«Նրա երազանքն էր իր անցյալի հետ հաշտ ու խաղաղ ապրող Թուրքիան, խոսքի ազատությամբ Թուրքիան»

03/02/2007 Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ

Ես այս վերնագիրը փոխառել եմ թուրք լրագրող Յավուզ Բայդարից, քանի որ նա, ըստ իս, այս հակիրճ եւ ստույգ ձեւակերպմամբ ներկայացրել է, թե ինչի էր իր լրագրողական եւ հասարակական գործունեությամբ ձգտում Հրանտ Դինքը: Ստամբուլյան համեստ թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը դարձել էր, թերեւս, համաշխարհային ԶԼՄ-ների մի ողջ շաբաթվա հիմնական թեման: Ականատեսների վկայությամբ, նրա հուղարկավորությունը վերածվեց Թուրքիայի խոշորագույն քաղաքում վերջին 25 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենազանգվածային ակցիայի: Հազարավոր մարդիկ մասնակցեցին ցույցերին եւ երթերին Երեւանում:

Հրանտ Դինքի աճյունը հանձնված է հողին, եւ առաջին արձագանքին՝ վշտին, ցնցումին, վրդովմունքին հաջորդում է լրագրողի անձը, նրա սպանության պատճառներն ու հնարավոր հետեւանքները, աշխարհում, Թուրքիայում ու Հայաստանում ոճրագործության լայն եւ հակասական անդրադարձը ըմբռնելու պահանջը:

Ընտրված զոհի վրա կրակած 17-ամյա Օգյուն Սամաստն իր արարքը բացատրեց նրանով, որ լրագրողը վիրավորել է թուրքերին: Զոհվելուց մեկուկես տարի առաջ տպագրված հոդվածում Հրանտ Դինքը հայկական սփյուռքին կոչ էր անում «փոխել թուրքերի հետ նույնացվող թունավոր արյունը՝ նոր, Հայաստանի հետ նույնացվող արյամբ»: Թուրքական արդարադատությունը մեղադրեց լրագրողին, թե նա թուրքական արյունը թույն է անվանել, գնահատեց դա որպես «թրքության վիրավորանք» եւ Հրանտ Դինքի նկատմամբ կիրառեց Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածը: Այնինչ, լրագրողը նկատի ուներ, որ թուրքերի նկատմամբ հայերի թշնամանքը տիրել է նրանց ազգային ինքնագիտակցությանը եւ խանգարում է կենտրոնանալ Հայաստանի բարգավաճմանն օժանդակելու վրա: Զանգվածային լրատվամիջոցները շարունակում էին համատեքստից դուրս հանել, խեղաթյուրել Հրանտի խոսքերը` լսարանի մոտ ձեւավորելով կարծրատիպ. այս հայը թուրքական արյունը թունավորված, անմաքուր է անվանել: Հատկապես այս արտահայտությունն էր մտաբերում Օգյուն Սամաստը, բացատրելով իր վրեժը…

Սպանությանը հետեւած բողոքի ակցիայի կարգախոսներից մեկն էր. «301-րդ հոդվածը սպանեց Հրանտ Դինքին»: Բայց փաստորեն մարդասպանին ուղղորդել էր նաեւ մարդկանց ազգային զգացմունքները շահարկող անբարեխիղճ լրագրությունը…

Շահարկումները շարունակվեցին նաեւ մահից հետո: Ադրբեջանում հեղինակություն վայելող լրագրողները չզլացան ողբերգության հետեւում տեսնել հայկական հատուկ ծառայությունների դավադրություն` ուղղված Եվրոպական հանձնաժողովն ու ԱՄՆ-ի Կոնգրեսը եւս մեկ անգամ Թուրքիայի դեմ տրամադրելուն: Թուրքիայում էլ ոմանք Հրանտ Դինքի վախճանն ընկալեցին որպես հարմար առիթ «հիշեցնելու» աշխարհին, իբր հայերն իրենք են հնարել Ցեղասպանությունը: Հայաստանում որոշակի շրջանակներ առանձնահատուկ հաճույքով դիմեցին ավանդական կլիշեին՝ «թուրքը մնում է թուրք», եւ Թուրքիայի կառավարությանն անվանեցին «սպանության պատվիրատու»:

Իրական` ոչ պատրանքային Հրանտի հիշատակն ու նրա դավանած սկզբունքները հողին հանձնելու ավելի «լավ» միջոց, քան նման հայտարարություններն են, դժվար է հնարել: Բոլորը, ովքեր հետեւել են լրագրողի հրապարակային ելույթներին եւ հրապարակումներին, գիտեն, որ նա միշտ էլ իրեն համարում էր իր երկրի լիարժեք եւ լիիրավ քաղաքացին եւ երազում էր այն տեսնել առավել բաց, քաղաքակիրթ, ժողովրդավարական: Բազմաթիվ հիասթափությունների եւ դառնությունների պարագայում էլ` հավատում էր Թուրքիայի եվրոպական ապագային եւ հայերի ու թուրքերի հաշտեցմանը: Այս իմաստով նրա դիրքորոշումն իր տեսակի մեջ հեղափոխական էր եւ զգալիորեն հակասում էր Ստամբուլի հայկական համայնքի ավանդական հայացքներին: Վերջինիս հավատո հանգանակը զգուշությունն էր եւ չմիջամտելը Թուրքիայի ներքաղաքական հիմնախնդիրներին, եթե դրանք չէին վերաբերում սեփական լեզվի եւ մշակույթի պահպանմանը, հայկական եկեղեցիների, դպրոցների, թերթերի անձեռնմխելիությանը: Երկչոտությունը բացատրելի էր` հաշվի առնելով ինչպես պատմության ողբերգական էջերը, այնպես էլ Թուրքիայում պահպանված ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը: Բայց Հրանտը համարում էր, որ եկել է ժամանակը, որպեսզի համայնքը դուրս գա մենթալային գետտոյից եւ երկրի բոլոր քաղաքացիների հետ միասին պայքարի հանուն ժողովրդավարական բարեփոխումների, որոնք թույլ կտան լուծել նաեւ հայկական հարցը:

Ի տարբերություն հայ համաքաղաքացիների մեծ մասի, նա առանց վախի խոսում էր Ցեղասպանության մասին` համարելով, որ ժողովրդավարության հավակնող երկրում չեն կարող տաբուներ լինել: Դրա հետ մեկտեղ, նա որոշակի տարաձայնություններ ուներ մյուս երկրների հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնք առաջնայնություն էին տալիս Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հրանտի համար առաջնակարգ նշանակություն ուներ ոչ թե պաշտոնական ճանաչումը, այլ թուրք հասարակությանը պատմական ճշմարտությունը հասանելի դարձնելը եւ երկրի տարբեր ազգության քաղաքացիների միջեւ անըմբռնողության պատի վերացումը: Լրագրողի վախճանն ինքնատիպ մարտահրավեր էր ինչպես հայկական, այնպես էլ թուրքական պահպանողականությանը: Կհասկանա՞ն, արդյոք, թուրքերը, որ բոլոր տիպի 301-րդ հոդվածներն անցյալի մնացուկներ են, թե՞ կփորձեն վերադառնալ տասը տարով հետ, երբ ոչ ոք չէր համարձակվում ծպտուն անգամ հանել հայկական ողբերգության մասին, սակայն դրա փոխարեն չէին սպանում հայ լրագրողների: Ստամբուլի հայերն այս սպանությունն արդյոք որպես համաթուրքական գործերում իրենց դիրքորոշումներն ակտիվացնելու ազդա՞կ կընկալեն, թե՞ որպես իրենց հանգիստ պահելու ուշադրության արժանի նախազգուշացում:

Մենք էլ Հայաստանում մտածելու բան ունենք: Որ կողմից էլ նայում ենք, մեզ մոտ բազում մարտիկներ են հայտնվել հանուն՝… Թուրքիայում խոսքի ազատության, որոնք համարում են, որ Հրանտ Դինքի սպանությունն իրենց հիմք է տալիս վերեւից գնահատելու հարեւան երկրի ժողովրդավարության վիճակը: Հանգամանքների «զարմանալի» զուգադիպությամբ` այդ «մարտիկների» գերակշիռ մեծամասնությունն ասես բերանը ջուր է առնում, երբ իրենց հարազատ երկրում տեղի են ունենում պատվիրված սպանություններ, անկախ հեռուստաալիք են փակում, ծեծում, վախեցնում, գնում են լրագրողներին, ծեփում են վերջին ճեղքերը, որոնց միջով կարող է իշխանությունների հասցեին որեւէ քննադատություն սպրդել: ԶԼՄ-ների ազատության եւ այլ ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված խնդիրները Թուրքիայում ակնհայտ են, բայց գուցե դրանց մասին հոգսը թողնենք նրա քաղաքացիներին եւ նրանց, ովքեր արդեն լուծել են այդ հարցերն իրենց երկրում: Իսկ ինքներս կենտրոնանանք մեր գործերի վրա. չէ՞ որ զբաղվելու շատ բան կա համապետական ընտրությունների նախաշեմին:

Ի դեպ, Թուրքիայում ընթացիկ տարում նույնպես սպասվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Ներկայիս չափավոր իսլամիստների կառավարության պարագայում Թուրքիայում եւ նրա շուրջ էապես փոխվել է քաղաքական ֆոնը: Որոշ չափով թուլացել է աշխարհիկ, ռազմա-բյուրոկրատական վերնախավի «ստվերային» իշխանությունը, սկսվել են Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ պաշտոնական բանակցությունները, վերջինիս ճնշման տակ, չնայած եւ` տանջալիորեն դանդաղ, իրականանում են արմատական բարեփոխումներ, առավել բաց եւ ինտենսիվ են դարձել հայկական, քրդական հիմնախնդիրների վերաբերյալ բանավեճերը: Վարչապետ Էրդողանի կուսակցությունը տարբեր կողմերի քննադատության կրակի տակ է. չէ՞ որ, գործնականում, բոլոր վերը թվարկված դրական նշաններն ունեն նաեւ հակառակ երես: «Սեկուլյարիստների» դիկտատուրայի թուլացումը եւ ժողովրդավարական գործընթացները մահմեդական երկրում նշանակում են՝ արձակել արմատական իսլամիստների ձեռքերը: Եվրոպական հանձնաժողովի առաջադրած կոշտ պայմանները, որոնք չի կարելի համեմատել որոշ այլ՝ արդեն Եվրամիություն ընդունված թեկնածուների առջեւ դրվածների հետ, վիրավորում է թուրքերի ինքնասիրությունը, «թշնամական քրիստոնեական Եվրոպայի» մասին կարծրատիպեր է արթնացնում (հիշենք Հռոմի պապի ոչ այնքան հյուրընկալ ընդունելությունը եւ դրան նախորդած կաթոլիկ վանականի սպանությունը, ի դեպ, նույնպես պատանու կողմից եւ Տրապիզոնում՝ Օգյուն Սամաստի հարազատ քաղաքում): Բարեփոխումների դանդաղ ընթացքն ու անհետեւողականությունը բնական անհամբեր լարվածություն են առաջացնում առաջադեմ մտավորական շրջանակներում, որոնք եվրոպականացման գործընթացի արագացման համար իրական հեռանկարներ են տեսնում: Հայերի առջեւ Թուրքիայի պատմական մեղավորության մասին խոսակցությունները մարդիկ, նախ եւ առաջ` երիտասարդները, որոնց դպրոցում, ընտանիքում ներշնչել են իրենց պետության եւ ազգի անբասիր վեհության գաղափարը, կատաղությամբ են ընդունում:

Հրանտ Դինքի սպանությունը զգացմունքների փոթորիկ հավելեց նախընտրական հակասություններում, մանավանդ, որ նա այսօրվա Թուրքիայի քաղաքական օրակարգի բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ քաղաքացիական հստակ դիրքորոշում էր արտահայտել: Ստամբուլյան ողբերգությունը քաղաքական պայքարի բոլոր սուբյեկտներին փաստարկներ տվեց: Սակայն մարդասպանի օպերատիվ ձերբակալությունն օգնեց կառավարությանը դիմագրավել աջից եւ ձախից հարվածներին: Հանցագործության հետագա հետաքննությունը եւ դրա հասարակական արձագանքը ցույց կտա, թե որ թեւն ընտրությունների նախօրերին տանուլ կտա, իսկ որը՝ կհաղթի:

Այսպիսին է «Ակոս» թերթի խմբագրատան մոտ կրակոցների միջազգային եւ ներքին համատեքստը: Օրհան Փամուկ, Էլիֆ Շաֆաք, Հրանտ Դինք՝ անուններ են, որոնք մարմնավորում են Թուրքիայում առավել արդիական հասարակական-քաղաքական գործընթացները՝ արտաքին աշխարհի եւ սեփական պատմության հետ նրա հարաբերություններում: Հրանտն ինչ-որ իմաստով ժամանակակից թուրքական հասարակության նյարդն էր, հենց այդ պատճառով էլ այդչափ սուր եւ աղմկոտ եղավ նրա սպանության արձագանքը:

Ի տարբերություն շատ կարեւոր (կամ իրենց կարեւոր համարող) անձանց, նա չուներ մինչեւ ատամները զինված, սափրագլուխ թիկնապահներ, զրահապատ լիմուզիններ եւ ուղեկցող «ջիպեր»: Նույնիսկ նրա վրա կրակած պատանու արտաքինը խմբագրատան հարեւանությամբ գտնվող բանկի տեսախցիկն էր արձանագրել («Ակոսը» նման բան, իհարկե, չուներ): Այս փաստը, վշտի եւ ցնցումի համադրությամբ, որն ապրեց աշխարհը հունվարի 19-ին, եւս մեկ անգամ դրդում է իսկական եւ շինծու արժեքների մասին մտորումների: Դրա վրա ուշադրություն եմ հրավիրում ոչ այն պատճառով, որ ուզում եմ միանալ թուրքական իշխանությունների քննադատություններին` լրագրողի անվտանգությունը, չնայած նրա հասցեին հնչող հաճախակի սպառնալիքներին, չապահովելու համար, եւ ոչ այն պատճառով, որ կոչ եմ անում հատուկ պահպանության տակ առնել բոլոր ազատ մտածող մտավորականներին՝ Աստված մի արասցե: Պարզապես, հուսով եմ, որ նման ողբերգությունները երբեւիցե կսովորեցնեն մարդկությանը հոգատարությամբ վերաբերվել նրանց կյանքին, ով ասում է ճշմարտությունը` դո՞ւր է գալիս դա մեզ, թե՞ ոչ, կամ էլ գոնե ըստ արժանվույն եւ համարժեք գնահատել նրանց հոգեւոր ժառանգությունը:

Ոճրագործությունից ծագած ցնցումը եւ դրան հետեւած՝ մտածելակերպով մոտ եւ հոգեհարազատ մարդկանց միավորման էյֆորիան բարության եւ առողջ դատողության հսկայական լիցքեր են կրում: Թուրքերը, հայերը, քրդերը Ստամբուլում սգո երթի ժամանակ տանում էին 30 հազար պաստառներ. «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «Մենք բոլորս հայեր ենք»: Բայց որքան ժամանակը մեզ հեռացնի հուղարկավորության օրվանից, այնքան շատ ենք բախվելու այլ դրսեւորումների. արմատական ազգայնականների հրճվանքի, որ պահ էր մտել Հրանտի հետ զանգվածային համերաշխության դրսեւորման ժամանակ (մարդասպանին հրահրող Յասին Հայալի շուրթերից արդեն սպառնալիքներ են հնչել Օրհան Փամուկի հասցեին), քաղաքական գործիչների եւ վայ գործիչների սառը հաշվարկների, ողբերգական դեպքի, լրագրողի գաղափարների եւ անձի տարընթերցումների: Այս բոլոր միտումներն արդեն ունեցել են դրսեւորումներ: Կհաղթե՞ն, արդյոք, դրանք, ինչպես լինում է հաճախ, թե՞ Հրանտ Դինքն իր մահով կհասնի այն բանին, ինչը չհասցրեց անել կյանքի ընթացքում: