Տարադրամի փոխանակման կետերում դոլարի գնման գինն արդեն հասել է 358-ի։ Սակայն այս անգամ ձեզ չենք հոգնեցնի փոխարժեքի ձեւավորման կամ արտահանման վրա ունեցած ազդեցության մասին խոսակցություններով։ Պարզապես կարձանագրենք, որ այս տարի դրամը շատ ավելի արագ է արժեւորվում եւ արդեն ընդհուպ մոտեցել է 2007թ. համար կանխատեսված 357 դրամ սահմանագծին։
Փոխարենը կխոսենք զբոսաշրջության մասին։ Ի թիվս շատ այլ ոլորտների, վերջին տարիներին մշտապես գովերգվում է նաեւ այս ոլորտի աճը։ Օրինակ, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2006թ. Հայաստան է այցելել 381.136 հազար զբոսաշրջիկ։ Դա 19.6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Վատ չի։
Բայց կառավարությունն էլ որոշել է այսքանով չսահմանափակվել եւ փետրվարի 1-ին հաստատել է 2007թ. ՀՀ զբոսաշրջության զարգացման ծրագիրն ու դրա իրականացման միջոցառումների ցանկը: Այդ ծրագրով 2007թ. նախատեսվում է նախորդ տարվա համեմատ Հայաստան զբոսաշրջիկների այցելության շուրջ 20-22 տոկոս աճ՝ արդյունքում ապահովելով ավելի քան 400 հազար զբոսաշրջային այցելություն: Երեւի նման լավատեսության պատճառը CNN-ի եթերով հեռարձակվող Հայաստանի գովազդն է, որը սկսվեց անցյալ տարի։ Այս տարի եւս դրան ուշադրություն կդարձվի, քանի որ միջոցառումների հիմնական ուղղությունները լինելու են այս ոլորտի գովազդատեղեկատվական ապահովման համակարգի կատարելագործումը, միջազգային համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ՝ մարքեթինգային ուսումնասիրությունների իրականացումը եւ այլն։
Նույն օրն ընդունված մեկ այլ որոշմամբ, Ծաղկաձոր քաղաքը համարվել է զբոսաշրջության կենտրոն։ Սա էլ լավ է։
Թվում է՝ այստեղ ամեն ինչ շատ լավ է, սակայն միայն թվում է։ Ցուցանիշները վատը չեն, բայց մի ինչ-որ բան այնպես չէ։ Իսկ որպեսզի իմանանք՝ ի՞նչը, կարելի է սկսել առաջին հայացքից հիմար թվացող մի հարցից՝ ո՞ւմ է պետք զբոսաշրջության զարգացումը։ Մի կողմ թողնենք պատմամշակութային, բարոյական եւ այլ կողմերը, եւ դիտարկենք զբոսաշրջության տված զուտ նյութական օգուտը, որն ամենակարեւորն է։ Իհարկե, կարելի է պատասխանել, որ երկիր մուտք գործող զբոսաշրջիկներն իրենց հետ բերում են զգալի գումարներ, որոնք ծախսում են տեղի շուկայում՝ նպաստելով տվյալ երկրի տնտեսությանը։ Մասնավորապես, նորմալ երկրներում զբոսաշրջիկների բերած փողը ստեղծում է լրացուցիչ պահանջարկ, որը նպաստում է տեղական արտադրության զարգացմանը։ Իսկ Հայաստանում, ինչպես գիտեք, դրսից եկող փողերը (կապ չունի՝ 1000 դոլարը տրանսֆերտի՞ տեսքով է գալիս, թե՞ արտասահմանցու գրպանում) հակառակ ազդեցություն են ունենում՝ գցում են փոխարժեքը եւ խփում արտադրողներին։ Եթե այդպես է, ուրեմն՝ զբոսաշրջության զարգացումը դառնում է ինքնանպատակ։
Լավ, ենթադրենք` մենք սխալվում ենք, եւ մեզ ապացուցում են, որ դա այդպես չէ՝ զբոսաշրջիկներն օգուտ են տալիս Հայաստանին։ Սա նշանակում է, որ մեր երկրից արտասահման մեկնած զբոսաշրջիկներն էլ օգուտ են տալիս այլ երկրների տնտեսությանը՝ այստեղի փողերը դուրս տանելով։ Եթե կարծում եք, Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը մեծ չէ, ապա տեղեկացնենք, որ նույն պաշտոնական վիճակագրությամբ` անցյալ տարի զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 329.347 զբոսաշրջիկ։ Դա 2005թ. ցուցանիշից բարձր է 22.6%-ով։
Ցանկության դեպքում այս ցուցանիշն էլ կարելի է ներկայացնել որպես ձեռքբերում։ Այն է՝ մարդկանց կենսամակարդակը բարձրացել է, եւ նրանք իրենց կարող են թույլ տալ մեկնել արտասահման։
Միգուցե եւ բարձրացել է ինչ-որ չափով, սակայն գլխավոր պատճառը դա չէ։ Հայաստանի սահմաններից դուրս մեկնող զբոսաշրջիկների թիվն աճում է այն պատճառով, որ հայաստանցու վրա Սեւանում կամ Ծաղկաձորում հանգստանալն ավելի թանկ է նստում, քան արտասահման մեկնելը։ Եվ պետք է նկատել, որ այդ «արտասահման» ասվածի մեջ էլ շատ մեծ տեղ ունի Վրաստանը, որը մեր գիտակցության մեջ այնքան էլ արտասահման չէ, սակայն քոթեջներն ու ուտելիքը շատ ավելի էժան են, քան Հայաստանում։
Այնպես որ՝ խոսելով զբոսաշրջության ոլորտի մասին, պետք է խոսել նաեւ այն մասին, որ այս ոլորտը դառնում է ոչ մրցունակ, մանավանդ արտասահմանցու համար։ Որովհետեւ, բացի սպասարկման ոլորտի գների աճից, զբոսաշրջիկը Հայաստանում գումարներ է կորցնում նաեւ դրամի արժեւորման պատճառով։ Ավելի պարզ ասենք։ Եթե Հայաստանում 500 դրամ արժեցող «Մարլբորո» սիգարետ գնելու համար արտասահմանցին 2 տարի առաջ պետք է վճարեր 1 դոլար, ապա այժմ պետք է վճարի 1 դոլար 40 ցենտ՝ միայն դրամի արժեւորման պատճառով։ Բնականաբար, սա վերաբերում է բոլոր ապրանքներին։ Այսինքն, միայն դրամի արժեւորումը արտասահմանցու համար Հայաստան այցելելը թանկացրել է 40%-ով։ Եթե սրան էլ գումարենք մեր գնաճը (դրամով արտահայտված), ստացվում է՝ զբոսաշրջությունը դեպի Հայաստան 2 տարվա մեջ թանկացել է 1,5 անգամ։ Էլ ինչո՞ւ գալ Հայաստան։
Այս պարագայում հույսը մնում է միայն սփյուռքահայերի վրա։ Հայրենիքի նկատմամբ սերն ու կարոտը կարող են նրանց ստիպել գալ Հայաստան՝ թեկուզ վճարելով աննորմալ թվով մեծ գումար։ Սակայն, եթե «Հայաստան-Սփյուռք» տնտեսական համաժողովները մի որոշ ժամանակ էլ շարունակվեն նույն՝ «ուզողա-պարտադրողական» ոգով, ապա ոչ մի կարոտ ու հայրենասիրություն չի կարողանա ստիպել մեր սփյուռքահայ բարեկամներին` ոտք դնել Հայաստան։ Այս ֆոնի վրա հետաքրքիր է դիտվում ՀՀ Կառավարության՝ փետրվարի 1-ի մեկ այլ որոշումը, որը վերաբերում է ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքին։ N1298-Ն որոշման համաձայն, Միջազգային հարաբերությունների եւ սփյուռքի հետ համագործակցության վարչությունը վերակազմավորվել է Միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչության։ Հաղորդագրության մեջ նշված չէ, թե «համագործակցություն» բառն ինչու է հանվել։ Միգուցե իմաստն այն է, որ նպատակահարմար են գտել Սփյուռքի հետ ոչ թե համագործակցել, այլ պարզապես ղեկավարել՝ մանավանդ Հայրենիքին ուղղված դրամական օգնության ոլորտը։