Սովորեցնելու են ապրել մարդավարի

07/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հաճախ կարելի է լսել, որ այսօրվա սերունդը դաժան ու ագրեսիվ է մեծանում: Հիմնական պատճառները փնտրում ենք էկրանը հեռուստատեսային անորակ հաղորդումներով եւ հոլիվուդյան արյունոտ մարտաֆիլմերով հեղեղելու մեջ: Հետաքրքիր, ճանաչողական հաղորդումների պակասը կամ դրանց իսպառ բացակայությունը հանգեցրել է նրան, որ 10-12 տարեկան երեխաները հեքիաթի եւ արկածախնդրության պակասը լրացնում են լատինաամերիկյան սերիալներ դիտելով, որոնք ոչ միայն բարձր գեղագիտական արժեք չունեն, այլեւ որեւէ բան չեն սովորեցնում: Նույնիսկ չեն էլ զվարճացնում, պարզապես լցնում են ազատ ժամանակը: Ի դեպ, այդ իրավիճակը ոչ միայն մեզ է բնորոշ, այլեւ հետխորհրդային մյուս երկրների, որտեղ սոցիալիստական գաղափարախոսության փշրվելուց հետո մանկական հաղորդումների պատրաստումը համարվեց ոչ արդիական: Մանկական հաղորդումները ապագային են ուղղված, նրանցից արագ շահույթ ստանալ չի ստացվի: Save The Children միջազգային հումանիտար կազմակերպությունը Անդրկովկասյան ծրագրի շրջանակներում պատվիրել է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հեռուստաընկերություններին` մանկական տիկնիկային սերիալի նկարահանումները՝ նախատեսված 5-11 տարեկան երեխաների համար: Յուրաքանչյուր երկիր գրել է 12-ական սերիայի սցենար, որոնք փոխանակվելու, ամբողջանալու եւ դառնալու են 36 մասանոց տիկնիկային պատում: Ծրագրի կոորդինատոր Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի ասելով, Save The Children տարածաշրջանային կոմիտեն դեռ անցյալ տարվա մարտ ամսից սկսել է սցենարների քննարկումները, որոնք անընդհատ լրացվել ու փոփոխվել են, իսկ քննարկումներին մասնակցել են մանկավարժներ, հոգեբաններ, կոնֆլիկտոլոգներ եւ այլ մասնագետներ: «Սցենարները բոլորի համար նույնն են լինելու, նկարահանող խումբը, տիկնիկային դերասանները եւ հերոսներն են տարբեր»,- ասաց նա: Ամեն երկիր իր հերոսին է ներկայացնելու՝ մեզ մոտ դա Կոկոն է, Վրաստանում՝ Մացացոն, իսկ Ադրբեջանում՝ Գուշչուգազը: Սերիալի նպատակն է` խաղարկային ու պատմողական ձեւով սովորեցնել երեխաներին հանդուրժող ու կարեկցող լինել, ապրել միմյանց հետ համագործակցելով եւ իրար օգնելով, եւ յուրաքանչյուր կոնֆլիկտին խաղաղ լուծում տալ: Գլխավոր թեմաները կլինեն նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու էկոլոգիան, քանի որ, Save The Children կազմակերպության աշխատակից Դեբորա Վելշի կարծիքով՝ երեխաներն էկոլոգիայի մասին նույնիսկ պարզունակ գիտելիքներ չունեն: Կրթական այս սերիալի առաջին մասերն արդեն ցուցադրվել են «Հ2» հեռուստաալիքով: Հեղինակները հույս ունեն, որ այս նախագիծը ցույց կտա երեխաներին, որ իրենք համաշխարհային քաղաքակրթության մի մասն են եւ պետք է սովորեն ապրել մարդավարի՝ իմանալով սեփական իրավունքները եւ հարգելով ուրիշներինը: