Երեկ տեղի ունեցավ ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ դատախազության 2006 թվականի աշխատանքի արդյունքները: Ըստ այդմ, 2005-ի համեմատ, 2006-ին հանցագործությունների քանակը մեր երկրում աճել է 9,9%-ով:
Մասնավորապես աճ է գրանցվել միջին ծանրության ու ծանր հանցագործությունների, առանձնապես ծանր հանցագործությունների, սպանությունների, թմրամոլության եւ բազմաթիվ այլ հանցատեսակների գծով: Միաժամանակ, նախորդ տարվա համեմատ նվազել է գրանցված հանցագործությունների բացահայտման տոկոսը: Եթե 2005-ին բացահայտվել է քննված հանցագործությունների 84,5%-ը, ապա 2006-ին բացահայտման տոկոսը եղել է 79,2%: Ուշագրավ է, որ, համաձայն Դատախազության լրատվական բաժնի տարածած տեղեկանքի, 2006 թվականին մեր հանրապետությունում չի գրանցվել պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության ոչ մի դեպք: Հիշեցնենք, որ 2006-ի սեպտեմբերին Երեւանի կենտրոնում օրը ցերեկով սպանվեց Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանը: Իսկ դրանից մի քանի ամիս անց էլ իր ղեկավարած գյուղում սպանվեց Նալբանդյան գյուղի գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռոլանդ Մկրտչյանը: Փաստորեն, ըստ մեր Դատախազության, վերոնշյալ անձինք ո՛չ պետական, ո՛չ քաղաքական, եւ ո՛չ էլ հասարակական գործիչներ են եղել: Ինչեւէ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանցագործությունների թվի աճի վերաբերյալ ունի իր բացատրությունը: Ըստ նրա, իրականում ոչ թե շատացել են հանցագործությունները, այլ դրանց թաքցման կամ քողարկման տոկոսն է պակասել, ինչն էլ, ըստ նրա, քննիչների լավ աշխատանքի արդյունք է: Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ներկայացվեցին նաեւ հանցագործությունների կոնկրետ դեպքեր: Մասնավորապես նշվեց, թե մայրաքաղաքի Աբովյան փողոցի վրա գտնվող «Ալեն-Էլեն» ակումբում բազմաթիվ հանցագործություններ են լինում: Իսկ Ա. Հովսեփյանն էլ նիստի ընթացքում մի քանի անգամ նշեց, թե կարեւոր է ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլեւ կատարված հանցագործությունների պատճառների պարզումն ու դրանց կանխարգելման ուղղությամբ արվող աշխատանքը: Բավականին ուշագրավ էր գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի զեկույցը: Նա քննադատեց դատարաններին՝ հայտարարելով, թե որոշ դեպքերում դրանք «ինքնահաստատման փորձեր են անում, բայց ստիպված կլինեն վերադառնալ իրավագիտակցության տրամաբանական դաշտ»: Ակնարկը թերեւս վերաբերում էր Մադաղիսի հայտնի գործին, երբ 2006-ի դեկտեմբերին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց բանտից ազատ արձակել երկու զինծառայողի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված երեք նախկին զինծառայողներին:
Դեսից-դենից է լսել
Կոլեգիայի ընդլայնված նիստի ընդմիջման ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատասխանեց նաեւ «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հայտարարությունների հետ կապված հարցին: Հիշեցնենք, որ Ա. Գեղամյանը հունվարի 15-ի ասուլիսում հայտարարել էր, թե պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատը մահափորձ էր նախապատրաստել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ու Գ. Ծառուկյանն էլ իր անվտանգությունն ապահովելու նպատակով է ստեղծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հիշեցնենք նաեւ, որ Ա. Գեղամյանի այս հայտարարությանը հենց նույն օրն արձագանքեց Գ. Ծառուկյանը՝ այն որակելով «աբսուրդ»: «Արդեն տեղյակ եք, որ Գլխավոր դատախազությունը դիմել է պարոն Գեղամյանին, որպեսզի նա ներկայացնի տվյալներ եւ հիմնավորի իր հայտարարությունները: Սակայն մեզ տրամադրվեց Գեղամյանի այդ մամուլի ասուլիսի տեսաերիզը»,- երեկ նշեց Ա. Հովսեփյանը՝ հավելելով, թե այդ տեսաերիզը բոլոր հեռուստաընկերություններով արդեն տեսել էին, այնպես որ՝ դա որեւէ լրացուցիչ բան չտվեց: Իսկ երբ Դատախազությունը նույն հարցով երկրորդ անգամ է դիմել Ա. Գեղամյանին, վերջինս դրան պատասխանել է գլխավոր դատախազին ուղղված բաց նամակով: Դա, ըստ Ա. Հովսեփյանի, ավելի շատ քաղաքական նպատակներ էր հետապնդում: «Եվ երեկ պարոն Գեղամյանը հրավիրվեց Դատախազություն: Իր տված բացատրություններից չի հետեւում որեւէ տվյալ կամ որեւէ հիմք, որը մեզ թույլ կտա այդ հարցերով զբաղվել: Բացատրության մեջ Գեղամյանը նշում է, որ ինքն այդ մասին լսել է տարբեր աղբյուրներից, կողմնակի խոսակցություններից, իր ընտողների հետ հանդիպումներում, սրճարաններում»,- երեկ տեղեկացրեց Աղվան Հովսեփյանը: Հնարավո՞ր է, որ այս ամենի արդյունքում զրպարտության համար քրեական պատասխանատվության ենթարկվի Ա. Գեղամյանը: Ա. Հովսեփյանը ենթադրում է, որ հավանաբար Ա. Գեղամյանը նման հայտարարություններ անելուց առաջ եւ Դատախազություն գալուց առաջ խորհրդակցել է իրավաբանների հետ: «Զրպարտության համար պատասխանատվության է ենթարկվում այն անձը, ով ակնհայտ սուտ տեղեկություններ է տալիս»,- տեղեկացրեց գլխավոր դատախազը՝ հավելելով, թե Ա. Գեղամյանի բացատրությունից հետեւում է, որ այդ տեղեկություններն ակնհայտ սուտ չեն, եւ ինքը դա այստեղ-այնտեղ լսել է: