Մանր եւ միջին բիզնեսով զբաղվող մարդիկ, հիմնականում` առեւտրականները, բողոքում են, որ վերջին շրջանում Հարկայինն իրենց շատ է նեղում։ Ստիպում են ավելի շատ հարկեր վճարել։
Որպեսզի հասկանանք բանն ինչումն է, մի փոքր ետ գնանք։ Եթե հիշում եք, Ամանորից ընդամենը 10 օր հետո երկրի նախագահը, «տոնական տրամադրություններից եւ սեղաններից աշխատանքային վիճակի բերելու համար», իր մոտ հրավիրեց Հարկային եւ Մաքսային մարմինների աշխատակիցներին։ Եվ ասաց նրանց. «Չեմ կարծում, թե ճիշտ է անընդհատ Վերահսկողության ծառայության կողմից կատարվող ուսումնասիրությունների շնորհիվ հիշեցնել ձեզ, որ այս կամ այն ոլորտում ունենք մեծ ծավալի ստվերային տնտեսություն, եւ ձեր պարտքն է դրա դեմ պայքարել: Ես ծառայությունների ներսում բավարար չափի եռանդ դեռ չեմ տեսնում ստվերային տնտեսության դեմ պայքարի առումով: Կա բարելավում, բայց այն բավարար համարել այսօրվա իրավիճակում մենք չենք կարող: Այս տարի ավելի մեծ պահանջ է լինելու իմ եւ կառավարության կողմից ձեր աշխատանքների որակի նկատմամբ»: Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է, որ նրանց նկատմամբ այս տարի ավելի խստապահանջ են լինելու:
Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ։ Չէ՞ որ մարդիկ լավ էլ աշխատում են, եւ վերջին տարիներին բյուջեով նախատեսված մուտքերը կատարվում են։
Բայց պետք չէ մոռանալ, որ 2007թ. բյուջեն, ինչպես ասում են, «հավակնոտ» է. նախատեսված է հավաքել 80 միլիարդ դրամով ավելի հարկ։ Իսկ դա հեշտ գործ չէ։ Կարող է նաեւ հարց առաջանալ՝ ինչո՞ւ են այդքան մեծ թիվ որոշել, որ հիմա էլ ձեռքը կրակն ընկնեն։ Այս հարցն էլ ունի պարզ պատասխան։ Նախեւառաջ, որոշողը Հարկային մարմինը չէ, վերջինս ամենեւին էլ երջանիկ չի, որ իր վրա լրացուցիչ բեռ են դնում։ Սակայն, եթե երկիրն ամեն տարի արձանագրում է երկնիշ թվերով տնտեսական աճ եւ դա մտցնում միջազգային կառույցների աչքը, ապա պետք է բարի լինի համապատասխան չափով մեծ հարկեր հավաքել։
Նույն այդ հանդիպմանը Ռ. Քոչարյանը նշել է, որ հիմնական պահանջը լինելու է, թե ՀՆԱ-ի համեմատությամբ ինչ կարգի հարկային մուտքեր են ապահովվում: Նա նաեւ ասել է, որ թեեւ ցուցանիշները տարեցտարի լավանում են, բայց երբ համեմատում ենք մեր վիճակն այլ երկրների հետ, ապա «դուք վատ եք աշխատում: Այս տարվանից գնահատելու ենք ձեր աշխատանքը հենց այդ համեմատության մեջ»։
Եթե տնտեսությունն իրոք վագրաձեւ թռիչքներ արձանագրած լիներ, ապա խնդիրներ չէին ծագի։ Սակայն հիմա հարկահավաքներն ու մաքսահավաքները պետք է գլուխ կոտրեն՝ որտեղի՞ց ճարեն 80 միլիարդ դրամ։ Եվ որոշել են կրճատել ստվերը։ Իսկ ստվերը կրճատելու ամենահեշտ ձեւը մանր, «կռիշ» չունեցող գործարարներին կպչելն է։ Այսինքն, այնուամենայնիվ, մեր բարձրագույն իշխանությունները որոշել են, որ ստվերը պետք է մաքրել հենց մանր ու միջին գործարարների դաշտում։
Իսկ եթե մի փոքր վերլուծություն անենք, պատկերը պարզ կդառնա։
Նախ փորձենք պատասխանել այն հարցին, թե ստվերը ո՛ր հատվածում է։ Մամուլում բազմիցս նշվել է, որ 300 խոշոր հարկատուներն ապահովում են ընդհանուր հարկային մուտքերի մոտ 70%-ը։ Սա նշանակում է, որ պաշտոնական ՀՆԱ-ի 70%-ը ստեղծվում է հենց այս ոլորտում։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ստվերի 70%-ը նույնպես խոշոր բիզնեսում է։ Ամեն ինչ համամասնորեն։ Սակայն խոշոր բիզնեսի ստվերի դեմ պայքարը փոքր-ինչ «ուրույն» բնույթ է կրում։ Նրանց հետ շատ բարձր մակարդակով պարզապես համաձայնության են գալիս՝ ինչքան են վճարելու տվյալ տարում։ Այնպես որ, «պայքարել» բառն այստեղ շատ պայմանական է։ Իսկ «դերի մեջ» պետությունը մտնում է միայն փոքր եւ միջին ձեռներեցների դեպքում։ Որովհետեւ եթե փորձեն դիպչել խոշորներին, ապա այդ 80 միլիարդ թիվը որոշած մարդկանց շրջանակից ոչ հաճելի հեռախոսազանգեր կհնչեն ՀՊԾ հեռախոսներին։
Տեսեք ինչ է կատարվում։ Գաղտնիք չէ, որ տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը, թերեւս` 90%-ից ավելին, աշխատում է ստվերում։ Ոչ թե ամբողջությամբ, այլ նրա գործունեության մի որոշակի մասը պարզապես ցույց չի տրվում հարկային հաշվետվություններում։ ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը ժամանակին «168 Ժամին» տված հարցազրույցում նշել էր, որ ստվերն ավելի շատ գտնվում է հենց գրանցված, գործող բիզնեսում։ Այս վիճակը հայտնի է բոլորին, սակայն կտրուկ փոփոխություններ անելն այստեղ վտանգավոր է։ Եթե փորձեն մի քանիսին բերել հարկային դաշտ, նրանք պարզապես մրցակցությանը չեն դիմանա եւ կսնանկանան։ Եթե փորձեն բոլորին միաժամանակ «ստվերազերծել», դա արդեն կբարձրացնի դժգոհության շատ մեծ ալիք։ Սա ապացուցման կարիք չունի։ Հարկային ցանկացած տեսուչ, եթե մտքին տեղ լինի, կարող է մի ժամում տուգանել տասնյակ առեւտրային կետերի՝ կտրոնը չտալու համար։ Սակայն չեն անում։
Ստեղծվել է ինչ-որ «ստատուս-քվո» վիճակ։ ՀՊԾ պետ Ֆելիքս Ցոլակյանը «168 Ժամին» տված հարցազրույցում նշել էր, որ ներկայումս չկա մի օբյեկտ, որտեղ հարկային տեսուչ չմտնի։ Այսինքն, ամբողջ դաշտը գտնվում է Հարկայինի հսկողության տակ։ Սակայն հարկային տեսուչներն ու տնտեսվարողներն աշխատում են «կոմպրոմիսի» շրջանակներում։ Միասին որոշել են՝ այսքանը` տեսուչին, այսքանը` բյուջեին։ Հիմա վիճակը փոխվում է։ Բյուջեի բեռն ավելացել է 80 միլիարդով, այդ գումարը բաշխվել է Հարկայինի տարբեր ստորաբաժանումների վրա։ Տարածքային հարկային աշխատողներն էլ ստիպված են «բացատրական աշխատանքներ» տանել իրենց տնտեսվարողների հետ։ Պարզ ասած՝ ստիպում են, որ ավելի շատ վճարեն, ինչն էլ դժգոհություն է առաջացնում։ Իսկ այս վիճակը միշտ էլ շարունակվելու է։ ՀՆԱ-ն աճելու է, միջազգային կառույցները պահանջելու են, որ դրան համապատասխան չափով աճեն նաեւ հարկերը, տնտեսվարողներն էլ ստիպված են լինելու ավելի ու ավելի շատ վճարել։
Միգուցե սրան կարելի է դրական նայել, այն պատճառով, որ ստվերը գնալով կկրճատվի։ Սակայն ստվերի կրճատումը պետք է սկսել ավելի վերեւներից։ Իսկ ամենահետաքրքիր եզրահանգումն այն է, որ սա ապացուցում է մեր տնտեսական աճի բլեֆ լինելը։
2007թ. համար նախատեսված է 80 միլիարդով ավելի հարկային մուտքեր։ ՀՊԾ-ն ստիպում է շատ հարկ վճարել՝ այսինքն՝ ավելի մեծ շրջանառություն ցույց տալ։ Դա բերում է նրան, որ տնտեսվարողների կողմից ցույց տրվող շրջանառությունը մեծանում է։ Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունը հավաքելով այս տվյալները՝ վերջում մեզ ներկայացնում է երկնիշ տնտեսական աճի մասին տպավորիչ ցուցանիշներ։
Եվ այստեղ էլ բացահայտվում է մեր տնտեսության աբսուրդը՝ մեզանում ոչ թե տնտեսական աճն է ավելացնում հարկային մուտքերը, այլ հակառակը՝ հարկային մուտքերի ավելացումն է մեծացնում տնտեսական աճի մասին թվերը։ Միայն թվերը, եւ ուրիշ ոչ։