Եվրամիությունը լիովին հետաքրքրված է Հարավային Կովկասով

07/02/2007 Զրույցեց՝ Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Երբ 1994 թվականին Ղարաբաղյան պատերազմում զինադադար էր կնքվում, դժվար էր պատկերացնել, թե որն է լինելու խնդրի դիվանագիտական կարգավորումը: Հայերը, իբրեւ ռազմական բախումներում հաղթանակած կողմ` պահանջելու էին ռազմական ձեռքբերումների դիվանագիտական ամրագրում: Ադրբեջանցիները, ընդհակառակը, պնդելու էին, թե պատերազմը քաղաքական խնդիրներ լուծելու ուղի չէ, հետեւաբար, եթե կարգավորման հիմքում դրվի ռազմական բախումների արդյունքը, ապա այն վերանայելու ուղին կլինի նոր պատերազմը:

Պատահական չէ, որ մի ամբողջ տասնամյակ կողմերը չեկան ընդհանուր հայտարարի` յուրաքանչյուրը գուցե ճշմարիտ լինելով յուրովի: Սակայն նույն այդ տասնամյակում, գուցե սեփական խնդիրների մեջ ներթաղված հարավ-կովկասյան երկրների համար աննկատ` համաշխարհային քաղաքական գործընթացները հասան Հարավային Կովկաս: Մասնավորապես Եվրամիության ընդլայնումը, կայացումը` իբրեւ քաղաքական բեւեռի, եւ մուտքը Հարավային Կովկաս ժամանակի մեջ արձանագրված այն գլոբալ տեղաշարժն է, որ թերեւս ինքնաբերաբար լուծում կտա ղարաբաղյան խնդրին` այն դուրս բերելով տարիների անիմաստ տեղապտույտից:

Հենց այս առնչությամբ էլ կայացել է հարցազրույցը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ պրն Պետեր Սեմնեբիի հետ:

– Պրն Սեմնեբի, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար եւ խնդրել ոչ այնքան դիվանագիտական, որքան անկեղծ մի պատասխան հետեւյալ հարցին. Հարավային Կովկասն իբրեւ տարածաշրջան հետաքրքրո՞ւմ է արդյոք Եվրամիությանը, եւ հատկապես ի՞նչ առումով` աշխարհագրակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞…

– Ձեր հարցը մի քանի ենթահարցեր է պարունակում: Նախ` հետաքրքրվա՞ծ է արդյոք Եվրամիությունը Հարավային Կովկասով: Հետաքրքրված է լիովին. սա` միանշանակ: Ի՞նչ առումով. պատճառները բազմաթիվ են: Այդտեղ եւ տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսներն են դեր կատարում, եւ տարանցիկ տրանսպորտային հաղորդակցության ներուժը, եւ Ռուսաստանին սահմանակից լինելը, եւ Թուրքիայի հետ ընդհանուր սահմանները, երբ այդ երկրի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ են վարվում եւ այլն: Պատճառները բազմաթիվ են եւ բազմաբնույթ, որոնք Եվրամիությանը դարձնում են խորապես հետաքրքրված այս տարածքով: Այս հետաքրքրության արդյունքում է Հարավային Կովկասն ընդգրկվել ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության ծրագրում: Այդ ծրագիրն առաջնորդում է դեպի եվրոպական արժեքների եւ չափանիշների հաստատում, բայց այն չի տանում Եվրամիության անդամակցության: Եթե երբեւէ ապագայում դիտարկվի ԵՄ-ին Հարավային Կովկասի անդամակցության հարցը, դա կատարվելու է մեկ այլ մեխանիզմով: Ներկա դրությամբ էականն այն դաշտում համագործակցելն է, որ մինչ այժմ ստեղծվել է եւ ուրվագծվել ապագայի համար: Մեկ անգամ եւս կարող եմ հավաստել, որ Եվրամիությունը միանգամայն հետաքրքրված է Հարավային Կովկասով` բազմաթիվ առումներով: Իսկ թե ինտեգրման ի՞նչ աստիճանի կհասնեն այդ հարաբերությունները ժամանակի ընթացքում, դա արդեն ցույց կտա ապագան:

– Հարավ-կովկասյան երկրների իշխանությունները որքանո՞վ են նախանձախնդիր կամ որքանո՞վ են հուսադրող ԵՄ պահանջներին եւ չափանիշներին համապատասխանելու իրենց ջանքերում:

– Հարավ-կովկասյան երեք երկրների հետ էլ ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրվել են Անհատական գործողությունների ծրագրերը: Բոլոր Գործողությունների ծրագրերում էլ փաստաթղթի հիմնարար դրույթները Քաղաքական բաժնում են ամրագրված: Բոլոր երկրներում էլ ժողովրդավարության խորացումը, օրենքի գերակայության հաստատումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը մնում են առաջնային պահանջներ, որոնց ուղղությամբ ձեռնարկվող քայլերին Եվրամիությունը հետեւում է ամենայն ուշադրությամբ: Այն ուղերձները, որ այս կամ այն քաղաքական զարգացումների, իրադարձությունների առիթով ուղարկվում են, հարավ-կովկասյան երկրների իշխանություններին ազդանշան են, որ իրենց քայլերն ուշադրության կենտրոնում են, եւ դրանք պետք է համապատասխանեն ստանձնած չափանիշներին: Այս քաղաքական պարտավորությունների կատարումն է հենքը, ինչի վրա հենվում են բոլոր մյուս բնույթի հարաբերությունները:

– Իմ տպավորությամբ` Հարավային Կովկասի ամենամեծ քաղաքական խնդիրը ազգամիջյան հակամարտություններն են: Դուք կհամաձայնեի՞ք նման կարծիքի հետ, թե՞ տնտեսական եւ այլ խնդիրները Ձեզ նույնքան ծանր են թվում:

– Ամեն դեպքում չէի ցանկանա հիմնախնդիրներն աստիճանակարգել:

Թերեւս նորից վերադառնամ Անհատական գործողությունների ծրագրերի Քաղաքական բաժնին, ինչի մասին քիչ առաջ խոսեցի: Ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հիմնարար պահանջները, որ Եվրամիությունն առաջադրում է հարավ-կովկասյան երկրներին` ըստ էության լուծում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ նաեւ էթնիկ փոխհարաբերությունների կնճիռները: Երբ պատշաճ քաղաքական մշակույթը, ժողովրդավարության ավանդույթը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն արմատավորվում են երկրում, դա երաշխիք է, որ չեն կարող մարդու, առավել եւս` հավաքական հանրության շահերը ոտնահարվել: Կարծում եմ, էթնիկ հակամարտությունների արմատներն էլ քաղաքական դաշտում են, ինչ-որ իմաստով՝ առկա քաղաքական մշակույթի հետեւանք են: ԵՄ քաղաքական չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ ջանքերն ինքնաբերաբար հող են ստեղծելու էթնիկ հակամարտությունների կարգավորման համար: Իսկ եթե ուղղակի իրավիճակը գնահատենք, ապա համամիտ եմ, որ ազգամիջյան հակամարտությունները շատ մեծ խոչընդոտ են տարածաշրջանի զարգացման ճանապարհին: Դրանք նույնիսկ կենսական անհրաժեշտության դեպքում թույլ չեն տալիս հարավ-կովկասյան երկրներին միավորել ջանքերը, լուծել խնդիրները եւ բարգավաճել: Դրանք իսկապես մեծագույն խոչընդոտ են:

– Ես ճշգրիտ չգիտեմ` Հարավային Կովկասում ազգամիջյան հակամարտությունները քանի՞սն են, որքանո՞վ են միմյանց նման կամ տարբեր, բայց հիմնական` Աբխազիայի, Օսեթիայի եւ ԼՂՀ-ի խնդիրները գոնե լուծման հնարավորություններով թվում է, թե տարբեր են: ԼՂՀ-ի շուրջ հակամարտություն է ժողովուրդների կամ պետությունների միջեւ, որոնք երկուսն էլ դեպի նույն քաղաքական կառույցն ու հանգրվանին են գնում` ԵՄ: Սա մի հանգամանք է, որ ԼՂՀ կոնֆլիկտը, կարծես թե, արմատապես տարբերում է վրաց-ռուսական դիմակայությունից Աբխազիայում եւ Օսեթիայում:

– Համամիտ եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առկա են հանգամանքներ, որոնք խնդրի կարգավորման որոշ հույս են ներշնչում: Այստեղ իսկապես հակամարտող բոլոր կողմերն էլ նույն` դեպի Եվրամիություն առաջնորդող քաղաքական գործընթացի մասնակիցներ են եւ իրենց ապագան նույն ուղղությամբ են նախանշում: Հարավ-կովկասյան երեք պետություններում էլ զարգացման մայրուղին ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության ծրագիրն է: Դրա չափանիշների ու պահանջների կիրառմամբ կազմվել են նույնատիպ Անհատական գործողությունների ծրագրեր եւ դրանց արդյունքում երկրները ստանձնել են քաղաքական պարտավորություններ: Մեկնարկած այս գործընթացի արդյունքում ոչ միայն ընդհանրապես հարավ-կովկասյան տարածաշրջանն է մոտենում Եվրամիությանը, այլեւ երեք երկրներում էլ նույն արժեքների, նույն չափանիշների համապատասխանող, նմանատիպ կառույցներ ունեցող քաղաքական դաշտ եւ մշակույթներ են ձեւավորվում, որոնք եվրոպական քաղաքականության ուղեծրում են: Ժամանակի ընթացքում քաղաքական մշակույթների այս առաջընթացը կբերի երկրների միջեւ փոխըմբռնման: Իսկ նույն ճանապարհով դեպի նույն նպատակակետն ընթանալիս, իհարկե, ավելի դյուրին է հակասություն հարթել, քան, երբ տարբեր են ճանապարհները:

– Անցյալ աշնանը վրաց-ռուսական ճգնաժամի օրերին Աբխազիայի եւ Օսեթիայի խնդիրը ռուսական օֆիցիոզներում ներկայացվում էր գրեթե իբրեւ Արեւմուտքի հավակնություն ռուսական տարածքների հանդեպ:

– (ժպտում է. – Լ. Պ.) Ես նման հարցադրում չէի կատարի:

Բայց Ռուսաստանն, իհարկե, այդ օրերին խորացրեց հարաբերությունների անջրպետը տրոհված ռեգիոնների հետ:

– Ինչեւէ, ամեն դեպքում ԼՂՀ-ի առջեւ, թվում է, այդպիսի դիլեմա կանգնած չէ` Արեւմուտք կամ Ռուսաստան:

– Որքան Հայաստանը եւ Ադրբեջանը առաջանան Եվրամիությանը մերձենալու իրենց քաղաքական կուրսում, ինքնաբերաբար ավելի դյուրին է դառնալու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Երբ տեսանելի լինի, որ երկու երկրներում էլ եվրոպական արժեքային համակարգը հաստատված է, մարդը սահմանի որ կողմում էլ գտնվի` վայելում է ԵՄ-ի կողմից երաշխավորված իրավունքներ ու ազատություններ, հայկական եւ ադրբեջանական կողմերի անվստահությունը միմյանց հանդեպ կնվազի: Ի վերջո, քաղաքացին սահմանի որ կողմում էլ գտնվի՝ ապագան նրան պետք է ներկայանա խաղաղ, կանխատեսելի եւ հուսալի:

– Այդ դեպքում ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեին մասնակիցներն ավելի կառուցողական վերաբերմունք չե՞ն ցուցաբերի, երբ Հարավային Կովկասի վաղվա օրը` Եվրամիության կազմում կամ ուղեծրում, տեսանելի կլինի շարքային քաղաքացու համար: Չէ՞ որ այդ դեպքում անգամ սահմանների հարցն է դառնալու երկրորդական, եւ, միեւնույն է, դրանք չեն գործելու ԵՄ-ում:

– Իհարկե, ապագայի հանդեպ վստահությունը, երբ այն հայտնի է ու կանխատեսելի՝ մեծապես անդրադառնում է մարդկանց դիրքորոշման վրա: Անորոշության մեջ մարդիկ կառչում են անցյալի իրենց փորձառությունից, մինչդեռ անհրաժեշտ է, որ նրանք նայեն ապագային: Եվրաինտեգրման գործընթացն, ի վերջո, պետք է հանգեցնի ապագայի հանդեպ վստահության, որտեղ արժեքները, չափանիշները, կանոնները հաստատված են ու հայտնի են, եւ յուրաքանչյուրը դրանց ներքո իրեն կարող է պաշտպանված զգալ: Պաշտպանված` ոչ միայն ֆիզիկական անվտանգության, այլեւ էթնիկ ինքնության պահպանման, մշակութային զարգացման եւ ընդհանրապես լիարժեք կենսագործունեության առումով, լինի դա անհատ թե էթնիկ հանրություն: Հարավային Կովկասի եվրաինտեգրման գործընթացը հենց սա է նշանակում: Այս նոր իրականության հաստատմանը զուգահեռ` հասարակությունները հետզհետե կձերբազատվեն անցյալից եկող մտապատճեններից, քաղաքականապես կակտիվանան, եւ, անշուշտ, իբրեւ արդյունք` նրանցից կարելի է ակնկալել ավելի կառուցողական մոտեցում նույն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
– Պրն Սեմնեբի, քանի որ Դուք եւ՛ Երեւանում եք լինում եւ՛ Բաքվում, եւ՛ Ստեփանակերտում, ապա ըստ Ձեզ` կողմերը որքանո՞վ են անկեղծ ղարաբաղյան խնդիրը լուծելու իրենց ձգտումներում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նրանք ավելի հետաքրքրված են ժամանակ շահելով:

– Ժամանակ հարկավոր կլինի ամեն դեպքում` անկախ այն բանից, թե կողմերը ե՞րբ կկնքեն հաշտության պայմանագիր: Երբեք պետք չէ մոռանալ, որ համաձայնությունների փաթեթով կարգավորվելու են միայն հիմնարար խնդիրները: Այնուհետեւ կան տասնյակ ուրիշ ավելի առօրեական հարցեր, որոնք կարգավորվելու են ժամանակի ընթացքում: