Հարկայինը վախեցած չէ, բայց լարված է

07/02/2007 Զրուցեց՝ Արմինե ԱՎԵՏՅԱՆԸ

«Մարդիկ միշտ չէ, որ սիրում են հարկ վճարել, առավելեւս, եթե ինչ-որ մի մթնոլորտ, մի իրավիճակ է առաջանում, որը հնարավորություն է տալիս ենթադրություններ անել, թե սա առիթ է պակաս վճարելու համար»,- ասում է Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե 2006 թվականի հարկային վճարումներն արդյոք հարմարվա՞ծ են նախընտրական տարվա պահանջներին: Ռոբերտ Քոչարյանը նաեւ հաստատում է, որ 2007թ. բյուջեն բավականին լարված է: «Բայց մենք դրանից վախեցած չենք»,- վստահեցնում է նա:

Հարկային պետական ծառայությունը վերջերս հրապարակեց 2006թ. 300 խոշոր հարկատուների ցանկը, ինչից երեւում է, որ որոշ խոշոր հարկատուներ, մանավանդ` մենաշնորհային վիճակում գտնվող, կտրուկ նվազեցրել են վճարումների չափը: Բացի այդ, ոլորտներ կան, որոնց վճարած հարկերը զարգացման տեմպերի հետ համեմատած բավականին քիչ են: Այս հարցերը բազմաթիվ ենթադրությունների տեղիք են տալիս, ուստի մենք փորձեցինք դրանց պատասխանները ստանալ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանից:

– Պարոն Քոչարյան, կիսո՞ւմ եք այն կարծիքը, թե 2006թ. մեր ամենախոշոր հարկատուներն իրենց հարկերը վճարել են նախընտրական տարվա պահանջներից ելնելով:

– Իմ կարծիքով, պետք չէ այստեղ ուղիղ կապ տեսնել պակաս կամ ավելի վճարված յուրաքանչյուր դրամի մեջ՝ կապելով դա նախընտրական տարվա եւ դրա առաջացրած խնդիրների հետ: Մեր համակարգը շատ զգայուն է, եւ, երբ հասարակությունը հուզող հարցեր ունի, դրանք, բնականաբար, անմիջականորեն իրենց ազդեցությունը թողնում են: Մարդիկ միշտ չէ, որ սիրում են հարկ վճարել, առավելեւս, եթե ինչ-որ մի մթնոլորտ, մի իրավիճակ է առաջանում, որը հնարավորություն է տալիս ենթադրություններ անել, թե սա առիթ է պակաս վճարելու համար: Բնականաբար, մարդիկ մտածում են` մի քիչ սպասել, տեսնել՝ միգուցե հնարավոր կլինի՞ մի քիչ պակաս վճարել: Այստեղ արդեն պետք է հստակորեն գործեն մեր կառույցի՝ որպես ֆիսկալ, լծակները, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչ-որ երեւույթների հետ պայմանավորված կարելի է նաեւ վճարումներ չկատարել: Նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ մենք ստացանք հանձնարարական, որ կառույցը պետք է աշխատի իր բնականոն հունով: Նույնը նաեւ 2007թ. համար, մանավանդ, որ այս տարվա բյուջեն իր չափերով բավականին լարված բյուջե է լինելու եւ կառույցից բավականին մեծ լարվածություն է պահանջելու: Բայց ես կարող եմ ձեզ հավատացնել, որ մենք վախեցած չենք 2007թ. բյուջեից, սակայն բավականին լարված ենք:

– Մենաշնորհային վիճակում գտնվող որոշ ընկերություններ, հիմնականում` ներկրող ընկերություններ, անցած տարի պակասեցրել են վճարած հարկերի չափը: Ինչպե՞ս եք բացատրում այդ հանգամանքը:

– Հարկային մասով կարող եմ ասել, որ ավելացրել են:

– Իսկ ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ շաքարավազ ներկրող երկու ընկերությունները՝ «Սալեքս գրուփը» եւ «Ֆլիտֆուդը», 2005թ. համեմատ մոտ 1,6 մլրդ չափով պակասեցրել են իրենց վճարումները:

– Ես անվանական որեւէ հարկ վճարողի մասին երկար բացատրություն չեմ ուզում տալ, որովհետեւ դա կարող է դիտվել գովազդ կամ հակագովազդ: Թվերը մենք տվել ենք, դուք կարող եք համադրել: Չի բացառվում, որ նրանցից մեկը երկրորդ բիզնես է հայտարարել եւ բիզնեսի որոշակի քանակություն այնտեղ տեղափոխել: Հարկային դաշտով դուք նվազում չեք կարող գտնել: Եթե կա մեկը, որ հարկային դաշտում նվազում է ունեցել, համոզված եղեք, որ նա արդեն հայտնվել է հարկային մարմնի վարչական լծակներ ունեցող բոլոր ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում: Եվ առաջին եռամսյակի արդյունքներով, եթե նվազում լինի, եւ դա ապահովագրված չլինի այլ բիզնեսներ բացելու պայմանով, մենք դա միասին կքննարկենք:

– Ներկրողի դեպքում ինչպե՞ս է հնարավոր, որ մաքսային վճարները քչանան, բայց հարկայինն ավելանա: Չէ՞ որ ներկրումը պակասելու դեպքում, հարկային վճարներն էլ զուգահեռ պետք է պակասեն: Հակառակ դեպքում ինչ-որ հակասություն է ստացվում:

– Ես` որպես Հարկայինի ներկայացուցիչ, կարող եմ խոսել նաեւ այլ կառույցների մասին, բայց դա կարող է մակերեսային լինել:

– Տարեցտարի աճում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը, դրան զուգահեռ ավելանում է նաեւ հյուրանոցների քանակը: Նման պայմաններում խոշոր հյուրանոցներն ինչո՞ւ չեն դառնում խոշոր հարկատուներ:

– Եթե դուք նկատել եք, այդ 300 հարկատուների ցանկում կային հյուրանոցներ:

– Այո, ընդամենը երկուսը:

– Այդ հյուրանոցները կարող են օգտվել տարբեր տեսակի հարկային արտոնություններից՝ շահութահարկ վճարելու արտոնությունից: Շատ հավանական է նաեւ, որ նրանք մեծ չափերի ներդրումներ են կատարում, որը հնարավորություն է տալիս ավելացված արժեքի հարկից դեբետագրման կարգով ետ ստանալ:

– Մինչեւ ե՞րբ է գործելու շահութահարկի արտոնությունը:

– Շահութահարկի արտոնությունն ունի բավականին դիֆերենցված տեսք: Եթե վերջնական տեսքով ասենք՝ 2009թ. ամբողջովին ավարտվելու է: Իհարկե, ես ուրախ եմ, որ դուք գտնում եք, թե այդ արտոնությունները խանգարում են մեր բյուջեի համալրմանը: Դա տնտեսվարողների համար անհավասար դաշտ է ստեղծում: Բացի այդ, դժվար է միանշանակ հավատալ, որ բոլոր այդ գումարներն իսկապես օտարերկրյա ծագում ունեն: Այդ հարցը մեզ մոտ էլ է առաջանում, եւ փորձում ենք պատասխանը ստանալ: Բայց դա այդքան էլ հեշտ չէ: Որպես ֆիսկալ կառույցի ներկայացուցիչ, գտնում եմ, որ ոչ մի արտոնություն, ըստ էության, պետք չէ, որովհետեւ տնտեսվարողները լրացուցիչ հնարավորություն են ունենում ինչ-որ բաներ շրջանցելու համար: Փորձը ցույց է տալիս, որ հետագայում այդ արտոնությունն ի չարս է գործադրվում:

– Պարոն Քոչարյան, Հարկային ծառայության համար բավականին ցավոտ խնդիր է նաեւ տոնավաճառների հարկումը: Դուք այդպես էլ չգտա՞ք տոնավաճառներին հարկելու ավելի արդյունավետ տարբերակներ: Մանավանդ, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման գործընթացը տապալվեց:

– Տոնավաճառներն աշխատում են հաստատագրված վճարով: Նրանց վճարած հարկի չափը բավականին կայուն է:

– Չե՞ք կարծում, որ սահմանված գործակիցները գանձվող վարձավճարների համեմատ բավականին ցածր են:

– Բավականին դժվար է ապացուցել, որ կազմակերպիչներն իրականում ավելի շատ գումար են վերցնում: Թե՛ գանձող կողմը, թե՛ վճարողը բոլորովին ուրիշ թիվ են ասում: Մենք էլ ենք լսել, որ ավելի բարձր գումար է գանձվում, սակայն դա դժվար է ապացուցել: Դա մեզ համար շարունակում է մնալ որպես ամենացավոտ կետերից մեկը:

– Պարոն Քոչարյան, Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ավելի քիչ հարկեր է վճարում, քան ծխախոտ ներկրող «Պարես Արմենիա» ընկերությունը:

– Իհարկե, շատ ցանկալի կլիներ, եթե ձեր համադրումները համադրելի լինեն: Դուք համեմատում եք կազմակերպություններ, որոնք ոլորտային առումով իրար հետ շաղկապված չեն, որ մենք փորձենք վերլուծել, թե մեկը շատ է վճարում, մյուսը՝ քիչ: Ծխախոտի բիզնեսի դեպքում միշտ մեծ գումարների շահ կա: Դրա համար էլ այստեղ սահմանվել է լրացուցիչ հարկ:

– Բայց չէ՞ որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ծառայությունից Հայաստանի ամբողջ բնակչությունն է օգտվում: Իսկ «Պարես Արմենիայի» ներկրած սիգարետը ծխում է լավագույն դեպքում բնակչության 35 տոկոսը: «Պարես Արմենիան» նույնիսկ գերիշխող դիրք չունի ծխախոտի շուկայում:

– Հայաստանում գործում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որը զբաղվում է գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գործունեությամբ, այդ դիրքը ենթարկվում է տարբեր վերլուծությունների, ենթադրում է նաեւ պատասխանատվության որոշ էլեմենտներ: Եվ եթե գտնեն, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունն ինչ-որ կերպ չարաշահում է իր դիրքը, ապա ուսումնասիրությունը շարունակություն կունենա:

– Ասում ենք՝ տնտեսությունը զարգանում է, ավելանում են նաեւ բնակչության դրամական եկամուտներն ու ծախսերը, բնականաբար, ավելանում է նաեւ տնտեսվարողների շրջանառությունը: Սակայն նրանց վճարած ուղղակի հարկերը շարունակում են ավելի քիչ լինել անուղղակի հարկերից: Ինչո՞ւ է այդպես:

– Վերջին երկու-երեք տարիներին ուղղակի հարկերի աճ կա: Թվերով ասեմ. եթե 2004թ. շահութահարկը եղել է 32 մլրդ դրամ, ապա 2005թ. հասել է 41 մլրդ-ի, 2006թ.՝ 65 մլրդ-ի: Այսինքն՝ երկու տարվա ընթացքում կրկնակի չափով է ավելացել: Եկամտահարկը 2004-ին եղել է 20,5 մլրդ դրամ, 2005-ին՝ 26,6, 2006թ. հասել է 35,4 մլրդ դրամի: