ՀՀ եւ ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Վլադիմիր Պուտինի` հունվարի 24-ին Սոչիում կայացած հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանում առկա ուրանի հանքավայրերի մասին: Ինչպես երեկ նշեց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, խոսքն այն մասին էր, որ Հայաստանում կան ուրանի հանքավայրեր, որոնց հետազոտությունն արվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում: Այսօրվա «Ռուսատոմի» պահոցում կան փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Հայաստանի ուրանի հանքավայրերը կարող են մշակվել: Ըստ Վ.Սողոմոնյանի, դեռ մեծ աշխատանք կա կատարելու, պետք է ստեղծվի համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի հանքավայրերը` պարզելու, թե որքանով դրանք արդյունավետ կլինեն օգտագործման համար: ՀՀ նախագահի մամլո քարտուղարի խոսքերով, այս պահին մի բան հստակ է` Հայաստանում ուրան չի հարստացվելու: «Եթե ուրանի հանքավայրերն օգտագործվեն, ապա միայն նրա համար, որ Հայաստանը կարողանա լրացնել ատոմակայանի համար անհրաժեշտ պաշարները»,- ասաց նա: Վ. Սողոմոնյանը նաեւ հաստատեց Մեղրիում նավթավերամշակման ձեռնարկություն կառուցելու մասին հայտարարությունները: Նրա խոսքերով, դա առայժմ նախագիծ է, առջեւում մեծ աշխատանք կա կատարելու, եւ մանրամասների մասին խոսելը վաղ է: Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ռ. Քոչարյանի եւ Վ. Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ-ում` Իրանի սահմանի մերձակայքում, նավթավերամշակման գործարան կառուցելու հարցը: Ըստ հրապարակումների` նախագիծը պետք է իրականացնի ռուսական «Գազպրոմնեւթ» ընկերությունը, որը պետք է իրանական Թավրիզ քաղաքից մոտ 200 կմ երկարությամբ նավթամուղ կառուցի մինչեւ Հայաստանի սահմանը: Վ.Սողոմոնյանը նշեց, որ նախագիծն ունի տնտեսական նպատակահարմարություն երեք կողմերի համար, բայց դեռ հանդիպումներ կլինեն երեք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, կպարզվեն մեխանիզմները: «Նախագծի վերջնական մշակումը կհստակեցնի եւ՛ գումարները, եւ՛ գործարանի արտադրական ծավալները»,- ասաց Վ. Սողոմոնյանը: