Վրաստանում հզորանում է հայկական լոբբին

07/02/2007

– Վերջերս նկատելիորեն ակտիվացել է Աբխազիայի հայկական սփյուռքը: Ինչի՞ հետ է դա կապված: Ո՞վ է կանգնած դրա հետեւում, միայն Ռուսաստա՞նը:

– Դա շատ բարդ խնդիր է: Այն մի քանի ուղղություն ունի, բայց վերջնական արդյունքը տարածքներին տիրանալն է:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Սկսենք նրանից, թե ինչ է կատարվում տվյալ փուլում հայ եւ աբխազ բնակչության միջեւ: Պատերազմի ժամանակ հայկական բնակչությունը բացահայտ օժանդակում էր աբխազական կողմին: Կոնկրետ իր դաժանությամբ առանձնանում էր Բաղրամյանի անվան հայկական գումարտակը: Այդ գումարտակը կռվում էր Կոդորի ուղղությամբ եւ շատ արյուն է հեղել: Նրանք նույնպես լուրջ կորուստներ են կրել: Պատերազմից հետո, իհարկե, հայերը փորձեցին լոբբինգ անել իրենց շահերը: Երկար ժամանակ նրանք լռում էին, բայց հիմա հասել են այն բանին, որ փաստորեն այսօր, եթե Աբխազիայում անցկացվեն ժողովրդավարական նախագահական ընտրություններ, առանց կեղծումների, կհաղթի նրանց առաջադրած թեկնածուն, քանի որ, ըստ տվյալների, հայերն ավելի շատ են, քան աբխազները: Այսօր Աբխազիայում ապրում են 70-80 հազար հայեր: Նրանք աբխազներից պահանջում են իրենց բաժինը՝ որպես պարգեւատրում Աբխազական պատերազմին մասնակցելու համար: Իսկ այդ բաժինը կապված է առողջարանային բիզնեսի հետ: Հայերն ուզում են ստանալ մերձծովյան գոտին, կառուցել այնտեղ ռեստորաններ, ժամանցային համալիրներ, ենթակառույց: Ուզում եմ հիշեցնել, որ Սոչիից մինչեւ Տուապսե ընկած ողջ մերձծովյան բիզնեսը վերահսկում են հենց հայերը: Հայկական լոբբիի նպատակներից մեկն է` հսկողության տակ առնել նմանատիպ բիզնես Սուխումիում: Իհարկե, աբխազները դեմ են: Դա նրանց եկամտի գլխավոր աղբյուրն է, որը նրանք մտադիր չեն տալ հայերին: Այդ մասին իրենք` աբխազներն են ասում: Աբխազ գաղափարախոս Չիկիրբան կոչ արեց Աբխազիայում վերաբնակեցնել Թուրքիայի եւ Սիրիայի աբխազներին՝ հակառակ դեպքում աբխազական էթնոսին սպառնում է հայերին կուլ գնալ: Եվ դա իսկապես այդպես է՝ հայերն Աբխազիայում մեծամասնություն են կազմում: Դա ակնհայտ է: Հայերը ստեղծել են իրենց կուսակցությունը, որը կոչել են «ՌԴ-ի քաղաքացիների միություն»: Նրանց առաջին պահանջն աբխազական խորհրդարանում 15 մանդատ ունենալն է: Եվ դա առաջին քայլն է: Դրան կհետեւեն առավել մեծ պահանջներ: Դա հիանալի հասկանում են աբխազները:

– Եթե հասկանում են, ինչո՞ւ են լռում: Ի՞նչ կարող է դրա հետեւում թաքնված լինել:

– Աբխազիայում շատ մեծ շահեր ունի Ռուսաստանը: Նա ուզում է տիրանալ այդ տարածքին: Դա հայտնի է, բայց Ռուսաստանն այնքան էլ չի վստահում աբխազներին: Դրա վառ օրինակ կարող են ծառայել Աբխազիայում նախագահական ընտրությունները, երբ ռուսները հաշվարկ արեցին Խաջիմբայի վրա, իսկ ժողովուրդն ընտրեց Բագապշին: Այդ պատճառով էլ լիարժեք վստահություն չկա: Սոչիում եւ Տուապսեում 100 տարի առաջ ապրել են վրացիներ, հիմա այնտեղ միայն հայեր են ապրում: Հայերը միշտ էլ եղել են ռուսաստանյան շահերի միջնորդներ: Այսօր Ռուսաստանը ցանկանում է Աբխազիան տեսնել առանց վրացիների եւ հիմա այնտեղ հայեր են: Այստեղ ռուսների եւ հայերի շահերը համընկնում են: ՌԴ-ին ավելի ձեռնտու է գործ ունենալ Ռուսաստանի հայ քաղաքացու հետ, քան ՌԴ-ի աբխազ քաղաքացու, քանի որ հայերին ավելի հեշտ է վերահսկել: Մերձծովյան ամբողջ գոտու իրական վերահսկողությունը կվերցնի Հայաստանը: Դա նրանց իրական նպատակն է: Քանի՞ ընտրություն է եղել Աբխազիայում: Մինչ օրս ոչ մի անգամ հայերը խորհրդարանում տեղ չեն խնդրել: Այն ժամանակ չկար ՌԴ-ի այնքան ուժեղ ազդեցությունը, որքան հիմա: Հայերի վրա ՌԴ-ի ազդեցությունը շատ ուժեղ է, եւ դա ավտոմատ ձեւով խնդիր է դառնում:

– Ստացվում է, որ ՌԴ-ն ուզում է աբխազներին փոխարինել հայերով: Այդ դեպքում աբխազները հենարան չե՞ն փնտրելու Վրաստանում:

– Հայերը թույլ չեն տա մեզ մոտենալու: Ես գիտեմ աբխազ գիտնականների, աբխազ մարտիկների տրամադրվածությունը, բայց նրանց կարծիքը մեծ դեր չի խաղա: Հայկական լոբբիին, ՌԴ-ի դիրքորոշմանն Աբխազիայում սատարում է փոխնախագահ Խաջիմբան, որն ուզում է հայերին օգտագործել նախագահ Բագապշի հետ դիմակայության իր շահերում: Կարծում եմ, վճռորոշ դեր կխաղա աբխազների ինքնապահպանման բնազդը: Եվ չի բացառվում, որ բանը կարող է հասնել հայերին բնաջնջելու փորձերին:

– Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն չբացառեց հայերի եւ աբխազների առճակատումը: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը…

– Այո, կիսում եմ: Աբխազներն ինքնապահպանման զարգացած բնազդով ժողովուրդ են: Նրանք, իրենցից բացի, ոչ ոքի չեն վստահում:

– Ինչ-որ բան կփոխե՞ն, արդյոք, Աբխազիայի մարտի 4-ի խորհրդարանական ընտրությունները:

– Կարծում եմ, ընտրությունների ընթացքում հայերը կհետազոտեն իրադրությունը: Այսօր բացահայտ պայքար չի լինի: Բայց ես չեմ բացառում, որ եթե հայերը հասնեն որեւէ հաջողության, ապա շատ շուտով աչք կտնկեն ավելի մեծ բանի: Բայց չեմ կարծում, որ հիմա դա նրանց կհաջողվի:

– Հայերի այսպիսի լայն դրսեւորումը սպասելի՞ էր:

– Իհարկե: Ես երկար ժամանակ խոսում եմ այդ մասին: Այս գործընթացը տեւում է արդեն երկու տարի, բայց նրանք սկսում են բացահայտ հանդես գալ հիմա: Ռուսաստանին հայերն ավելի են ձեռնտու, քան աբխազները: Հայերը եւ ռուսները միմյանց չեն դավաճանի: Ռուսաստանն ինչ ասի, այն էլ հայերը կանեն: Աբխազների մասին նույնը չի կարելի ասել:

– Վրաստանը ինչպե՞ս կարող է օգտագործել հայերի բացահայտ մուտքն աբխազական քաղաքականություն:

– Այսօր Վրաստանը դա չի կարող օգտագործել մի պատճառով՝ իշխանություններն Աբխազիայի վերաբերյալ քաղաքականություն չունեն: Դա անզեն աչքով էլ երեւում է: Չկա ռազմավարական ծրագիր: Վրացական կառավարությունում նույնպես բավականին մեծ հայկական լոբբի կա: Դա նույնպես ակնհայտ է: Հենց այնպես չէ, որ Աջարիայում Հայաստանից եկած հանգստացողների քանակն այդքան մեծ է:

– Ի՞նչ եք ենթադրում:

– Ես հստակեցումներից ձեռնպահ կմնամ, չնայած բոլորին հայտնի է, որ Վրաստանում առկա է ուժեղ հայկական լոբբի:

www.mediadialogue.org