Տպագիր մամուլը լրացնում է բացը

31/01/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Մամուլն ու ընտրությունները. ահա այս թեմային առնչվող հարցերի շուրջ է մեր զրույցը «Չորրորդ իշխանություն», «Առավոտ» եւ «Հայաստանի Հանրապետություն» թերթերի խմբագիրների հետ:

Հարց. «Նախընտրական շրջանում տպագիր մամուլի գործունեությունն ինչ-որ կերպ առանձնանալո՞ւ է իր սովորական ընթացքից»:

Շողեր Մաթեւոսյան, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր

– Մամուլի դերը նախընտրական շրջանում աճում է, որոշակի աշխուժություն կլինի, եւ թերթերի տպաքանակը կավելանա:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

– Իհարկե: Մենք ավելի շատ նյութեր ենք տպագրելու նախընտրական արշավի, կուսակցությունների դիրքորոշումների, վեճերի մասին, ինչպես նաեւ` բախումների, եթե դրանք լինեն:

Տիգրան Ֆարմանյան, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր

– Նշեմ, որ մեր թերթը տարբերվում է տպագիր մամուլի մյուս միջոցներից: Մենք պարտավոր ենք տպագրել գրանցված կուսակցությունների համամասնական ցուցակները, տեղ հատկացնել անհատ թեկնածուներին: Այս բոլոր նյութերի տպագրումը պարտադիր է եւ անվճար: Բնական է, որ նախընտրական շրջանում ավելի լարված աշխատանք է սպասվում: Հաճախ մեր թերթի լրագրողները չեն հասցնում հետեւել բոլոր միջոցառումներին, եւ ստիպված ենք լինում ներգրավել, ասենք, մշակույթի ոլորտը լուսաբանող լրագրողներին:

Հարց. «Նախընտրական շրջանում լրատվամիջոցները հայտնվում են քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում, այս շրջանում բազմաթիվ նյութեր տպագրվում են գովազդային հիմունքներով: Որքանո՞վ տպագիր մամուլին կհաջողվի խուսափել քաղաքական ուժերի ամբիոնը դառնալուց»:

Շողեր Մաթեւոսյան
– Այն թերթերը, որոնք այսօր որոշակի քաղաքական ուժերի ամբիոն են հանդիսանում, կշարունակեն այդ քաղաքականությունը, իսկ մեզ նման վտանգ չի սպառնում:

Արամ Աբրահամյան – Ես մեծ սիրով պատրաստ եմ տպագրել բոլոր քաղաքական ուժերի գովազդային նյութերը, եւ, եթե նկատել եք, ինձ համար կարեւոր չէ, թե դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա՞նն է, Դաշնակցությա՞նը, թե՞ մեկ ուրիշինը: Պայմանը մեկն է. չթաքցնել, որ գովազդային նյութ է, այսինքն` հոդվածի ներքո տպագրել «R» նշանը: Կարեւորն այն է, որ մենք քաղաքականությանը չենք մասնակցելու եւ մեր տեսակետով չենք փորձելու ազդել ընթերցողների վրա: Անգամ, եթե հարկավոր է` կարող ենք թերթի էջերն ավելացնել, միայն թե հնարավորություն լինի: Էականն այն է, որ չի լինելու թաքնված գովազդ, որի համար, ի դեպ, մենք հարկեր ենք մուծում պետությանը: Վճարում ենք ավելացված արժեքի հարկը: Այսինքն` գործում ենք օրինական դաշտում:

Տիգրան Ֆարմանյան
– Նախընտրական շրջանում պարտադիր տպագրվող անվճար նյութերի ծավալն այնքան մեծ է, որ թերթում վճարովի նյութերի համար նախ` տեղ չի լինում, եւ երկրորդ` գովազդատուներն են քիչ լինում: Ես էլ չեմ կարող ողջ համարը տրամադրել նախընտրական նյութերին: Մարդկանց, ի վերջո, այլ հարցեր էլ են հետաքրքրում: Աշխատում ենք համարի գոնե 50 տոկոսը նվիրել այլ թեմաներին, սակայն երբեմն չի ստացվում: Գովազդային դաշտը, հատկապես տպագիր մամուլի համար, բավականին աղքատիկ է, եւ այս նախընտրական շրջանը լավ առիթ է ֆինանսական այդ բացը կարկատելու համար: Կարեւորն այն է, որպեսզի հնարավորինս բացառենք հայհոյանքները, սեւ PR-ը եւ չափից դուրս գովեստային խոսքերը: Մենք գովազդային նյութերն առանձնացնում ենք «R» նշանով, եւ ավելացված արժեքի հարկ վճարում պետությանը:

Հարց. «Ընթերցողի համար որքանո՞վ է հնարավոր նախընտրական շրջանում անաչառ տեղեկատվություն ստանալ` հաշվի առնելով գովազդային նյութերի առատությունը»:

Շողեր Մաթեւոսյան – Միայն գովազդային նյութերը բավարար տեղեկություն կտան ընթերցողին, թե որ կուսակցությունն է ավելի հարուստ:

Արամ Աբրահամյան – Երբ ընթերցողը տեսնի «R» նշանը, նրա համար պարզ կլինի, որ դա գովազդային նյութ է: Եթե տվյալ կուսակցությունը նրան հետաքրքրում է, ապա կկարդա, եթե ոչ` չի կարդա: Իսկ մեր նյութերը կլինեն հավասարակշռված եւ չեզոք: Կոնկրետ մեր թերթի համար անհանգստացած չեմ, որովհետեւ մեր թերթի վերաբացումից հետո մենք կատարյալ չեզոքություն եւ անաչառություն ենք ապահովում եւ ոչ մեկի խոսափողը չենք հանդիսանում: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես տպագիր մամուլին, ապա չեմ կարծում, որ մարդիկ իրենց առջեւ անաչառությունը պահպանելու նպատակ են դնում:

Տիգրան Ֆարմանյան – Անաչառություն ասվածը մեր թերթի պարագայում մի փոքր այլ յուրահատկություն ունի: Նախընտրական շրջանում պարտադիր նյութերի դեպքում պարտավոր ենք տպագրել այն, ինչ ուզում է տվյալ թեկնածուն: Միայն սեւ PR-ին վերաբերող եւ օրենքով արգելված որոշ հատվածներ կարող ենք հանել տվյալ հոդվածից: Մնացած ամեն ինչը պարտավոր ենք տպագրել: Տպագիր մամուլն օբյեկտիվ տեղեկատվություն չի կարող տալ, որովհետեւ բոլոր թերթերի տպաքանակն իրար գումարած մեկ հեռուստատեսության լսարանի չափ է, թեպետ նախընտրական շրջանում տպաքանակը 2-3 անգամ ավելանում է: Ընթերցողը պետք է ինքը կողմնորոշվի` վճարովի, անվճար եւ պարտադիր նյութերն ընթերցելիս: Այստեղ շահում են համակարգված քարոզչությամբ զբաղվող կուսակցություններն ու անհատները, ովքեր մի կողմ են դնում ավանդական խոսքերը:

Հարց. «Հայաստանյան մամուլում հաճախ ականատես ենք լինում միակողմանի քննադատության: Ընդդիմադիր թերթերը քննադատում են իշխանությանը, իշխանամետ թերթերն էլ` ընդդիմությանը: Ինչո՞վ է սա պայմանավորված»:

Շողեր Մաթեւոսյան
– Իշխանամետ կամ ընդդիմադիր թերթ հասկացությունը մենք չենք ընդունում: Կա պաշտոնական եւ անկախ մամուլ:

Արամ Աբրահամյան – Կարծում եմ, դա պայմանավորված է նրանով, որ մեր ԶԼՄ-ների մեծ մասն իր առջեւ, այնուամենայնիվ, քաղաքական նպատակներ է դնում: Այսինքն` տվյալ լրատվամիջոցը, որն, այսպես ասած, ցանկանում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գահընկեց լինեն` ընդդիմադիր է: Այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են, որպեսզի Քոչարյանն ու Սարգսյանը մնան, ապա իշխանամետ են: «Առավոտը» ոչ մեկն է, ոչ էլ` մյուսը: Մենք խորապես անտարբեր ենք այդ խնդրի նկատմամբ:

Տիգրան Ֆարմանյան – Դա թերեւս պայմանավորված է մամուլի անազատությամբ եւ նյութական սուղ պայմաններով: Հայաստանում որեւէ թերթ նյութապես ինքնաբավ չի կարող լինել: Մեր թերթը 20-30 տոկոս լրավճար է ստանում պետական բյուջեից, ինչի դիմաց պարտավոր ենք տպագրել պաշտոնական նյութեր: Մեր տպաքանակի դեպքում ֆինանսական ճեղքը հնարավոր չէ փակել:

Հարց. «Նախընտրական այս շրջանում հեռուստատեսությունն արդեն իսկ դարձել է քարոզչության միջոց: Այս պարագայում մամուլը կարո՞ղ է ինչ-որ կերպ լրացնել այդ բացը եւ մատուցել այլընտրանքային լրատվություն»:

Շողեր Մաթեւոսյան – Անկախ մամուլը միշտ էլ այդ բացը լրացնում է:

Արամ Աբրահամյան – Տպագիր մամուլը չի կարող մրցել հեռուստատեսության հետ: Նախ` լսարանների միջեւ հսկայական տարբերություն կա, եւ, որ ամենակարեւորն է` հեռուստատեսության ազդեցությունն ավելի անմիջական է: Մենք այստեղ չենք կարող այդ բացը լրացնել: Իսկ այն, որ հեռուստատեսությունը Հայաստանում ամբողջովին գտնվում է նախագահի նստավայրի ազդեցության ներքո, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ:

Տիգրան Ֆարմանյան
– Քանի դեռ պաշտոնապես նախընտրական շրջանը չի սկսվել, որեւէ մեկը հեռուստատեսություններին չի կարող մեղադրել, որ այդ նյութը նախընտրական է: Իսկ երբ սկսվի պաշտոնական մեկնարկը, նրանք պարտավոր կլինեն թեկնածուների միջեւ համամասնություն պահպանել: Առայժմ նման խնդիր չունեն: Տպագիր մամուլն ինչ-որ կերպ փորձում է լրացնել այդ բացը, հատկապես, երբ նախընտրական շրջանում տպաքանակն էլ է բազմապատկվում: Բոլոր ուղղվածությունների թերթեր մենք ունենք, եւ ընթերցողը կարող է կողմնորոշվել: Ընտրությունների ավարտից հետո, սակայն, այդ ազդեցությունը կրկին թուլանում է: