Կամերային երաժշտության տան մոտ երեկ հավաքվել էին մոտ 200-250 հոգի, ովքեր պահանջում էին ազատ արձակել «Հայ կամավորականների համախմբման» ներկայացուցիչ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին եւ ազատամարտիկ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանին:
Բողոքի ցույցին մասնակցում էին «Հայ կամավորականների համախմբման» ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Պետրոս Մակեյանը, «Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ այլք: Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրերս մահացած Խորեն Պալյանի հիշատակը, այնուհետեւ հնչեցին մի քանի ելույթներ: Մասնավորապես, «Հայ կամավորականների համախմբման» ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ ձերբակալվածների ազատությունը պահանջողներին միացել են 20 կուսակցություններ ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Ելույթ ունեցավ, ինչպես ներկայացվեց, «ազգային վրիժառու», լրագրող, պատմաբան Գեւորգ Յազըճյանը: Վերջինս հայտարարեց, թե մեր հայրենակիցները չեն ուզում հայրենիք գալ, քանզի այստեղ «իշխում են բորենիները»: Ելույթ ունեցավ նաեւ մտավորականների ֆորումի ավագանու անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ով նախ հայտարարեց, թե Ժ. Սէֆիլյանն այն մարդկանցից է, ով ասում է, որ՝ եթե ընտրատեղամասերում ընտրության արդյունքները կեղծեն, «գլուխները կջարդենք»: «Բա ի՞նչ անենք: Թողնենք կեղծե՞ն»,- հարցնում էր ակադեմիկոսը: Ինչեւէ, Կամերային երաժշտության տան մոտից ցուցարարները երգելով շարժվեցին Ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ: Այստեղ մի փոքր լեզվակռիվ տեղի ունեցավ ցույցի կազմակերպիչների ու ոստիկանների միջեւ: Բանն այն է, որ երթի վերաբերյալ քաղաքապետարանի տված փաստաթղթում երթուղին նշված էր՝ Մոսկովյան-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ, սակայն նշված չէր, թե, ասենք, Նալբանդյան փողոցի հատկապես ո՞ր մայթով պետք է տեղի ունենա երթը: Ցուցարարները ցանկանում էին շարժվել այն մայթով, որն անմիջականորեն անցնում է ԱԱԾ շենքի դիմացով, իսկ ոստիկանները կոչ էին անում անցնել դիմացի մայթ: Ի վերջո, ցուցարարների մեծ մասը շարժվեց ոստիկանների նշած մայթով, իսկ մի քանի ցուցարարներ էլ, այնուամենայնիվ, անցան այն մայթով, որով իրենք էին ուզում: ԱԱԾ շենքի մոտ վանկարկեցին ձերբակալվածների անունները, «ազատություն», «հաղթանակ» բառերն ու շարժվեցին մինչեւ կառավարության շենքի մոտ: Այստեղ նրանք թիկունքով կանգնեցին դեպի կառավարության շենքը, նորից երգեցին, վանկարկեցին նույն բառերն ու ցրվեցին: Ի դեպ, ցույցին մասնակցում էր նաեւ Ժ. Սէֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սէֆիլյանը, ով մի պահ բառացիորեն հրում էր ցուցարարներին, որպեսզի վերջիններս ճեղքեն ոստիկանական պատնեշը, երբ ԱԱԾ շենքի մոտ ոստիկանները փակել էին նրանց ճանապարհն ու առաջարկում էին երթն անցկացնել դիմացի մայթով: Հիշեցնենք, որ Ժ. Սէֆիլյանն ու Վ. Մալխասյանը ձերբակալվել են դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով: Հիշեցնենք նաեւ, որ այդ ենթադրյալ կոչերը հնչել են, ինչպես վկայում է ԱԱԾ-ն, փակ համաժողովի ընթացքում: Իսկ թե ինչպե՞ս է հնարավոր փակ համաժողովի ընթացքում հրապարակային ինչ-որ բան հնչեցնել, դա էլ թերեւս միայն ԱԱԾ-ում գիտեն: