Ինչպե՞ս են հայերը պատրաստվում ընտրություններին

03/02/2007 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

«168 Ժամ» թերթի նախորդ համարի «Նոր ձեւաչափ» հասարակական կազմակերպության ներդիրում մի հոդված էր տպագրվել, որտեղ առաջարկվում էին ապագա խորհրդարանական ընտրություններում հայրենի կուսակցությունների հնարավոր կարգախոսները: Նախ ուզում եմ շնորհավորել հոդվածի հեղինակին եւ, եթե ճիշտն ասեմ, շատ եմ ափսոսում, որ այդ միտքն ու տողերն իմը չէին:

Բայց ոչինչ: Որովհետեւ, եթե հաշվի առնենք, որ տարիների ընթացքում մեր պառլամենտը դարձավ «պառլամենտ լայթս», եւ միտումն այնպիսին է, որ շուտով այն կվերածվի «սուպերլայթսի», ապա ամեն ինչ դեռ առջեւում է:

Իսկ ընտրություններին մեր քաղաքական ուժերն այս տարի շատ «լրջով են» պատրաստվում: Տողերիս հավաստիությունը հաստատում է այն փաստը, որ մեր քաղաքական գործիչները սկսել են ոչ միայն հետեւել դասականներին, այլեւ կյանքում կիրառել վերջիններիս խորհուրդները: Օրինակ, Կեսարի «Բաժանիր, որ տիրես» հայտնի արտահայտությունը մեր քաղաքական գործիչները հաստատ ինչ-որ տեղ լսել են կամ կարդացել (ինչը քիչ հավանական է), որովհետեւ բոլորը սկսել են բաժանել: Բաժանում են ինչ պատահի, ում պատահի եւ որտեղ պատահի: Կարտոֆիլ, փող, բուկլետ, համակարգիչ, պարարտանյութ, տուկի թել: Իսկ եթե ՁԻԱՀ-ի դեմ պայքարող միջազգային կազմակերպությունները միանան մեր նախընտրական պայքարին, ապա չի բացառվում, որ կսկսեն բաժանել նաեւ պահպանակներ:

Իսկ եթե փորձեմ շարունակել «Նոր ձեւաչափ»-ի ոճով եւ կարճ ձեւակերպեմ թեման հայաստանյան բոլոր կուսակցությունների համար, ապա կստացվի հետեւյալ պատկերը.

Հանրապետական կուսակցություն – որպես «քյոյնա» խորհրդարանական կուսակցություն` ընտրություններին պատրաստվում է բոլոր ֆրոնտներով: Ի տարբերություն մնացած կուսակցությունների՝ առայժմ ոչ թե բաժանում է, այլ հավաքում. առայժմ սկսել է օլիգարխներից:

«Բարգավաճ Հայաստան» – ընտրություններին պատրաստվում է «Շատ ըլնի, քիչ չըլնի»՝ սկզբունքով, որի հետեւանքով գրասենյակների քանակով զիջում է միայն խորհրդային «Խնայբանկի» մասնաճյուղերին: Կուսակցության անդամների քանակը շուտով կհավասարվի վերջին մարդահամարի թվերին:

ՀՅԴ – որպես ավանդական կուսակցություն, ընտրություններին պատրաստվում է ավանդական ձեւերով՝ բացում են Դրոյի անվան հերթական կառույցը:

ՕԵԿ – Նախընտրական ողջ բյուջեն բաժանվելու է երկու մասի: Մաս առաջին` Ավստրիայի, Ալբանիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ստամբուլի եվրոպական մասի թերթերին Արթուր Բաղդասարյանը վճարովի հարցազրույցներ է տալու, որոնք հետագայում վճարովի կտպագրվեն հայկական մամուլում: Մաս երկրորդ` պոպուլիզմ, որն այս անգամ ուղղված կլինի ոչ թե ժողովրդին, այլ սեփական կուսակցության այն անդամներին, որոնք պատրաստվում են լքել Արթուրին:

Հայաստանի ժողովրդական կուսակցություն – Պատրաստվում է դուրս գալ այն «տուպիկից», ուր նրանց տարավ սահմանադրական ճանապարհը: Չի պատրաստվում իր հետ բալաստ վերցնել:

«Ազգային Միաբանություն» – Չնայած «Ազգային Միաբանությունը» ՀՅԴ-ի նման ավանդական կուսակցություն չէ, բայց ընտրություններին պատրաստվում է իր ավանդական ձեւերով` «Ով շատ փող տա, նրան էլ հեռուստաեթերում կկրեմ»:

ՄԱԿ – Պատրաստվում են արդարացնել նախագահի հույսերը: «Զապաս» տարբերակն է` մեծամասնական մեկ մանդատը չեղածից լավ է:

«Դաշինք» – Դատելով նրանց գործողություններից, վերջիններս առայժմ «տիշե վոդի, նիժե տրավի»: Բայց, քանի որ նրանք «Իրավունք» ունեն, աշխարհը չունի, չի բացառվում «Վոզվրասչենիե տեռմինատորա» տարբերակը:

ՀՀՇ – Պատրաստվում են հերթական անգամ ցուցադրել իրենց ինտելեկտուալ հնարավորությունները: Բայց քանի որ մեր պետության մեջ ինտելեկտը դեռ չի գնահատվում, կարելի է ենթադրել, որ նրանք չեն անցնելու խորհրդարան: Այսինքն՝ հերթական անգամ ՀՀՇ-ն սխալ է:

«ԱԺՄ» – Նախընտրում է «քլնգել» բոլորին` եւ՛ իշխանությանը, եւ՛ նախկին իշխանությանը, եւ՛ «Ընտրական օրենսգիրքը» գովաբանող համանախագահներին: Մի խոսքով՝ պատրաստվում է ընտրություններին:

«Հանրապետություն» կուսակցություն – Ինչ-որ տեղից, ինչ-որ սիգնալի են սպասում: Նրանց խորհուրդ չի տրվում «BOSH» մակնիշի սիգնալ առաջարկել, որովհետեւ «BOSH»-ը եվրոպական է (իսկ դա Արթուր Բաղդասարյանի մոտ խանդի տեսարան կարող է առաջացնել):

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – Մի առիթով գրել էի, որ Արամ Գ. Սարգսյանը (իսկ ՀԴԿ-ն դա զուտ Արամ Գ. Սարգսյանն է), Հայաստանի ամենաինտելիգենտ եւ, միեւնույն ժամանակ, ամենաանիմաստ քաղաքական գործիչն է: Չեմ կարծում, որ այս անգամ Արա Աբրահամյանը որեւէ իմաստ է ավելացնելու:

«Նոր Ժամանակներ» – Ինչպես միշտ, պատրաստվում է արտահերթ ընտրությունների: Երեւի համոզվել է, որ եթե հերթ կանգնի, ապա հերթն իրեն չի հասնի:

Հայաստանի երիտասարդական կուսակցություն – Չի բացառվում, որ շուտով «Երկու աստղ» շոուի շրջանակներում Հայաստան կժամանի Վլադիմիր Ժիրինովսկին: Շոուն կհովանավորեն անկախ պատգամավորները: Ափսոս, որ Սադամ Հուսեյնին սպանեցին:

«Ժառանգություն» – Շուտ-շուտ գնում են Ամերիկա, որ «Հանրապետության» սպասված սիգնալը բերեն: Բայց այստեղ հարց է ծագում` «իրենց քյարը ո՞րն է»:

Մնացած կուսակցությունները, էական չէ, թե ոնց են պատրաստվում, որովհետեւ նրանց ոչ մեկը չի էլ հարցնում: Բայց ամենավատն այն է, որ ոչ ոք չի հարցնում նաեւ ժողովրդին: Դրա համար էլ ժողովուրդն ընտրություններին չի պատրաստվում: Բայց ժողովրդին պատրաստում են: Ուղղակի փորձը ցույց է տալիս, որ երբ ժողովուրդն ինքնուրույն չի պատրաստվում, այլ նրան պատրաստում են, կարող է լավ բան չստացվել: Որովհետեւ ժողովուրդը խմորեղեն չի, որ նրան պատրաստես: Կարող է այնպես ստացվել, որ մի օր էլ ուշադիր չլինես, ու վառվի: Իսկ «վառված» ժողովուրդն արդեն ինքն է ընտրություն պատրաստում:

Բայց ես լավատես եմ, եւ գիտեմ, որ ինչքան էլ «համը հանեն»՝ ժողովրդին չեն վառի: Ուղղակի կթողնեն, որ ժողովուրդն «ինքն իր յուղում տապակվի»: