Հայաստանի տնտեսության մասին գրող լրագրողները պարբերաբար ստիպված են անդրադառնալ հայ-ռուսական հարաբերություններին: Բազմաթիվ պատճառներով: Նախ` առաջին դեմքերն են շուտ-շուտ ու շատ-շատ հանդիպում: Հանդիպելուց էլ` պարբերաբար շեշտում են, որ տնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակ չունեն: Պուտին-Քոչարյան վերջին հանդիպումն էլ բացառություն չէր: Էլի խոսվեց այն մասին, որ Ռուսաստանը ներդրումային դիրքով զբաղեցնում է «ամոթալի երկրորդ տեղը»: Մեր արտաքին տնտեսական գործընկերների ցանկում Ռուսաստանն առաջին տարին չէ, որ «ամոթալի» երկրորդից չորրորդ տեղերում է: Մյուս պատճառը ՌԴ որքան իրական, նույնքան էլ իռացիոնալ ներկայությունն է մեր երկրի տնտեսական կյանքում: Արտաքին 1 մլրդ 200 մլն դոլար պարտք ունեցող Հայաստանն, արդեն երեք տարի է, Ռուսաստանից վերցրած վարկ չունի: 1990-ականների սկզբին վերցրած պարտքերը մինչեւ վերջին սենթը վերադարձվել են: Վերադարձվել են թե՛ կանխիկ փողի, թե՛ հանրահայտ «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի տեսքով: Դրան հետեւեց գազի թանկացման հաշվին Հայաստանի գազամուղի հանձնումը «ՀայՌուսգազարդին»: Այս գործողությունների արդյունքում Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգը համարյա ամբողջությամբ անցավ ռուսաստանյան ընկերությունների վերահսկողության տակ: Այսինքն` միայն խոշոր ու քիչ թե շատ արժեք ներկայացնող ձեռնարկությունները ձեռք գցելով էր Ռուսաստանին հաջողվում պահպանել ներդրումային «ամոթալի երկրորդ տեղը»: Ընդ որում, բոլորի համար էլ ակնհայտ է, որ գործարաններն իրենով անելով` ռուսական կողմը չի կատարում իր ներդրումային պարտավորությունները: Ռուսականացված ձեռնարկությունների մի մասն անխնա շահագործվում է, առանց վերազինման (լավագույն օրինակն էներգետիկայի ոլորտն է): Մյուս մասը համարյա փակված է (լավագույն օրինակ են «Մարսը»,«Մերգելյանը»): Իսկ «Արմենալ» դարձած հանրահայտ «Կանազ» գործարանում ներդրումային պարտավորություններն այնքան դանդաղ են կատարվում, որ ժամկետների մասին խոսելը պարզապես անլուրջ է: Այս ամենով հանդերձ, շատ տնտեսագետներ ՌԴ ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ համարում են վտանգավոր: Առաջին հերթին` ծավալների պատճառով: ՀՀ խոշոր ձեռնարկությունների Հարկային պետական ծառայության հրապարակած ցանկի առաջին երեք տեղը զբաղեցնում են ռուսաստանյան սեփականություն հանդիսացող ընկերություններ: Առաջինը մոտ 8 հազար աշխատակից ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է: Երկրորդը` «ՀայՌուսգազարդն» է` մոտ 5 հազար 200 աշխատակից: Երրորդը` «ԱրմենՏելը»` մոտ 5 հազար աշխատակից: Անցած տարի հենց «ԱրմենՏելը» հույներից գնելով` Ռուսաստանը ներդրում «կատարեց» Հայաստանում: Իսկ հիմա` մի շաբաթ առաջ կայացած ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո, խոսվում է Արարատի ոսկու գործարանի, Հայաստանի երկաթուղու նկատմամբ ռուսական հետաքրքրությունների մասին: Թե՛ Հայաստանում, թե՛ ԱՊՀ շատ երկրներում ՌԴ ընկերությունների ակտիվության հիմքում շատ տնտեսագետներ ավելի շուտ քաղաքական պատճառներ են տեսնում, քան տնտեսական: Տնտեսական գործընկերները տրամադրած վարկերի վերադարձման ժամկետների խախտման դեպքում գումարը «չորով» ետ չեն պահանջում: Պարտքի վերաձեւակերպումը տնտեսական գործընկերոջը հնարավորություն է տալիս լրացուցիչ փող աշխատել: Մինչդեռ երեք տարի առաջ Ռուսաստանն այլ կերպ վարվեց` պահանջելով կամ վերադարձնել վարկերը, կամ դրանք փոխհատուցել գույքով: Փորձագետներն առաջարկում են ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այդ շրջանում ՌԴ-ն լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք չուներ: Նավթի գների աննախադեպ աճից ստացած միջոցների հաշվին մեր ոխերիմ բարեկամը, ժամկետից շուտ, ինքն էր փակում իր արտաքին պարտքերը: Թե՛ միջազգային ֆինանսական կառույցներից, թե՛ փարիզյան ակումբի երկրներից վերցրած պարտքերը: Ի տարբերություն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների «ամոթալի երկրորդ տեղի»` Ռուսաստանը հայկական մամուլում հիշատակվող առաջին երկիրն է: Ցավոք, ՌԴ-ում հայերի սպանության դեպքերի քանակի եւ մեր երկրի հանդեպ վարվող կոշտ քաղաքականության պատճառով: Այս երկիրը հաճախ մեր մամուլում հիշատակվում է նաեւ տնտեսական զարգացման խոչընդոտ: Ռուսաստանը մեր հարեւան Վրաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով պարբերաբար փակում է սահմանները: Հայաստանի արտաքին բեռնափոխադրումներն իրականացվում են ռուսական լաստանավով: Անցած տարի ամանորյա տոներից առաջ շատ հայ գործարարներ վնասներ կրեցին: Տպագրական բիզնեսը եւս վտանգված էր` հնարավոր չէր թուղթ ներկրել: Այս բիզնեսի ներկայացուցիչների տված բացատրությունների համաձայն` լաստանավ բարձրացող ամեն բեռնատարի համար կաշառք էր պետք տալ: Ընդհանրապես կաշառքն իր ուրույն տեղն ու մասնաբաժինն ունի մեր երկրների տնտեսական հարաբերություններում: Հայկական այս կամ այն ընկերության վաճառքի միջազգային մրցույթներում ռուսական ընկերություններ շատ տնտեսագետների կարծիքով` շահում են այդ իսկ պատճառով: Ոչ թե ռուսաստանյան ընկերությունների առաջարկած պայմաններն են ավելի հարմար, այլ մեր ու այդ երկրի պաշտոնատարները կառավարման հմտություններ կուտակել են կաշառատվության միեւնույն մշակութային դաշտում: Դա, իհարկե, ռուսական կողմին չի խանգարում երբեմն-երբեմն մեծ եղբոր նման արդարացնել իր «ամոթալի երկրորդ տեղը»: Հիշո՞ւմ եք, անգամ Ազգային ժողովում ՌԴ պաշտոնական պատվիրակությունը մեր երկրների միջեւ եղած տնտեսական կապերն անբավարար որակելով` դա բացատրեց մեր տնտեսության կոռումպացվածությամբ: Տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ ստույգ գիտեն, թե ով ում որքան է տալիս ու ստանում: Ու հիմա ռուսական նոր ու հերթական ընկերության մուտքը հանքարդյունաբերության կամ տրանսպորտի ոլորտ հասարակական վարդագույն իլյուզիաների (տեսլականների) առիթ չի դառնա: