Իմ ծանոթներից մեկի հետ զբոսնում ենք Լոս Անջելեսի փողոցներով: Րաֆֆին լիբանանցի է, ԱՄՆ-ում հաստատվել է 1970-ից: Այստեղի չափանիշներով բավականին հարուստ մարդ է, սեփական տուն ունի, բիզնես: Կինը երեւանցի է, ունեն 3 երեխա: Հպարտությամբ ասում է, որ երեքն էլ հայկական դպրոց են ավարտել: «Տանը խոսում ենք միայն հայերեն: Ես աշխատում եմ նրանց հեռու պահել այս ամերիկյան հիմար բաներից: Նրանք հայ են ու պիտի հայեցի դաստիարակություն ստանան: Պատկերացնո՞ւմ ես, ինքս ոչ մի անգամ Հայաստանում չեմ եղել, բայց երեխաներիս շուտ-շուտ Երեւան եմ ուղարկում: Հայաստանը նրանց այնքան է դուր եկել, որ պատրաստ են այնտեղ ապրել: Ես էլ եմ այդ մասին մտածում, բայց դեռ ժամանակը չէ. հո բիզնեսս չե՞մ թողնելու»:
Նման հայրենասիրական ճառեր այստեղ շատ հաճախ կարելի է լսել: Չեմ ասում, թե մեր հայրենակիցների ցանկությունն անկեղծ չէ, բայց համաձայնեք, շատ դժվար է թողնել ամեն ինչ ու մեկնել` հայտնի չէ, թե ուր: Երբ 1946-1947թթ. արաբական երկրներից մեր շատ հայրենակիցներ եկան Հայրենիք, նրանք կորցնելու քիչ բան ունեին: Այլ բան է Ամերիկայի նման հարուստ երկիրը թողնելը: Եվ ինչո՞ւ թողնել, եթե Գլենդելը շատ բաներով հայկական քաղաք է հիշեցնում, նույնիսկ անգլերենի չիմացությունն առանձնապես մերոնց չի խանգարում աշխատանք գտնել: Իսկ տանը նրանք հնարավորություն ունեն նայելու հայկական հեռուստաալիքները: Միայն վերջին ժամանակներս, ինչպես դժգոհում է Րաֆֆին, հայկական ալիքներով շատ են ռուսերեն հաղորդումներ ցուցադրում: Ռուսերենի չիմացությունը նրան խանգարում է, բայց մեր հայրենակիցներից շատերը, որ ԱՄՆ են եկել վերջին տարիներին, հաճույքով են դիտում ռուսական սերիալները: Իսկ տեղի ռուսախոս ինտելիգենցիան ինֆորմացիայի պակասը լրացնում է “ԹՐպՎ