Մենք ունենք մեր հաղթաթուղթը

31/01/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

– Մինչ խորհրդարանական ընտրությունների անցկացումը մի քանի ամիս է մնացել: Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին:

– Առաջին հերթին մենք փորձում ենք փոփոխություններ մտցնել մեր ծրագրի մեջ: Փոփոխությունների անհրաժեշտություն կար, եւ մենք արդեն ավարտել ենք այդ աշխատանքները: Չէի ասի, թե մեծ փոփոխություններ են կատարվել, սակայն կան հարցեր, որոնք արդեն ժամանակավրեպ են: Մեր ծրագիրը վերջին անգամ խմբագրվել էր Կարեն Դեմիրճյանի կենդանության օրոք: Ծրագիրը հիմքում նույնն է մնացել, այն պարզապես ենթարկվել է լրացումների: Փետրվարի 17-ին կայանալիք համագումարի ընթացքում փոփոխված տարբերակը ներկայացնելու ենք հաստատման: Այժմ զբաղված ենք նաեւ համագումարին պատրաստվելով: Լուրջ ուշադրություն ենք դարձնում ընտրությունների ընթացքում ձեւավորվելիք հանձնաժողովի անդամներին եւ վստահված անձանց նախապատրաստելուն: Կուսակցության տարածքային գրասենյակների ներկայացուցիչներին հանձնարարված է ներկայացնել վստահված անձանց ցուցակները: Բոլոր ընտրատեղամասերում ներկայացուցիչներ կունենանք, սակայն կցանկանայինք, որպեսզի փոխարինողներ ունենայինք: Սա մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է: Նաեւ շարունակվում են բազմաթիվ հանդիպումները:

– Որո՞նք են կուսակցության հիմնական խնդիրները նախապատրաստական աշխատանքների ընթացքում:

– Այս շրջանում բոլորին մտահոգում է ընտրությունների անցկացման արդարությունն ու թափանցիկությունը: Հետաքրքրական է, որ այդ մասին ավելի հաճախ խոսում են այն ուժերը, որոնք իշխանության մաս են կազմում եւ պատասխանատվություն են կրում կեղծիքների համար: Այդ իսկ պատճառով նրանց խոսքերին կասկածանքով ենք վերաբերվում: Ընտրությունների արդար անցկացմանն այնքան էլ չեմ հավատում, թեպետ լավատեսության հիմքեր կան: Նախ` ընդդիմությունը բոլոր հանձնաժողովներում տեղեր ունի, եւ հետո` իշխանական ուժերի միջեւ էլ պայքարը կենաց ու մահու է լինելու: Եվ սա էլ է նախադրյալներ ստեղծում, որ ընտրությունները համեմատաբար արդար անցկացվեն: Այժմ մտածում ենք այն մասին, որպեսզի բոլոր ընտրատարածքներում մեծամասնական ընտրատարածքներում ունենանք ներկայացուցիչներ ոչ միայն ՀԺԿ-ից, այլեւ ողջ ընդդիմադիր դաշտից: Այս ուղղությամբ հնարավոր է նախաձեռնենք քննարկումներ ընդդիմադիր ուժերի հետ: Կլինեն այլ բնույթի քննարկումներ, թե ինչպես համագործակցենք այն ուժերի հետ, ում ավելի ենք վստահում:

– Թեպետ մինչեւ ընտրապայքարի պաշտոնական մեկնարկը դեռ երկու ամսից էլ ավելի ժամանակ կա, այնուհանդերձ, շատ են շահարկումներն այն մասին, որ այս ընթացքն արդեն իսկ օգտագործվում է քարոզչության նպատակով: Ինչպե՞ս է պատրաստվում ՀԺԿ-ն օգտագործել այս ժամանակաշրջանը:

– Ուզում եմ նշել, որ մենք բարեգործությամբ չենք զբաղվելու, եւ չեմ կարծում, թե Հայաստանում որեւէ ընդդիմադիր ուժ ի վիճակի է զբաղվել նմանօրինակ բարեգործությամբ: Այդ ամենի դիմաց մենք դնելու ենք գաղափար, ծրագիր, ցանկություն, նաեւ կենսագրություն: Այդ ամենի դեմ մենք ունենք մեր հաղթաթուղթը, որը չենք բացահայտի մինչեւ ընտրապայքարի պաշտոնական մեկնարկը:

– Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները նյութական կամ մարդկային ռեսուրսների որեւէ խնդիր չունեն: Ինչպե՞ս եք պատրաստվում մրցակցել նրանց հետ:

– Ընդդիմությունը Հայաստանում իրականում միշտ էլ հաղթել է: Նախորդ ընտրությունների ընթացքում էլ են կաշառքներ եղել, սակայն երբ չէին կարողանում իրենց հարցերն այդ կերպ լուծել, դիմում էին ավելի կոպիտ կեղծիքների: Այնպես որ` ես չեմ կարծում, որ այդ գումարները կարող են վճռորոշ դեր խաղալ: Վճռորոշ կարող են լինել թվանկարչությունը, բռնությունը եւ պետք է մտածել այդ ամենը կանխելու համար: Հաճախ էլ պատահում է, որ մարդիկ վերցնում են ընտրակաշառքը եւ քվեարկում այն ուժի օգտին, ում հարմար են գտնում: Այս առումով ընդդիմության համար ընտրակաշառքներն այնքան վտանգավոր չեն, որքան թվանկարչությունը: Ընտրություններից առաջ ընդդիմությանն, ուզեն թե չուզեն, եթեր տրամադրելու են: Դա մենք մեծ առավելություն ենք համարում եւ այդ ժամանակ էլ կբացահայտենք, թե ով ով է, եւ ինչ են իրենցից ներկայացնում այդ բարեգործությունները: Բացի այդ, դեռ Կարեն Դեմիրճյանի կենդանության ժամանակաշրջանից շատ ենք սիրում օգտագործել «արդյունավետ» բառը: Եվ դեռ հարց է, թե այն միջոցները, որ շատերը ծախսում են, արդյունավե՞տ է լինելու, թե՞ ոչ: Մենք կարծում ենք, որ այն չնչին գումարները, որ մենք ունենք համեմատած իշխանական կուսակցությունների միջոցների հետ, պետք է արդյունավետ օգտագործենք: Ես համոզված եմ, որ մենք ունենք այդ կարողությունն ու գիտելիքները միջոցներն արդյունավետ օգտագործելու համար:

– Կարծիքներ, թե` ընդդիմություն` որպես այդպիսին, Հայաստանում չկա, հաճախ են հնչում: Սա չի՞ բերում ընդդիմության հանդեպ մարդկանց մոտ անվստահության ձեւավորմանը:

– Իհարկե, անվստահություն ձեւավորվում է: Ես կարծում եմ, դա նպատակամղված է արվում ընդդիմությանը վնաս հասցնելու համար: Այդ քարոզչությունը բավականին երկար է կատարվում: Ընդդիմության առջեւ միավորվելու խնդիր է դրվում այդ քարոզչամեքենայի կողմից: Ինչո՞ւ պետք է բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն, դա անհնար է: Նույն կերպ էլ մենք կարող ենք ասել, որ միավորվեն բոլոր իշխանամետ ուժերը: Ինչո՞ւ չեն անում:

– Այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում մարդկանց մոտ վերականգնել այդ վստահությունը:

– Մենք մեծ հույսեր ենք կապում օրենքով սահմանված այն եթերաժամանակի հետ, որ մեզ տրամադրվելու է: Այդ հնարավորությունը մենք այժմ չունենք: Մենք աշխատում ենք մեր ակտիվի հետ եւ հույս ունենք, որ ակտիվը կշարունակի տեղերում աշխատել: Քարոզչական առումով, սակայն, ես համոզված եմ, որ որոշիչը նախընտրական վերջին ամիսն է լինելու:

– Գործող Ազգային ժողովի ընտրության արդյունքներն ընդդիմությունը չընդունեց: Հնարավո՞ր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո նույն իրավիճակը ձեւավորվի:

– Դժվար է ասել: Երբ 1999 թվականին «Միասնությունը» հաղթեց, որեւէ մեկը չէր ասում, որ ընտրությունները կեղծվել են: Այստեղ խնդիրը ոչ թե ընդդիմության հետ է կապված, այլ՝ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման: Այս ընտրություններն իսկապես տարբերվում են նախորդներից: Գործող սահմանադրությամբ ԱԺ-ն ունի իրավասություններ, որ մինչեւ այժմ չի ունեցել: Հանրապետության այն նախագահը, ով նոր պետք է ընտրվի, չի ունենալու այն լիազորությունները, որն ունի գործող նախագահը: Այս առումով` ԱԺ ընտրությունները Հայաստանում դեռ այսքան վճռորոշ չեն եղել: Միշտ առավել վճռորոշ են եղել նախագահի ընտրությունները. այսօր այլ պատկեր է:

– Ո՞ր կուսակցություններին եք ձեզ մրցակից համարում:

– Բոլոր այն կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրություններին` մրցակից են: Համենայն դեպս, մենք կարծում ենք, որ իրական ընդդիմադիր ուժերը պետք է համագործակցեն, եւ, եթե խանդ էլ կա, չպետք է վերաճի առճակատման:

– Իսկ կստացվի՞ այդ համագործակցությունը:

– Կարծում եմ, մեծ հաշվով` կստացվի: Բացառություններ կարող են լինել, բայց կստացվի, որովհետեւ համագործակցության շատ եզրեր կան:

– Ի՞նչ ակնկալիքներ ունի ՀԺԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

– ՀԺԿ-ի ակնկալիքները միշտ լուրջ են եղել, որովհետեւ մենք համարում ենք, որ ՀԺԿ-ն իր հիմնադրման օրվանից հաղթել է բոլոր ընտրություններում: Այնպես որ` մեր մտադրությունները լուրջ են եւ վերաբերում են ոչ միայն ԱԺ-ում տեղ գրավելուն: Ժամանակը ցույց կտա, թե մենք մեր մտադրություններն ինչպես կյանքի կկոչենք:

– Իսկ ի՞նչ ձեւաչափով է կուսակցությունը պատրաստվում մասնակցել ընտրություններին:

– Կոնկրետ դաշինք ստեղծելու շուրջ բանակցություններ որեւէ մեկի հետ չենք վարում: Սակայն չէի էլ նշի, որ անհնար է, որպեսզի դաշինք կազմենք: Այս պահին ավելի հակված ենք ընտրություններին միայնակ մասնակցելուն: Մենք գտնում ենք, որ Հայաստանում չկա այնպիսի ուժ, որ կարողանա միայնակ վերցնել իշխանության բոլոր լծակները եւ լուծել բոլոր հարցերը: Մենք հակված ենք միավորումների, բայց` ոչ արհեստական: Եթե լինի արդյունավետ միավորում, հնարավոր է` միանանք: Չեմ կարծում, որ Հայաստանում կա այնպիսի ուժ, որ ԱԺ-ում 66 տեղ ունենա եւ մեծամասնություն կազմի: Միավորումներ ընտրություններից հետո անխուսափելիորեն կկազմվեն: