Մեր տեղեկություններով` «Vedanta resources» ընկերությունը պատրաստվում է վաճառել «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ): Ավելի ճիշտ՝ ՀՀ իշխանություններն են ստիպում վաճառել: Օրեր առաջ Սոչիում ՀՀ եւ ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը հայտարարեցին, թե Ռուսաստանը մտադրություն ունի ներդրումներ կատարել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում: Եվ մեր տեղեկություններով` Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ԱՈԱՁ-ն Սոդքի ոսկու հարուստ հանքերով հանձնել ռուսներին: Ընդ որում, այս խոսակցությունը ԱՈԱՁ-ում շրջանառվում է արդեն 1 ամիս: Ընկերության ղեկավարները նույնիսկ իրենց աշխատակիցներին խորհուրդ են տվել նոր աշխատանք գտնել: Իսկ մի քանի օր առաջ էլ գործարանի հնդիկ ղեկավարների երեխաներն Աշտարակում գտնվող իրենց դպրոցում հայտարարել են, թե էլ դասի չեն գա, որովհետեւ գործարանը վաճառվում է, եւ իրենց ընտանիքները Հայաստանից մեկնելու են: ԱՈԱՁ-ի տնօրեն Վարդան Վարդանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: Սակայն ՀՀ իշխանությունների մտադրություններն արդեն ուրվագծվում են: Հիշեցնենք, որ անյալ տարի Բնապահպանության նախարարությունը ԱՈԱՁ-ում ստուգումներ էր անցկացրել եւ երկու անգամ մեծ քանակությամբ թաքնված ոսկու պաշարներ էր հայտնաբերել: Ընկերությունն այդ ակտերը բողոքարկել էր դատարանում եւ այժմ Բնապահպանության նախարարության հետ գտնվում է դատական պրոցեսների մեջ: Հիշեցնենք նաեւ, որ Սոդքի հանքաքարում ոսկու քանակը բավականին մեծ է՝ 1 տոննայի մեջ մոտ 8 գրամ: Եվ առաջիկա 12 տարիներին հնդիկ սեփականատերերը պետք է արդյունահանեին մոտ 50 տոննա ոսկի: Իսկ ոսկու գները միջազգային շուկայում գնալով բարձրանում են: