Հաղթեց «պատշաճը»

07/02/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՀՀ Մշակույթի նախարարությունը կարող է հաղթանակ տոնել, քանի որ նախարարության արագ արձագանքման ոճով կատարված օպերացիայի շնորհիվ կանխվել է Հայաստանի արժանապատվությունն անարգող թատերական ներկայացման ցուցադրումը:

Նախարարության թիրախում հայտնվել էր անգլիացի դերասան ու պարող Նայջել Չարնոքը, ով իր «Ֆրանկ» իմպրովիզացիոն ներկայացման մեջ փորձանք է բերել մեր դրոշի գլխին եւ նսեմացրել մեր հայրենասիրական ոգին: «Հայկական Եռագույնը գորգի պես օգտագործելը, վրան պարելն ու ծամածռվելը` անթույլատրելի է եւ օրենքով պատժելի»,- գրված էր նախարարության տարածած հայտարարության մեջ, որն անվանված էր «Թույլատրելի է սոսկ այն, ինչը պատշաճ է»:

Անգլիացի դերասանին Հայաստան հրավիրած «Բրիտանական խորհուրդը» երեկ փորձում էր շտկել իրավիճակը` ասելով, որ դերասանը հայերին միտումնավոր վիրավորելու նպատակ չի ունեցել, իսկ իրենք ծանոթ չեն եղել ներկայացման բովանդակությանը, քանի որ Նայջել Չարնոքը նախապես ներկայացման փորձ չի արել: Անգլիայում նրան տեսած մարդիկ վստահեցնում էին, որ դերասանը երբեք այդքան ազատ չի վարվել որեւէ երկրի ազգային խորհրդանիշների հետ եւ այդքան ակնհայտ չի ընդգծել սեռական թեման: Նայջել Չարնոքը միկրոֆոնն ու Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի դրոշները խոթել է իր վարտիքի մեջ եւ կիսամերկ, երբեմն էլ՝ լրիվ մերկացած պարել է բեմում եւ սեռական ակտի իմիտացիա արել, նաեւ սեփական հագուստն ու կոնֆետներ շպրտել հանդիսատեսի ուղղությամբ:

Նախարարության դժգոհությունը կանխեց ներկայացման երկրորդ ցուցադրումը, որի տոմսերն արդեն վաճառված էին: Երկրորդ ներկայացման լինելու կամ չլինելու հարցը ներկայացման սկզբից մեկ ժամ առաջ էր որոշվում: «Բրիտանական խորհրդի» ներկայացուցիչներն ու անձամբ Նայջել Չարնոքը եկել էին Ստանիսլավսկու անվան թատրոն` պարզաբանումներ տալու, ներողություն հայցելու համար: Նաեւ` վստահեցնելու, որ վիճահարույց դրվագներն անպատճառ հանվելու են ներկայացումից: «Ես չգիտեի, որ դրոշի դրվագը կարող է քրեորեն հետապնդելի լինել ու դիտվելու է որպես վիրավորանք: Երկու պետությունների դրոշը կողք կողքի դնելով, ես ուզում էի ընդգծել մեր բարեկամությունն ու ընկերությունը, քանի որ իմ ներկայացումը սիրո մասին է: Գիտեմ, որ Անգլիայում չի կարելի այրել դրոշը, ես չեմ այրում դրոշը, բայց այն օգտագործում եմ ներկայացման մեջ»,- ասաց Նայջել Չարնոքը, ով ոչ մեկին տեղյակ չպահելով, դրոշը գնել է Երեւանի Հանրապետության հրապարակի խանութներից մեկում: «Բրիտանական խորհրդի» եւ դերասանի արդարացումը կարծես թե ընդունվում էր Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի եւ նախարարության կողմից, սակայն խնդիրն անփորձանք արխիվ ուղարկելու ցանկությունն այնքան մեծ էր, որ անգլիացուն ոչինչ չէր մնում, քան ինքնակամ հրաժարվել ներկայացում խաղալուց: Պարզվեց, որ «Ֆրանկ» ներկայացման լուսային համակարգն ապամոնտաժվել էր դեռ վաղ առավոտյան, ջնջվել էր նաեւ լուսային պարտիտուրան, իսկ թատրոնի բեմում տեղադրվել էր Ստանիսլավսկու թատրոնի խաղացանկային ներկայացման դեկորացիան: Մեկ ժամում վերականգնել ներկայացումն անհնար է դարձել արդեն ոչ միայն գաղափարական ու բարոյական տեսակետից, այլեւ` զուտ տեխնիկական պատճառներով: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն ուրախ էին, որ ազատվել են այդ «գլխացավանքից», որն Ա.Գրիգորյանը «տաղանդավոր, բայց սարսափելի խուլիգանություն անվանեց», որը կարելի է պոռնոթատրոններում, բայց ոչ երբեք պետական թատրոնի բեմում խաղալ:

«ՀՀ դրոշի մասին» օրենքի համաձայն` դրոշը կարելի է բարձրացնել, իջեցնել, փոխանցել, տեղադրել միայն օրենքով սահմանված վայրերում, իրավիճակներում ու օրենքով սահմանված բարձրության վրա եւ համապատասխան դիրքով: Դրոշի գործածման արարողակարգը որոշում է ՀՀ կառավարությունը: Իսկ անգլիացի դերասանն առանց օրենքին ծանոթանալու էր դրոշն իր ներկայացման բուտաֆորիա դարձրել ու խախտել օրենքի միանգամից մի քանի կետեր: Այդ թվում` այն կետը, որը պահանջում է, որ ՀՀ բարձրացված դրոշը «լինի ամբողջական, մաքուր ու չգունաթափված, դրոշի ներքեւի մասն էլ պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա»: Ո՞վ գիտի` մաքրության ո՞ր աստիճանի էր այն դրոշը, որը ներկայացման ընթացքում հայտնվել էր բեմի հատակին: Ու թեեւ ՀՀ Մշակույթի նախարարության արդարացի ցասումն առաջացրած անգլիացի դերասանն ընդունել էր իր բոլոր մեղքերն ու խոստացել հայ հանդիսատեսին այլեւս պրովոկացիայի չենթարկել, ներկայացումը, այսուամենայնիվ, չկայացավ: Իսկ ներկայացման տոմսեր գնած հանդիսատեսն այդ մասին իմացավ ներկայացման սկզբից մի քանի րոպե առաջ: Հետաքրքիր է, որ այդ որոշումը նախարարությունը դիտարկում է միայն պետական շահերից ելներով, եւ մոռանում է հանդիսատեսի իրավունքների մասին, որն, ի դեպ` պետություն-անհատ վեճի շնորհիվ սպասվածից ավելի մեծաքանակ էր:

Մի կողմ դնելով ներկայացման գեղագիտությունը, որն Ա.Գրիգորյանի կարծիքով` «հակագեղագիտական» է, իսկ ներկայացումը դիտած շատ հանդիսականների կարծիքով` ուղղակի անբարոյական, ավելորդ չի լինի հիշել նաեւ ՀՀ քաղաքացիների այն իրավունքի մասին, որի համաձայն` անհատն ինքը կարող է որոշում կայացնել եւ խոսքի ազատության պայմաններում իրեն իրավունք վերապահել դիտել կամ չդիտել ներկայացումը: Մանավանդ, երբ դրա համար նա գումար է վճարել ու եկել-հասել է թատրոն` պատրաստ չլինելով դեմ դիմաց կանգնել պետության շահերից ելնող գրաքննության առաջ:

Հ.Գ. Երեկ երիտասարդ արվեստագետների մի խումբ նամակ է տարածել, որտեղ Մշակույթի նախարարության` անգլիացի դերասանին բեմից զրկելու որոշումն անվանել են «վետո ազատության» եւ «ապտակ արվեստին»: «Աշխարհում արվեստը վաղուց արդեն ազատագրված է», իսկ մեր երկիր է վերադառնում «տոտալիտար մեքենան»: «Այդպես մուտք է գործում ֆաշիզմը»,- գրված է նամակում: