Մեծ Բրիտանիայի կառավարությունը մի քանի օր առաջ կլոնավորված ոչխար Դոլլիի ստեղծող գիտնական Յան Վիլմուտին թույլ է տվել մարդկային սաղմի կլոնավորման փորձերը շարունակել։ Դեռ 2002 թվականին Վիլմուտի գլխավորած գիտնականների խումբն ապացուցել էր, որ մարդկային սաղմի մեջ հայտնաբերած ցողունային կոչվող բջիջները կարելի է օգտագործել մարդու հյուսվածքների արհեստական աճեցման համար: Այդ բջիջների օգնությամբ գիտնականները հույս ունեն բուժել հենաշարժական ապարատի հիվանդությունները, որոնք անբուժելի են համարվում եւ փոխանցվում են սերնդեսերունդ: Մարդկային պտուղը պիտի օգնի շաքարախտի, Ալցհայմերի եւ Պարկինսոնի ծանրագույն հիվանդությունների բուժման միջոցը գտնելու գործում: Գիտնականները հայտարարել են, որ նպատակ չունեն ստեղծել մարդկային էակ, խոսքը գնալու է միայն սաղմի մասին: Մեծ Բրիտանիայում կլոնավորումն արգելված է, քանի որ պարզվել է, որ կլոնավորման եղանակով ստեղծված մարդն անպայման ինչ-որ լուրջ թերություն կունենա: Ոչխար Դոլլին, օրինակ, շատ արագ է ծերանում եւ տառապում է արթրիտով: Սակայն մարդկային սաղմը կարող է օգտագործվել փորձերի համար: