«Panorama.am»-ի փոխանցմամբ, «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի որդին` ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Վարդանյանը փոխել է իր համոզմունքները. նա այլեւս չի լինելու ՀՅԴ համամասնական ցուցակում եւ որոշել է պատգամավորության թեկնածու առաջադրվել մեծամասնական ընտրակարգով ու պաշտպանվելու է ՀՀԿ-ի կողմից:
«Գրանդ Տոբակո» ընկերության գովազդի բաժնի պետ Վահրամ Բրուտյանը` պատասխանելով պարբերականի հարցին, ասել է, որ մամուլում տարածված տեղեկությունները, թե Միքայել Վարդանյանը մեծամասնական ընտրացուցակով առաջադրվելու է թիվ 40 ընտրատարածքում (Նոյեմբերյանի տարածաշրջան), դեռեւս վերջնական չեն. «Այդ հարցը դեռ քննարկման փուլում է: Թիվ 40 ընտրատարածքը դեռ հարցականի տակ է: Մամուլը, հնարավոր է, ինչ-որ տեղ լսել է այդպիսի խոսակցություն, զրույց ու դա ներկայացնում է արդեն որպես կայացած փաստ»,- գործարար-պատգամավորի հանձնարարությամբ պարբերականի հարցին պատասխանել է Վահրամ Բրուտյանը: Այնուհետեւ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Մ. Վարդանյանն, այնուամենայնիվ, որոշել ԱԺ մտնել մեծամասնական ընտրակարգով, երբ նախորդ ընտրություններում հանդես էր եկել ՀՅԴ համամասնական ցուցակով, Վ. Բրուտյանը պատասխանել է. «ՀՅԴ-ի հետ մեր համագործակցությունը, դուք կտեսնեք, որ շարունակվելու է: Դուք կտեսնեք, որ ՀՅԴ համամասնական ցուցակում կընդգրկվեն «Գրանդ հոլդինգի» ներկայացուցիչներ: Այս ամենը դեռ վերջնական որոշված չէ: Բայց Մ. Վարդանյանը հանդես կգա միայն մեծամասնական առաջադրմամբ»: Վ. Բրուտյանի համոզմամբ, ի տարբերություն համամասնական ցուցակով ԱԺ մտնելու, մեծամասնականով ընտրվելու դեպքում Մ. Վարդանյանն առավել ինքնուրույն կլինի: «Մեծամասնականով ընտրված պատգամավորը, ինքը համեմատաբար ավելի ինքնուրույն է խորհրդարանում: Չնայած ասեմ, որ ՀՅԴ բազմաթիվ տեսակետներ Մ. Վարդանյանը կիսում է եւ որեւէ հակասություն գոյություն չունի ՀՅԴ-ի հետ»,- ընդգծել է Վ. Բրուտյանը:
Ըստ պարբերականի, դեռ աշնանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ նրան ուղեկցել է նաեւ Միքայել Վարդանյանը, եւ տարածաշրջանի շուրջ 40 համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ նախարարը հորդորել է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրել Հրանտ Վարդանյանի որդուն, ու խոստացել է, որ գործարար ընտանիքի ներկայացուցիչը խոշոր ներդրումներ կկատարի տարածաշրջանում: «Փաստորեն Սերժ Սարգսյանը հովանավորում է Միքայել Վարդանյանին խորհրդարան մուտք գործելու համար, եւ բոլորովին էլ անսպասելի չի լինի, երբ հաջորդ խորհրդարանում ՀՅԴ-ից դուրս եկած պատգամավորը հայտնվի ՀՀԿ-ում»,- նկատում է «Panorama»-ն: Սակայն Վահրամ Բրուտյանի տեսակետն այլ է. ըստ նրա, Սերժ Սարգսյանի շահագրգռվածությունն այդ հարցում այն է, որ Նոյեմբերյանը սահմանամերձ բնակավայր է: «Բնականաբար, Պաշտպանության նախարարության համար այդ գոտիները շատ կարեւոր են եւ առանձնահատուկ նշանակություն ունեն»,- կարծում է Բրուտյանը: Նա համոզված է, որ եթե Մ. Վարդանյանը տվյալ տարածքում ընտրվեց պատգամավոր` ամեն ինչ լավ կլինի: