Թերեւս, նպատակահարմար կլինի ընթերցողի ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա: Այն է՝ հայրենական մամուլում գրեթե չես հանդիպում հայ սփյուռքին վերաբերող հրապարակումների, բացառությամբ Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը լուսաբանող հոդվածների:
Փաստն այն է, որ սփյուռքահայ բազմահազար մեր ազգակիցների քաղաքական դիրքորոշումներն անհայտ են մնում հայաստանաբնակ հայերի համար, մինչդեռ ընտրությունները լավ հնարավորություն են ընձեռում պետությանը ամրապնդելու սփյուռքահայության հետ թուլացող հարաբերությունները: Որքան օգտակար կլիներ մեր հանրության համար մամուլի միջոցով հաղորդակից լինել օտարերկրյա ընտրական փորձին կամ տեղեկանալ Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների մասին սփյուռքահայերի կարծիքներին: Չէ՞ որ հայ սփյուռքն ազգային պետության կայացման ժամանակակից պայմաններում պետք է գիտակցվի նախ եւ առաջ որպես քաղաքակիրթ մտածելակերպի եւ ապրելակերպի աղբյուր, իբրեւ առավելապես տնտեսական քաղաքակիրթ զարգացման փորձ ունեցող հայ հանրություն:
Վերջին օրերի ցավալի դեպքերի բերումով ի հայտ եկան հայ սփյուռքի այնպիսի կարեւոր (իսկ երբեմն նաեւ` կորցրած համարվող) հատկանիշներ, ինչպիսիք են` ազգային կարգի խնդիրների շուրջ համախմբվելու կարողությունն ու քաղաքական միասնականությունը, այն էլ` ոչ թե օտարածին գաղափարների, այլ առաջին հերթին ազգային-պետական նշանակության հարցերում: Ահա այստեղ է նաեւ, որ մամուլը կարող է եւ պետք է ստանձնի ազգային համախմբման եւ հասարակական գիտակցության ձեւավորման եւ ուղղորդման ազդեցիկ գործոնի դերը, իսկ նման գործոնի պահանջը, համաձայնեք, մեր օրերում առավել քան ակնհայտ է:
Այդ նույն ցավալի դեպքերի բերումով պարզվեց, որ հայրենական մամուլը կարող է հետեւողական լինել ինչպես խնդրո առարկան բացահայտելու եւ հանրությանը մատուցելու, այնպես էլ` մասնագիտական ծանրակշիռ վերլուծություններ ներկայացնելու գործում: Բայց արդյո՞ք անհրաժեշտ են ազգային զգացմունքներն այդչափ «գրգռող» դեպքերը, որ մամուլն արձագանքի հավուր պատշաճի, որ խոսի ազգի համար եւ ազգի անունից:
Պարզվեց նաեւ, որ մամուլը դեռ մեր օրերում էլ չի կորցրել հասարակական գիտակցության վրա ազդելու եւ հանրային կարծիք ձեւավորելու կարեւորագույն գործառույթները, իսկ վերջիններս խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ կարող են վճռորոշ լինել ազգի եւ պետության ապագայի համար: Այս տեսակետից դիտարկելիս պարզվում է, որ այս տարվա քաղաքական-գաղափարախոսական «բեռը», բացի կուսակցություններից, մեծապես կրելու է նաեւ հայրենական մամուլը` որպես մեր օրերում հասարակական գիտակցություն եւ հանրային կարծիք ձեւավորող ազդեցիկ միջոցներից մեկը: Թերեւս, գոնե մի քանի տարին մեկ անգամ՝ հերթական ընտրությունների շեմին, հասարակության առավել լայն զանգվածի հետ գործ ունեցող մամուլը պետք է խոսի այդ նույն մեծաքանակ մարդկանց անունից, այլ ոչ թե օտարածին կամ «նեղլիկ» կլանային գաղափարներով առաջնորդվող մարդկանց անունից: Չէ՞ որ մամուլը, համատարած ապապրոֆեսիոնալիզացիայի եւ ապաբարոյականացման պայմաններում, դառնում է հասարակության կրթա-դաստիարակչական, մշակութային սնուցման եւ, ինչո՞ւ չէ` նաեւ քաղաքական նախասիրություններ ձեւավորող աղբյուրներից մեկը:
Միգուցե սեփական կարեւորության չգիտակցված լինելն է, որ թույլ է տալիս այսօրվա շատ եւ շատ պարբերականների պատասխանատուներին անպատասխան թողնել օբյեկտիվ տեղեկատվության եւ ժամանակի ոգուն համահունչ հրապարակումների` հասարակության պահանջը: Թե՛ հանրությունը եւ թե՛ մամուլը մեծապես կշահեն, եթե գոնե ընտրական ժամանակահատվածում գիտակցեն իրենց միասնությունն ու այն, որ կոչված են մեկ` համապետական նշանակության գործ իրականացնելու հանուն երկրի եւ ժողովրդի:
Ակնհայտ է, որ մամուլն այս փուլում կարող է օգտակար լինել, նախ եւ առաջ, գաղափարական-վերլուծական անաչառ հրապարակումներով, հասարակական կարծիք ձեւավորելով եւ, ինչո՞ւ չէ՝ ազգային-պետական գաղափարախոսության տարածմամբ:
Հսկայական է տպագիր նյութի ազդեցությունը մշակութային եւ ինտելեկտուալ հզոր ժառանգություն (ցավոք, արդեն սոսկ ժառանգություն) ունեցող ժողովրդի վրա, եւ մնում է հուսալ, որ հայրենական մամուլի պատասխանատուներն, ի վերջո, պատասխանատու կգտնվեն իրենց մասնագիտական գործառույթներում եւ հասարակական նշանակության հարցերում: