«Կադաստրի գործի» նախաքննությունն ավարտվել է

03/02/2007

ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում ավարտվել է հայտնի «Կադաստրի գործի» նախաքննությունը: Այս գործը բացահայտվեց անցյալ տարի ամռանը: Հիշեցնենք, որ կադաստրի Երեւանի տարածքային բաժիններում 214 կեղծ վճարային անդորրագրերի հիման վրա գործարքներ էին գրանցվել:

Կադաստր էին ներկայացվել 1,5 մլրդ դրամի բանկային կեղծ անդորրագրեր, եւ այդ գումարը գրպանվել էր մի քանի կեղծարարների կողմից: Նախաքննության ընթացքում պարզվել է կատարված հանցագործության մեխանիզմը, բացահայտվել եւ հայտնաբերվել են կազմակերպված խմբի բոլոր անդամները: Դատախազությունը պարզել է, որ 2004թ. վերջերին Երեւան քաղաքի բնակիչներ Արմեն Համբարձումյանը, նրա որդիներ Վարդան ու Արմեն Համբարձումյանները եւ համակարգչային բնագավառի մասնագետ Տիգրան Մկրտչյանը ստեղծել են կազմակերպված խումբ, որը տեւական ժամանակ զբաղվել է կեղծ վճարային ու պաշտոնական փաստաթղթերի պատրաստմամբ եւ դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակությամբ: Արմեն Համբարձումյանը մշակել է անշարժ գույքի պետական գրանցման գործընթացում կադաստրային արժեքի վճարումները «մուրհակներով» եւ կադաստրային հին գներով կատարելու մասին տարբերակներ: Վարդան Համբարձումյանը զբաղվել է կազմակերպչական աշխատանքներով` հանցավոր խմբի անդամների գործունեության կոորդինացմամբ, գումարների ստացմամբ, բաշխմամբ, կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների եւ հումքի ձեռքբերմամբ, կեղծ վճարային փաստաթղթերի անմիջական իրացմամբ: Կրտսեր Արմեն Համբարձումյանին հանձնարարվել են բանկերում չնչին գումարների մուծման, ավտոմեքենայով կազմակերպված խմբի անդամների տեղափոխման, ինչպես նաեւ` առանձին դեպքերում ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում որպես լիազորված անձ հանդես գալու աշխատանքները:

Տիգրան Մկրտչյանը` որպես համակարգչային բնագավառի մասնագետ, իրականացրել է կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստումը: Նման եղանակով 2004-2006թթ. ընթացքում հայր եւ որդիներ Համբարձումյանները, ինչպես անձամբ, այնպես էլ հավաքագրված անձանց միջոցով 158 քաղաքացուց խաբեությամբ վերցրել են նրանց անշարժ գույքի պետական գրանցման համար անհրաժեշտ կադաստրային արժեքի գումարները: Այնուհետեւ «Առէկսիմբանկ», «Հայխնայբանկ» եւ «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերություններում սեփականատերերի անվամբ վճարել են չնչին` մոտ 1% գումար, որից հետո բանկերից ստացված վճարային իրական փաստաթղթերը փոխանցել են Տիգրան Մկրտչյանին: Վերջինս համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, նույն անդորրագրերի վավերապայմաններով կամ այլ տվյալներով պատրաստել է 214 կեղծ վճարային փաստաթուղթ, իբր թե գույքի կադաստրային արժեքն ամբողջությամբ մուծվել է: Արդյունքում Համբարձումյաններն ու Տիգրան Մկրտչյանը հափշտակել են 960.729.069 դրամ: Այս գործով մեղադրվողների նկատմամբ արդեն մեղադրանք է հարուցվել: Հայր Համբարձումյանի նկատմամբ վարույթը կարճվել է, որովհետեւ նա մահացել է: