իշխանության անկախությունը, ավելի հստակեցնել տեղական ինքնակառավարումը. «Օրինակ՝ հիմա նախագահը բացարձակ իրավունք ունի արձակելու ԱԺ-ն, բացի որոշ դեպքերից, նրանք գնում են հակառակ տրամաբանությամբ՝ նախագահն ընդհանրապես չի կարող ազատ արձակել ԱԺ-ն, բացի որոշ դեպքերից»:

Նա կարծում է նաեւ, որ կոալիցիայի եւ ՄԱԿ խմբակցության առաջարկած նախագծերն ըստ էության հիմնված են ժամանակին նախագահի առաջարկած նախագծի վրա, մինչդեռ Գ. Ղոնջեյանի ասելով` իրենց կողմից առաջարկվում է իշխանությունների ձեւավորման սկզբունքային նոր մոդել, համաձայն որի` հանրապետության նախագահին տրվում է պետության ղեկավարի կարգավիճակ, նա ՀՀ-ում օրինականության, իշխանության թեւերի բնականոն գործունեության, Սահմանադրության կատարման երաշխավորն է: Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը երկրի կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ: Երկրի գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարն ի պաշտոնե հանդիսանում են Արդարադատության խորհրդի անդամ, սակայն չեն կարող լինել արդարադատության խորհրդի նախագահ, որի վեց անդամ ընտրվում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից, չորսը՝ ԱԺ-ի:

Վ. Դալլաքյանը, շեշտելով, որ երկրում ոչ թե պետք է ձեւավորվի Սահմանադրությունը փոփոխելու ավանդույթ, այլ կիրառելու, կարծում է, որ գործադիր իշխանությունը դատական իշխանության ձեւավորմանը պետք է ընդհանրապես չմասնակցի. «Իրենց (կոալիցիայի) սկզբունքն այն է, որ հանրապետության նախագահն Արդարադատության խորհրդի անդամների մեծ մասին ինքն է նշանակում: Այդ պարագայում դատական իշխանությունը դառնում է գործադիր իշխանության կցորդ»:

Դառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը, մասնավորապես` Երեւանին, պարոն Դալլաքյանն ավելացնում է. «Իրենք (կոալիցիան) ասում են, որ Երեւանի քաղաքապետը պետք է լինի նշանակովի: Այստեղ կա քաղաքական խնդիր: Կա վախ, որ Երեւանի քաղաքապետը, իսկ Երեւանը Հայաստանի մեկ երրորդն է կամ ավելին, կարող է հակակշիռ դառնալ հանրապետության նախագահին: Բայց Երեւանի քաղաքապետն ունի այլ լիազորություններ, հանրապետության նախագահը` այլ լիազորություններ, եւ դրանք չեն կարող խաչաձեւվել: Եթե Երեւանը համայնք է, իսկ դա այդպես է, կա Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա, որին միացել է նաեւ Հայաստանը, որի պահանջներից մեկն այն է, որ համայնքի ղեկավարությունը պետք է լինի ընտրովի: Հետեւաբար, Երեւանի քաղաքապետը պետք է լինի ընտրովի»:

Այս հարցում «Արդարություն» դաշինքի եւ ՄԱԿ խմբակցության տեսակետները համընկել են: Վերջինս եւս այն կարծիքին է, որ Երեւանի քաղաքապետը պետք է լինի ընտրովի: Այստեղ պարոն Հարությունյանն այլ կարծիքի է: Ընդունելով, որ Հայաստանը միացել է Տեղական ինքնակառավարման եվրոպական կոնվենցիային, նա կարծում է, որ պետք է աստիճանաբար գնալ նրան, որ Երեւանի քաղաքապետը լինի ընտրովի, սակայն դեռ վաղ է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն իրականացնել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո գործող նախագահն իրավունք կունենա՞ երրորդ անգամ անընդմեջ առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, Վ. Դալլաքյանը վստահ է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը պաշտոնավարի, որին նա խիստ կասկածում է, ապա փորձելու է առաջադրվել նաեւ երրորդ անգամ: Այստեղ Ա. Հարությունյանն այն կարծիքին է, որ սրանք նույն Սահմանադրության փոփոխություններն են, եւ նոր իրավական ռեժիմ չի ստեղծվում:

Այս հարցին Գ. Ղոնջեյանը փաստորեն չպատասխանեց` պատճառաբանելով. «Մենք խոսում ենք Սահմանադրության մասին, դուք խոսում եք առկա քաղաքականության մասին: Դրանք տարբեր խնդիրներ են: Նշեմ, որ նախագահի՝ երկրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու հնարավորությունը բացառվելու է անցումային դրույթներով»: