Ըստ «Transparency International Armenia»-ի անցկացրած` կոռուպցիայի հասարակական ընկալմանը վերաբերող հարցման արդյունքների, Հայաստանի 10 քաղաքացիներից 9-ը համարում են, որ կոռուպցիան «հիմնախնդիր կամ մեծ հիմնախնդիր» է` իրավիճակի բարելավման լուծումը տեսնելով ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու մեջ: «Ինձ ուրախացնում է, որ մարդիկ գիտակցում են ընտրական գործընթացի կարեւորությունը կոռուպցիայի դեմ պայքարում եւ դիտարկում են որպես մի գործիք` իշխանություններին հաշվետու պահելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է կազմակերպության ղեկավար Ամալյա Կոստանյանը: Ըստ նրա, ավելի շատ մարդիկ են նշել, որ իրենց համար անընդունելի է կաշառակերությունը: Գնահատականներում ընտրական համակարգը նշվել է որպես առավել կոռումպացված կառույցներից մեկը: «Մարդիկ անարդյունավետ են համարում իշխանությունների հակակոռուպցիոն գործունեությունը»,- ասել է Ա. Կոստանյանը: Հարցվածների 64%-ը համոզված է, որ կոռուպցիայի մակարդակն աճել է վերջին 3 տարվա ընթացքում, եւ այս կարծիքին հանգած մարդկանց կեսն էլ համոզված է, որ այն աճել է զգալիորեն: Հարցման արդյունքներով, ամենակոռումպացված ինստիտուտներ են համարվել նախագահը, որին կոռումպացված է համարել հարցվածների 60%-ը, վարչապետը, նախարարները: Առավել կոռումպացված ոլորտներ են համարվել Պետավտոտեսչությունը, ընտրական համակարգը, Հարկային ծառայությունը: Պատահական ընտրանքով անցկացված հարցումն ընդգրկել է 1500 տնային տնտեսություններ Հայաստանի 31 քաղաքներում եւ 40 գյուղերում: