Վրաց-ռուսական հերթական սկանդալը դժվար թե ուշադրության արժանանար, եթե «ատոմային բաղկացուցիչ» չունենար իր մեջ: Սկանդալներն ու ճգնաժամերը դարձել են միջպետական հարաբերությունների այնպիսի անքակտելի մաս, որ առանց դրանց այդ հարաբերություններն արդեն անհնար է պատկերացնել: Սակայն «ատոմային պատմությունը», ներեցեք, կեղծված գինի կամ «Բորժոմի» չէ եւ ոչ էլ նույնիսկ ռուս սպաների լրտեսական ցանցի ու նրանց հետ համագործակցող աղքատ ֆերմերների ու կիսաքանդ «Ժիգուլիով» տաքսիստի բացահայտում: 100 գրամ հարստացված ուրան (որն օգտագործվում է միջուկային զենքի արտադրության մեջ) վաճառողի ձերբակալումը, որն այն պոլիէթիլենային տոպրակով ման էր տալիս գրպանում, լրիվ այլ բան է: Նման տեղեկատվություն հրապարակվեց անցած շաբաթվա վերջին՝ միաժամանակ «Նյու Յորք թայմսի» եւ «Ասոշիեյթեդ պրեսի» կողմից: Լրագրողների համար տեղեկատվության աղբյուր դարձավ Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին: Այն նույն Մերաբիշվիլին, որը հանդիսավոր կերպով ծաղկացրած ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտումը, ինչից հետո Մոսկվան բոլոր ուղղություններով այնպիսի «ցավային» միջոցներ կիրառեց, որ Թբիլիսին դեռ երկար ժամանակ ուշքի չի գա: Չգիտեմ՝ թարգմանության սխալների պատճառո՞վ, թե՞ արեւմտյան գործընկերներիս ոչ այնքան որակյալ շարադրանքի հետեւանքով, սակայն նախարարի պատմությունը կարդալուց հետո ինձ մոտ, եթե չասեմ` անվստահություն, գոնե որոշ հարցեր առաջացան:
Այդ ինչի՞ց են այդպես վախեցել ԱՄՆ-ի եւ Վրաստանի հատուկ ծառայությունները, որ որոշել են բռնել ուրան վաճառողին: Նրանց, իհարկե, պետք է բռնել. այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց որտեղի՞ց են նրանք Վրաստանում: Վերջերս մի մութ պատմություն էր եղել նաեւ հայ-վրացական սահմանի վրա ինչ-որ հայի եւ Թուրքիայում՝ մի թուրքի ձերբակալելու հետ կապված, որոնք, ոչ այն է` ռադիոակտիվ նյութ էին վաճառում, ոչ այն է՝ պատրաստվում էին վաճառել, ոչ այն է՝ ուզում էին գնել: Հնարավոր է՝ այժմյան պատմության հետքերն այնտեղ պետք է որոնել: Իսկ գուցե եւ ոչ: Եվ ահա նախարար Մերաբիշվիլին ամերիկյան լրագրողներին պատմում է, որ որոշվել է համատեղ գործողությունն անցկացնել Հարավային Օսեթիայում: Այն Օսեթիայում, որն իրեն անկախ է հռչակել: Անկախություն, որն աշխարհը չի ճանաչել: Այն աշխարհը, որը հակված է ճանաչելու Կոսովոյի անկախությունը: Ինչո՞ւ են որոշել ուրան վաճառողներին փնտրել Հարավային Օսեթիայում: Այնտեղ, ինչպես վրացական իշխանություններն են արտահայտվում, ներեցեք, «բարդակ է». դե ֆակտո իշխանությունները իրավիճակը չեն վերահսկում, եւ Թբիլիսիի ենթակայության տակ չգտնվող տարածաշրջանը լցվել է քրեածին տարրերով, թմրանյութ վաճառողներով, մաքսանենգներով եւ այլն: Սակայն թմրանյութ վաճառողներ ու մաքսանենգներ ամենուրեք կան: Իսկ ռումբ սարքելու համար անհրաժեշտ ուրան վաճառողներ… Եվ սրան հետեւում է ոմն Խիլցագովին բռնելու գործողությունը:
Իրեն «արեւելքից եկած հուսալի մարդ» ձեւացնող գործակալը գտնում է այդ Խիլցագովին, որն, ի դեպ, Հարավային Օսեթիայի հետ անմիջական կապ չունի, նա Ռուսաստանի քաղաքացի է, ապրում է Հյուսիսային Օսեթիայում, որն, ինչպես հայտնի է, ՌԴ-ի անբաժանելի մասն է: Խիլցագովը, ուշադրություն դարձրեք, գործակալին խոստանում է ուրանի եւս մի քանի խմբաքանակ վաճառել, եթե առաջին անգամ ամեն ինչ հարթ անցնի: Գործակալը նրան խաբելով բերում է Վրաստան, եւ առք ու վաճառքի պահին Խիլցագովին ձերբակալում են: Նրա հետ միասին եւս երեք մարդու՝ Վրաստանի քաղաքացիների, որոնց անունները ոչ նախարարը, ոչ իրավապահ մարմինները չեն հայտնում: Խիլցագովը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման, անհայտ տեղացիներն ավելի քիչ պատժաժամկետ են ստանում, իսկ նախարար Մերաբիշվիլին ամերիկյան ԶԼՄ-ների հետ զրուցելիս մեղադրում է ՌԴ-ին, որը չի ցանկանում համագործակցել Վրաստանի հետ նույնիսկ ատոմային անվտանգության հարցերում: Պարզվում է՝ այդ Խիլցագովին բռնել են մոտ 1 տարի առաջ, ամռանը դատապարտել են, իսկ Մոսկվան այս ամբողջ ընթացքում արհամարհել է Թբիլիսիի՝ այդ առթիվ արված բոլոր հարցումները:
Սակայն շուտով պարզվեց, որ դա այդպես չէ: Ռուս մասնագետները հաստատեցին, որ Խիլցագովի մոտից առգրավված ուրանը խիստ հարստացված է, սակայն փորձաքննության համար ներկայացված նյութի փոքր քանակությունը թույլ չի տվել պարզել, թե որտեղի՞ց է այդ ուրանը: Լավ, ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացի մի օսի՝ ուրանը ձեռքին, մեղադրեցին ՌԴ-ին, իրենք իրենց համար լավ PR արեցին, ձեռքի հետ էլ նորից խոսեցին ԱՄՆ-ի հետ իրենց համագործակցության մասին: Իսկ հետո՞: Ինչի՞ էր պետք աղմուկ բարձրացնել հիմա՝ դատավճռի հրապարակումից կես տարի անց: Ինչո՞ւ հատուկ ծառայությունները գործն ավարտին չհասցրին. չէ՞ որ Խիլցագովը նոր խմբաքանակներ էր խոստացել: Եթե դրանք գոյություն ունեն, ապա որտե՞ղ են գտնվում:
Պատասխաններն ակնհայտորեն կարելի է փնտրել Վրաստանի ԱԳՆ-ի՝ «ուրանային սկանդալին» հետեւած կոչի մեջ, որտեղ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրվում է այն բանի վրա, որ ռուս-վրացական սահմանի աբխազական եւ հարավօսական տեղամասերը չեն վերահսկվում, եւ այնտեղից կարելի է ներկրել… զանգվածային ոչնչացման զենք: Կոչ է արվում այնտեղ եթե ոչ` վրացական, գոնե` միջազգային վերահսկողություն սահմանել: Այլ կերպ ասած՝ խոսքը Թբիլիսիի հերթական փորձի մասին է՝ ցանկացած գնով վերահսկողություն սահմանել պետական սահմանի ողջ երկարությամբ, այսինքն՝ վերականգնել տարածքային ամբողջականությունը: Հետաքրքիր զուգադիպությամբ, երբ ԱԳՆ-ն տարածում էր իր հայտարարությունը, Միխայիլ Սահակաշվիլին Կախեթիում ի մի էր բերում իր եռամյա նախագահության արդյունքները: Եվ այնտեղ նա հայտարարեց, որ այդ 3 տարիների ընթացքում երկիրը նկատելիորեն ամրապնդվել է, ու ժամանակն է տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկել:
Եվ վերջում: Հյուսիսային Օսեթիայի իշխանությունները տարածել են իրենց հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Ինքնավար Հանրապետության տարածքում «Օլեգ Խիլցագով» անունով մարդ երբեք չի բնակվել: Ահա այսպիսի բաներ: