ԱԺ առաջիկա ընտրությանը ՀՅԴ-ն կներկայացնի 100 հոգանոց ցուցակ: Այդ ցուցակը բաղկացած է լինելու քաղաքական դեմքերից, եւ դրանում զգալիորեն նվազեցված է լինելու ոչ դաշնակցականների թիվը: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Վերջինս տեղեկացրեց նաեւ, թե շատ հավանական է, որ Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը ՀՅԴ-ի ցուցակով առաջադրվի պատգամավորության թեկնածու, սակայն թե որքանո՞վ է հավանական, որ Ա. Աղաբեկյանն ընտրություններից հետո դառնա պաշտպանության նախարար, դա, ըստ Հ. Մարգարյանի, ուրիշ բնույթի խոսակցություն է: Նա երեկ նշեց նաեւ, որ ինքը տրամադրված չէ առաջադրվել ու բացի այդ էլ գիտի, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ավշարցի Արայիկ Գրիգորյանն այս անգամ առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Իսկ ՀՅԴ համամասնական ցուցակը վերջնականապես կորոշի ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց մեկ շաբաթ առաջ, Գերագույն ժողովի արտահերթ նիստում: Ինչ վերաբերում է նախագահի առաջիկա ընտրությանը, ապա, ինչպես նշեց Հ. Մարգարյանը, այդ ընտրությանը ՀՅԴ-ն կմասնակցի սեփական թեկնածուով, ինչը, նրա խոսքերով՝ նշանակում է, որ մյուս բոլոր թեկնածուներին չեն սատարելու: «Մենք ունենալու ենք մեր սեփական թեկնածուն»,- կրկնեց Հ. Մարգարյանն ու տեղեկացրեց, որ այդ թեկնածուն ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը չի լինելու: Ասուլիսի մնացած հատվածը հիմնականում բաղկացած էր շատ ընդհանրական ձեւակերպումներից ու բազմաթիվ ակնարկներից: Մասնավորապես, երբ նրան հիշեցրին, որ 2003-ի ընտրություններից հետո ՀՅԴ-ն հայտարարեց, թե իրենց ձայների մի մասը գողացվել են, Հ. Մարգարյանը նշեց. «Մի քիչ դժվար է մեր ձայները գողանալ: Բայց տեղի է ունենում ուրիշ բան: Երբ ընտրողների թիվն արհեստականորեն մեծացվում է, քո ձեռք բերված քվեի համեմատական տոկոսն իջնում է»: Նաեւ հավելեց, թե ընտրակեղծիքները մեր երկրում տեղի են ունենում կենտրոնացված եւ ապակենտրոն: Իսկ նախորդ ընտրությունների ժամանակ էլ կեղծումներ եղել են, եւ պարզ է, թե իրենց «խոսքն ում է ուղղված եղել»: Հ. Մարգարյանը գտնում է նաեւ, թե այսօրվա պահն այնպիսին է, որ «նույնիսկ մեզ ամբողջությամբ չընդունողները մեզ կքվեարկեն, եթե իրենք իրենց հարգում են, եթե իրենք իրենց վաղվա օրվա մասին մտածում են»: Փաստորեն, եթե ընտրողներն առաջնորդվեն վերոնշյալ տրամաբանությամբ, ապա խիստ հավանական է, որ ՀՅԴ-ն ապագա ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ստանա, ընդ որում՝ ՀՅԴ-ի ամենաթունդ պաշտպանն էլ, որպես ամենաթունդ հակադաշնակցական, ՀՀՇ-ն կլինի: Ի՜նչ լավ է, չէ՞: Բայց նախորդ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի ստացած 11 մանդատը վկայում է այն մասին, որ իրենք իրենց հարգողները, համենայնդեպս` պաշտոնական թվերով, մեր երկրում այնքան էլ շատ չեն: Ու քանի որ վերջին 4 տարիներին սեփական անձը հարգող մարդկանց քանակը մեր երկրում հազիվ թե էական փոփոխությունների ենթարկված լինի, ընտրություններն էլ երեւի նախորդներից շատ չեն տարբերվի: Կարճ ասած՝ ստացվում է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, որ ՀՀՇ-ն կսատարի ՀՅԴ-ին: Ինչեւէ, Հ. Մարգարյանը համաձայն չէ, թե ՀՅԴ-ն փակ կառույց է, թեեւ ասում է, որ այնքան էլ բաց չէ, բայց մյուսներից բաց է: Ըստ նրա, ՀՅԴ-ն ՀՀ միակ ժողովրդավարական կուսակցությունն է:
«Ամեն հարցի լուծումը կա: Սոցիալական հարցերը լուծվելու են. դրա հնարավորությունը կա, այս երկիրն այդ պոտենցիալն ունի: Միայն թե պետք է քաղաքական կամք այն ուժի կողմից, որի համար իշխանությունը հարստանալու միջոց չէ, այլ ժողովրդին, երկրին ծառայելու միջոց է»,- նշեց Հ. Մարգարյանը: Վերջինիս խոսքերով՝ եթե ԱԺ-ում մեծամասնություն չձեւավորվի եւ մեծամասնություն ձեւավորելու համար պետք լինի ՀՅԴ-ի մասնակցությունը, իրենք այն ժամանակ կբանակցեն եւ դրանից հետո կորոշեն՝ մա՞ս են կազմում կառավարությանը, թե՞ ոչ: «Բայց եթե մեծամասնության մաս չկազմենք, ինքնաբերաբար, ինչպես նորմալ երկրներում է լինում, դուրս կմնանք կառավարությունից: Եվ մենք էլ չենք ուզենա մասնակցել այդ պարագայում, որովհետեւ դա մեզ հատուկ կարգավիճակի մեջ է դնելու, ինչպես դրեց նախորդ չորս տարվա ընթացքում»,- հայտարարեց նա ու ավելացրեց, թե ՀՅԴ-ն պատասխանատվությունից չի խուսափում եւ չի փոշմանել կառավարության մեջ լինելու համար: Դե, իսկ եթե ՀՅԴ-ն մեծամասնության մաս չլինի, կդառնա ընդդիմություն, բայց այսօրվա ընդդիմության նման չի լինի: «Կդառնանք կարգին ընդդիմություն, որը կսպասի հաջորդ ընտրություններին, որպեսզի ընտրության միջոցով իշխանություն փոխենք, կարգ ու կանոն հաստատենք այս երկրումգ: Մենք հնարավորություն ունենք այս ընտրություններում շատ մեծ հաջողություն ունենալ: Փոքրամասնություն չենք լինելու»,- վստահեցրեց Հ. Մարգարյանը: «Մենք ունենք սոցիալական հիմնական տարբերություններ: Սոցիալական որ ասում եմ, դուք հասկացեք ստվերային տնտեսություն, հասկացեք կոռուպցիա, հասկացեք ամենաթողություն, անպատժելիությունգ: Իսկապես այս հարցերում մենք տարբեր ենք մտածում բոլորից, նույնիսկ ընդդիմությունից: Ընդդիմությունն էլ է իշխանություն եղել, մենք ճաշակել ենք այդ ընդդիմության իշխանությունը: Այստեղ մենք ենք այլընտրանքը: Մենք ենք այլընտրանքը, որ կգանք եւ չենք թողնի, որ այս երկրում մեկը մեկին զոռի: Դա միայն Դաշնակցության իշխանության ժամանակ կստեղծվի այս երկրում: Իհարկե, առանց մեզ էլ կստեղծվի»,- ավելացրեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Իսկ ՀՅԴ-ից ինչո՞վ է վատը ՀՀԿ-ն կամ «Բարգավաճ Հայաստանը»: «Չէ, չէ, ոչ մեկն էլ մեզանից վատը չէ, բայց մենք իրենցից լավն ենք»,- նշեց Հ. Մարգարյանը: Պատասխանելով ՀՅԴ-Հրանտ Վարդանյան համագործակցության մասին հարցին՝ Հ. Մարգարյանը նշեց, թե մի տեսակ անհարմար է, որ ավելի մեծ, խոշոր ՀՅԴ-ն համագործակցի Հրանտ Վարդանյանի հետ: «Մենք կարող ենք համագործակցել քաղաքական ուժերի, կազմակերպությունների, պետությունների հետ»,- ասաց Հ. Մարգարյանն ու տեղեկացրեց, որ Հ. Վարդանյանին հարգում են ու կարծում են, որ «այդ առումով ամեն ինչ լավ է լինելու»: Հ. Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, թե չեն մտածել Վարդան Օսկանյանին ՀՅԴ անդամ դառնալու առաջարկ անելու մասին, բայց եթե նախարարը դիմի այդ հարցով, իրենք կմտածեն ու, կուսակցության կարգի համաձայն, նրան կընդունեն իրենց շարքերը: