«Յոգուրտային կուլտուրական կենդանի» անհայտ լեզվով կազմված նախադասությունը ծանոթ է գոնե նրանց, ովքեր հեռուստացույց դիտելիս երբեմն գովազդներ էլ են դիտում: Հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումները, գովազդները, ցուցանակներն այսօր կազմվում են հենց այս լեզվով, որը, թեպետ շատ հեռու է հայերենից, սակայն «հոգեհարազատ» մեր երիտասարդությանը:
«2007թ. պաշտոնապես հայտարարված է Հայոց լեզվի անաղարտության տարի»,- երեկ Ժուռնալիստների միությունում հայտարարեց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության (ԼՊՏ) պետ Լավրենտի Միրզոյանը: Տեսչությունն, իհարկե, տարվա շրջանակներում միջոցառումների «հստակ ծրագիր» է մշակել, որի «հստակությունը», թերեւս, միայն քանակական բնույթ է կրելու։ Որովհետեւ լեզուն մի տարվա ընթացքում չէ անաղարտ դառնում, եւ նմանատիպ միջոցառումները, որպես կանոն, բյուջեից փող կորզելու միջոց են դառնում։ Կլինեն գիտական նստաշրջաններ, պատանի ընթերցասերների մրցույթ կկազմակերպվի, եւ այլն, եւ այլն: «Այդ ընթացքում մենք մեկ անգամ եւս կփառաբանենք մեր հայրենի լեզուն»,- ասում է Լ. Միրզոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքան օտարամոլ ենք դարձել, եւ թե ինչպես են «ՀՀ-ում հայտնվում օտարածին հրապարակային գրվածքներ, թուրքատառ գովազդային պաստառներ»։ Լ. Միրզոյանի կարծիքով` 2006թ. մոտ 32 տնտեսվարող կառույցներ առաջին ատյանի դատարանների կողմից ենթարկվել են 4 միլիոն 500 հազար դրամի չափով տուգանքի՝ վերոնշյալ խախտումների համար։ «ԼՊՏ-ը իր գործունեության հիմնական նպատակն է համարում հայերենի գերակայության ապահովումը հասարակության բոլոր շերտերում՝ դա դիտարկելով՝ ազգային անվտանգության խնդիր,- ասում է Լ. Միրզոյան ու ավելացնում,- ազգովի պետք է մտածենք, որ լեզվի պահպանությունը բոլորիս սրբազան պարտքը պետք է լինի»։ Որպես ձեռքբերում` նշվում է, որ Microsoft-ի հետ համագործակցության արդյունքում արդեն այս տարի համակարգչային, խաղային ծրագրերը հայերեն լեզվով կլինեն, ինչպես նաեւ բջջային հեռախոսների մենյուն կունենա հայերեն տարբերակ։ Ո՛չ օտարամոլությանը, եւ կեցցե՛ հայոց լեզուն։ Այստեղ պետք է մի նրբություն հաշվի առնել. խոսքը ո՞ր հայերենի մասին է, այն որ հնչում է «այ նիվուլիկ» գովազդի ժամանա՞կ, թե՞ այն, որը սովորում ենք դպրոցում։
«Ի՞նչ լեզու ենք փոխանցում մեր ապագա սերնդին» հարցը շատ է մտահոգում ԼՊՏ պետին, նա առաջարկում է «անողոք պայքար մղել լեզվական աղավաղումների դեմ»։ Բայց երբ հարցնում ես, ո՞վ եւ ինչպե՞ս պետք է այդ «պայքարը մղի», հիշում է, որ «լեզվի տեսչությունը չի կարող իր սակավաթիվ աշխատակազմով այդ հսկա աշխատանքը կատարել»։ «Այստեղ ես ակնկալում եմ բուհերի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ԶԼՄ-ների աջակցությունը»,- ասում է նա։ Մեր այն հարցին, թե արդյոք նույն ԶԼՄ-ները չե՞ն այսօր ամենապոպուլյար, մեծ պահանջարկ վայելող հաղորդումների («Կարգին հաղորդում» (Արմենիա TV), «Վերվարածյաններն ընտանիքում» («Շանթ»), «Ֆուրոր» («Արմենիա»), «Իմ Արեւ» (Դար 21)) հեռարձակողները, ԼՊՏ պետն ասում է, թե «Եթերից հնչող լեզուն ԼՊՏ-ի խնդիրը չէ, այլ տվյալ ԶԼՄ-ի ղեկավարության։ Պատասխանատվությունը կրում է յուրաքանչյուր ԶԼՄ-ի ղեկավար»։ Էլ ի՞նչ օգնություն եք ակնկալում հեռուստաընկերությունից. իր սեփականն է, ինչ կուզի՝ կանի։ Հատկապես, որ այս դեպքում հսկողություն չկա, ավելի շուտ` կա, բայց հենց ինքն էլ պետք է իրեն վերահսկի։ Էլ չենք ասում, թե ինչ մեծ պահանջարկ ունեն այս հաղորդումներն ու ինչքան գովազդ են բերում տվյալ հեռուստաընկերությանը։
«Եթերից հնչում է փողոցային լեզու, լույս են տեսնում գրքեր, թերթեր, որոնք ուշադրություն չեն դարձնում տպագիր մամուլի լեզվին»,- մտահոգված է ԼՊՏ-ն։ «Անողոք պայքար» եւ «Լեզվի անաղարտության տարի» արտահայտությունները դառնում են փուչիկ, եթե խնդրի դեմ պայքարելու միջոցներ չեն ստեղծվում։ Էլ չեմ ասում, որ 1 ժամ ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ այդպես էլ չնշվեց հստակ անուն, կառույց, որ պետք է պատասխանատվություն կրի այս ամենի համար։ Իհարկե, բոլորս ենք պատասխանատու մեր լեզուն մաքուր պահելու համար։ Բայց բոլորս հսկիչ լինել չենք կարող, չէ՞։
Մենք այսօր խոսում ենք օտարամոլության վտանգի մասին՝ ասելով, թե օտար լեզվով է գովազդը, բջջային հեռախոսի մենյուն հայերեն չէ, հաղորդումները փողոցային լեզվով են, «անողոք պայքարներ ենք մղում», սակայն այս ամենը հավասարվում է զրոյի, երբ Ազգային ժողովում լսում ենք մեր պատգամավորների «փայլուն» ելույթները, որոնք շատ հաճախ ոչնչով չեն տարբերվում փողոցային «ռազբիրատներից»։ Անիմաստ է անգամ խոսել այն մասին, որ տարիներ շարունակ մեր երկրի չինովնիկներից շատերն այդպես էլ հայերեն խոսել չսովորեցին։ Էլ ի՞նչ պայքարի կամ «Հայոց լեզվի անաղարտության տարի» հայտարարելու մասին է խոսքը։
Հ.Գ. Փետրվարի 21-ը հայոց լեզվի միջազգային օրն է։ Այս տարի այն երրորդ անգամ կնշվի պետական մակարդակով։ Մեկնարկը կտրվի ԼՂՀ-ից։