Բաղադրությունը: Ջուր՝ 75-80%, շաքարներ՝ 18-20%, գինեթթու՝ 0,6-0,7%, խնձորաթթու՝ 0,4-0,6%, ազոտային նյութեր՝ 0,3-0,5%, հանքային նյութեր՝ 0,7-0,12%, այլ օրգանական թթուներ, կալիումի, կալցիումի, երկաթի աղեր, դաբաղանյութեր, ներկանյութեր, բազմաթիվ վիտամիններ, բջջաթաղանթ, օսլա, պեկտինային նյութեր: Տերեւները պարունակում են 2% շաքար, վիտամին C եւ այլ արժեքավոր միացություններ:
Կիրառությունը: Չհասունացած պտուղների հյութը կարելի է օգտագործել ջերմությունն իջեցնելու, անգինայի, բերանի խոցի, արյունաթքության դեմ: Կորիզներն ու պտղի կեղեւը լուծի դեմ են, իսկ չամիչը՝ հազի, միզափամփուշտի հիվանդության, թոքերի, անոթների եւ լյարդի հիվանդությունների դեմ է: Խաղողի հյութն օժտված է ծարավը հագեցնող հատկությամբ, օգնում է դիզենտերիայի, քարային հիվանդությունների եւ ախորժակի բացակայության դեպքում: Խաղողի հյութը նաեւ լավ միզամուղ միջոց է: Տերեւներից ստացված ալյուրի 2-4 գրամը խմելը բուժում է արգանդային արյունահոսությունները: Խաղողը շատ լավ միջոց է նաեւ սակավարյունության բուժման համար:
Հերպինը, համեմատելով խաղողի հյութի եւ մայրական կաթի բաղադրությունները, եկել է այն եզրակացության, որ նրանք գրեթե իրարից չեն տարբերվում:
Խաղողի մոնոդիետան կարելի է կիրառել 10-15 օրով` ուժասպառության, թոքախտի, քրոնիկական բրոնխիտի, սակավամիզության, սակավարյունության, փորկապության, թութքի, ստամոքսային հիվանդությունների դեպքում: Ընդհանրապես այս բուժումից օրգանիզմը միմիայն օգուտներ է քաղում: Գիտական բժշկությունը խաղողն օգտագործում է ախորժակի կորստի, նյութափոխանակության անկման, նյարդային համակարգի հյուծվածության, նեֆրիտի, թոքախտի դեպքում: Խաղողից ստանում են «նատուրոզա» դեղամիջոցը, որն օգտագործվում է ներերակային ներարկումների ձեւով` արյան կորստի, կոլապսի, շոկի դեպքում: Եթե խաղողային բուժումը մոնոդիետայի տեսքով չի տրվում, ապա բուժման կուրսը պետք է տեւի 3-4 շաբաթ: Այս դեպքում խաղողի օրական նորման պետք է սկսվի 1 կգ-ից եւ հասցվի 2-3 կգ-ի, առավոտները կարելի է խմել 1-2 բաժակ թարմ հյութ` սոված վիճակում:
Սպիտակ քաղցր խաղողն օգտակար է շնչառական հիվանդությունների (հազի), սեռական անկարողության, իսկ եփված հյութը (դոշաբ)` ստամոքսի խոցի, երիկամների ու միզափամփուշտի հիվանդությունների դեպքում: Եթե գարնանը խաղողի ճյուղը կտրեք եւ հավաքեք դուրս եկող հյութը եւ խառնեք գինու հետ` կլուծի քարերը, իսկ մաշկին քսելու դեպքում (նախապես սոդայաջրով լվանալ) կբուժի էկզեման: Ճյուղից դուրս եկող հյութը ձիթապտղի յուղի հետ նպաստում է մազերի աճին: Երիտասարդ ընձյուղներն ամրացնում են ստամոքսը: Ճյուղերից ստացված մոխիրը քացախի հետ խառնած վիճակում բուժում է թութքը: Չհասած խաղողի հյութը կարելի է կաթեցնել աչքի մեջ. այն բուժում է կոպերի բորբոքումը:
Խաղողը մեղրի պես արագորեն թափանցում է արյան մեջ: Ինչպես մյուս մրգերը, այնպես էլ խաղողն անհրաժեշտ է ուտել սոված փորին, կամ ուտելուց 2-3 ժամ հետո: