ՀԺԱՄ-ի ասուպային փայլը

07/02/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Փետրվարի 17-ին տեղի է ունենալու Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) հերթական համագումարը, ու հավանաբար հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ՀԺԿ-ն ի՞նչ ֆորմատով է մասնակցելու ԱԺ առաջիկա ընտրություններին:

Իսկ այսօրվա դրությամբ՝ ՀԺԿ-ն ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի: Այս մասին երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԺԿ ներկայացուցիչ, ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա գնահատմամբ՝ ՀԺԿ-ն «բացարձակապես ԱԺ մտնելու պրոբլեմ չունի»: «Մենք ընտրություններին չենք մասնակցում, որ պարզապես ներկայացված լինենք ԱԺ-ում: Մենք ավելի լուրջ ենք նախապատրաստվել, ավելի լուրջ ակնկալիքներ ունենք: Մեր հնարավորությունները բարձր են»,- գտնում է Գ. Հարությունյանը: Նրա հավաստմամբ՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ այսօրվա իշխանություններին ազգաբնակչության 90%-ը չի սիրում: Նա նաեւ հայտարարեց, թե իրենց համար ընդունելի է ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի այն առաջակը, որ ընդդիմությունը միասնական մի կառույց ստեղծի, որն ինչ-որ իմաստով համակարգի ընդդիմության գործողությունները, որ, ասենք, ընդդիմադիր կուսակցությունները մի ընտրատարածքում իրար դեմ թեկնածուներ չդնեն:

Երեկ նույն ակումբում առաջիկա ընտրությունների մասին Գ. Հարությունյանի հետ բանավիճում էր «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» (ՀԺԱՄ) կուսակցության ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Սեյրան Ավագյանը: Վերջինս նախ տեղեկացրեց, որ հայ ժողովուրդը տեսել է, թե ինչ է աջ ծայրահեղականությունը, պայքարել է աջ ծայրահեղականության դեմ եւ հաղթել է: Պարզվեց, որ խոսքը ՀՀՇ-ի մասին է, որին Ս. Ավագյանը համարում է աջ ծայրահեղական կուսակցություն: Ս. Ավագյանի հաջորդ հայտարարությունից էլ պարզվեց, որ իր ղեկավարած կուսակցությունը 2003-ին եղել է «ՀՀ քաղաքացիների բացառիկ հետաքրքրության դաշտում»: Ավելի ուշագրավ էր Ս. Ավագյանի հաջորդ հայտարարությունը, որով նա իր անհամաձայնությունը հայտնեց այն գնահատականներին, թե «ՀԺԱՄ-ը, մի տեսակ, ասուպի պես մտավ քաղաքական ասպարեզ, մի փայլ արեց եւ քաղաքական ասպարեզը թողեց»: Որքան հիշում ենք, ՀԺԱՄ-ին ոչ ոք ասուպի հետ երբեւէ չէր համեմատել ու ինչ-որ փայլերի մասին էլ խոսք չէր եղել: Թե ո՞վ է նկատել ՀԺԱՄ-ի այդ ասուպային փայլն ու նման գնահատական տվել, Ս. Ավագյանը չասաց, բայց ասաց, որ ՀԺԱՄ-ը քաղաքական դաշտում «նոր տարածություն է բացել», ու այդ տարածքում այսօր քաղաքական շատ ուժեր կտեղավորվեն, եւ տեղավորվողներն էլ, ըստ ՀԺԱՄ-ի ղեկավարի, հաջողություն կունենան: Քիչ անց նա նշեց, որ իրենց բացած այդ տարածքում փորձում էր գործել ՕԵԿ-ը, փորձում է ՄԱԿ-ը, եւ մեծ թափով այդ տարածք է մտել «Բարգավաճ Հայաստանը»: Իսկ ի՞նչ են արել իշխանությունները նախորդ 4-5 տարիներին, որպեսզի առաջիկա ընտրությունները նախորդներից դրականորեն տարբերվեն: Ըստ Ս. Ավագյանի, իշխանության արածը «սահմանադրական բանաձեւումների մեջ կա», մասնավորապես, ըստ նրա, մեծացել է խորհրդարանի դերը: «Խորհրդարան գալու հետաքրքրությունը շատ ավելի թանկարժեք է դարձել»,- առանց կոնկրետ գին նշելու՝ տեղեկացրեց ՀԺԱՄ-ի ղեկավարը: Վերջինս, սակայն, գտնում է, որ ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործող կարգը ճիշտ չէ: «Այս մեթոդով ՀՀ-ում, ինչպես բազմիցս տեսել ենք, չենք կարողանում ապահովել հանձնաժողովի անկախությունը»,- նշեց նա: Իսկ ումի՞ց են կախված այդ հանձնաժողովները: Ո՞վ է կեղծում ընտրությունները: Գ. Հարությունյանի այս հարցին էլ Ս. Ավագյանը պատասխանեց. «Ով այդ պահին կեղծելու շահագրգռվածություն ունի, նա էլ կեղծում է: Ցանկացած տեղ, երբ ընտրությունը կեղծելու հնարավորություն է առաջանում, տեսնում ենք՝ ոչ մի ուժ էլ գայթակղությանը չի դիմանում»: Իսկ Գ. Հարությունյանը հայտարարեց, որ մեր երկրում բոլոր ընտրությունները՝ սկսած նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից, կեղծվել են նախագահական նստավայրից: «Միանշանակ այնտեղից է ցուցումը: Ինչի՞ մասին է խոսքը,- ասաց նա ու նշելով, որ Սահմանադրության 2-րդ հոդվածում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ավելացրեց,- Հեղաշրջումը մեր երկրում տեղի է ունեցել: Այսօրվա իշխանությունը ձեւավորվել է հեղաշրջման արդյունքում, երբ ժողովրդից խլել են իշխանությունը: Հիմա պետք է երկրում վերականգնել սահմանադրական կարգը: Երբ ժողովուրդը դուրս կգա, չի համակերպվի այս ամենի հետ, մենք առաջից գնացող ենք»: Սակայն թե ինչո՞ւ էին 2003-ին փողոց դուրս եկած 100 հազարավոր մարդկանց տուն ուղարկում՝ նրանց առջեւից գնալու փոխարեն՝ Գ. Հարությունյանը չասաց: Բայց հերթական անգամ հայտարարեց, որ երկրում իշխանությունը զավթվել է մի խումբ օլիգարխիկ, քրեածին, հանցագործ խմբի կողմից, եւ պետք է իշխանությունը ետ տալ ժողովրդին: «Ինչպես ցանկացած նորմալ քաղաքական ուժ, բնականաբար, մենք նույնպես, մեր անցած փորձից արել ենք մեր հետեւությունները»,- վստահեցրեց ՀԺԿ ներկայացուցիչը: Ըստ նրա, հանձնաժողովներում իրենց անդամների ու վստահված անձանց միջոցով փորձելու են կանխել «թվանկարչությունն» առաջիկա ընտրություններում: Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում վերջերս Ս. Դեմիրճյանի ունեցած ելույթին, որտեղ նա ասել էր, թե սահմանադրական փոփոխությունը «բավարար չէ ժողովրդավարության զարգացման եւ ամբողջ հասարակության զարգացման համար»՝ Գ. Հարությունյանը նշեց, թե Դեմիրճյանի ելույթը ճիշտ չի ներկայացվել: «Այնտեղ ասվել է, որ անընդունելի է, որ անգամ բարեփոխումն իրականացվում է անօրինական ճանապարհով»,- ասաց Գ. Հարությունյանը՝ ավելացնելով, թե հենց իրենք գան իշխանության, իրենց առաջին իսկ քայլը լինելու է օրինական Սահմանադրության ընդունումը: