Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի բանակցային սեղանին դրված փաստաթուղթը բավարարում է Հայաստանին: Այս մասին երեկ Հաագայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների կողմից բանակցային սեղանին է դրվել մի առաջարկ, որը մենք տրամաբանական ենք համարում: Եթե այդ փաստաթղթի բովանդակության ոգով գնանք հարցի լուծմանը, ապա կստանանք մի լուծում, որը չի հակասի մեր ազգային շահերին: Այսինքն` մենք ապահոված կլինենք ԼՂ ժողովրդի ինքնորոշումը, ապահոված կլինենք նրանց անվտանգությունը, ինչպես նաեւ ԼՂ-ի անխափան կապը Հայաստանի հետ: Այս երեք դրույթներն այդ փաստաթղթում ամրագրված են»,- ասել է Օսկանյանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հայտարարությունները, ինչը բացասաբար է ազդում մթնոլորտի վրա: «Համենայնդեպս, ասեմ, որ դա մեզ որեւէ կերպ չի վախեցնում, չի շեղում մեր որդեգրած ճանապարհից: Մեր բանակը, որի 15-ամյակն օրերս մեծ շուքով տոնեցինք, բավական ամուր է, ինքնավստահ, լավ պատրաստված: Մեր պաշտպանական դիրքերն ամուր են, եւ չենք կարծում, որ հաջորդ` առնվազն տասը տարվա ընթացքում, Ադրբեջանը համարձակություն կունենա որեւէ ոտնձգություն անելու Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ»,- հավելել է Վ. Օսկանյանը: