Առողջապահության նախարարությունը (ԱՆ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF), Հազարամյակի հայ մանուկների պատվաստման հիմնադրամը (MACVF) եւ «VivaCell» ընկերության ներկայացուցիչները «Գոլդեն Թյուլիպ Երեւան» հյուրանոցում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Պաշտպանեք երեխաներին կարմրուկից՝ միացեք մեր կոչին» կարգախոսով եւ կրծքներին կրելով վարդերով ներարկիչներ, երեկ ազդարարեցին Հայաստանում կարմրուկի վերացման ռազմավարական ծրագրին մասնակցելու իրենց պատրաստակամությունը:
«VivaCell»-ը 40 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար) տրամադրեց 2007-2009թթ. MACVF-ի կողմից աջակցվող կարմրուկի դեմ պայքարի արշավին, որի նպատակն է` 2/3-ով նվազեցնել կարմրուկից մահացության դեպքերը: «Կարմրուկը մնում է ողջ աշխարհի երեխաների ամենամեծ սպառնալիքներից մեկը: 1990-ական թվականներից սկսած կարմրուկից մահացությունը նվազել է մոտ 60 %-ով, ինչը խոշոր ձեռքբերում է առողջապահության բնագավառում: Հայաստանում կարմրուկի վերացման ճանապարհին մենք կիրառում ենք այն մոտեցումները, որոնք հաջողության գրավական են դարձել այլ երկրներում: Ավելի քան 50 տարի UNICEF-ը համագործակցում է մասնավոր սեկտորի հետ: Այդ պատճառով ողջունում ենք «VivaCell»-ի հանգանակությունն այս կարեւոր գործին»,- նշեց UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչ Շելդոն Յեթը:
Պատվաստումների ՀՀ ազգային օրացույցի համաձայն, կարմրուկը 9 կառավարելի վարակիչ հիվանդությունների շարքում է: Կարմրուկի վերաբերյալ միջազգային վիճակագրությունը շատ տխուր է: Այսպես, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), կարմրուկը պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների թվում մանկական մահացության առաջին պատճառն է, ընդ որում՝ զարգացող երկրներում այս ցուցանիշը 16 անգամ ավելի բարձր է, քան զարգացած երկրներում: Կարմրուկով աշխարհում տարեկան հիվանդանում է 30-40 մլն երեխա, որոնցից մոտ 9 մլն-ը մահանում է: Կարմրուկը նաեւ զբաղեցնում է ութերորդ տեղը՝ իբրեւ աշխարհում բոլոր տարիքային խմբի մարդկանց մահացության պատճառ: Հայաստանը նույնպես ընդգրկված է կարմրուկի համաճարակի ռիսկային երկրների ցուցակում: 2007-2009թթ. կարմրուկի վերացման արշավը կազմում է Հայաստանի կառավարության կողմից ընդունված կարմրուկի վերացման ռազմավարության մի մասը, որը կյանքի է կոչվել 2004-2005թթ. երկրում գրանցված կարմրուկի դեպքերի տագնապահարույց քանակությամբ: Խոսելով Հայաստանում տիրող համաճարակային վիճակի մասին, Առողջապահության նախարարության Ազգային իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ կարմրուկ հիվանդությունը երկրում մոտ 18 անգամ նվազել է, եւ ներկայումս արձանագրվում են միայն եզակի դեպքեր: «Հայաստանում մեծ բռնկումներ եղել են 2004-2005թթ. ընթացքում: Լրացուցիչ պատվաստումներն ուղղված են հաջորդ բռնկումների կանխարգելմանը՝ դադարեցնելով վիրուսի շրջանառությունը: Պլանային պատվաստումների համաձայն, երեխաներն իրենց կյանքի ընթացքում ստանում են երկու դեղաչափ պատվաստանյութ՝ 12 ամսական եւ 6 տարեկան հասակում: Դա պարտադիր է: Լրացուցիչ պատվաստումներում ընդգրկվելու է Հայաստանի 6-27 տարիքային խումբը՝ ընդհանուր առմամբ 1 մլն 200 հազար մարդ»,- տեղեկացրեց Իմունիզացիայի ծրագրի ղեկավարը: Նա վստահեցրեց նաեւ, որ պատվաստանյութը ձեռք է բերվելու մրցութային կարգով, որը կլինի ԱՀԿ- կողմից որակավորված եւ հավատագրված:
«168 ժամի» այն հարցին, թե արդյոք ներկրված պատվաստանյութը գրանցվո՞ւմ է եւ ինչպիսի՞ պայմաններում է պահպանվում այն, քանի որ ոլորտի մասնագետները բազմիցս ակնարկել են, որ մեզ մոտ դրանց պահպանման հետ կապված լուրջ խնդիրներ կան, Ազգային իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գ. Սահակյանը պատասխանեց, որ պատվաստանյութերի ներկրման գործընթացը կանոնակարգված է: «Ներկրվելուց հետո այն պահպանվում է հատուկ ջերմային ռեժիմի պայմաններում: Սառցային շղթայի պահպանումը տեղի է ունենում դեռ օդանավակայանում, որից հետո դեղամիջոցը տեղափոխվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն, որտեղ ունենք համապատասխան սառնարաններով մեծ պահեստ: Մեզ մոտ սառցային շերտի խախտումներ տեղի չեն ունեցել, ինչը հաստատել են նաեւ միջազգային փորձագիտական խմբերը: Եթե սառցային շղթան խախտվում է, պատվաստանյութի գույնը փոխվում է»,- հավաստիացրեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: 2007 թվականին իրականացվող լրացուցիչ պատվաստումների ազգային ծրագրի համար Առողջապահության նախարարությունը կտրամադրի միայն 60 հազար դոլարին համարժեք դրամ:
Ի դեպ, հարեւան Ադրբեջանում արդեն իրականացվել է համաճարակի կանխարգելման նմանատիպ գործընթաց: Եվ որպեսզի վիրուսի շրջանառությունը տարածաշրջանից դուրս մղվի, կարմրուկի դեմ լրացուցիչ պատվաստումներ այս տարի կիրականացնեն նաեւ Հայաստանն ու Վրաստանը: