Ինչ ուզեմ՝ կանեմ

31/01/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայտնի է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում բնակիչները, վարձակալության հիմունքներով, ձեռք են բերել հողամասեր: Մեր տեղեկություններով, Երեւանի միայն մեկ համայնքում գոյություն ունեն նման հիմունքով բաշխված մոտ 900 հողամասեր:

Ի դեպ, վարձակալած տարածքների պայմանագրերը կնքված են թաղապետարանների կողմից:

Անցյալ տարվանից խոսակցություններ են շրջանառվում, որ այդ հողամասերը «պետությունը խլելու է ժողովրդի ձեռքից», այսինքն՝ դրանք կարող են հանվել աճուրդի եւ վաճառվել: Եթե հաշվի առնենք, որ վարձակալները նաեւ կառուցապատման աշխատանքներ են իրականացրել, ապա նրանց նյութական կորուստները կարող են հասնել մեծ տրամաչափերի, երբ հանկարծ օրերից մի օր դրանք իբրեւ պետական սեփականություն հանդիսացող տարածքներ օտարվեն նշված հողամասերի միակ սեփականատիրոջ` քաղաքապետարանի կողմից: Նման լիազորություններ ընձեռում է նաեւ անցյալ տարի ընդունված «ՀՀ հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Գեւորգ Խուրշուդյանի ասելով, թաղապետարանը երբեք չունի եւ չի ունեցել վարձակալություն ձեւակերպելու իրավասություն: Նրա հավաստմամբ, վարձակալության մասին կարող է խոսվել այն ժամանակ, երբ գոյություն ունի պետական գրանցում, որովհետեւ, համաձայն գործող օրենսդրության, վարձակալության իրավունքը կամ հողի նկատմամբ իրավունքը ծագում է միայն պետական գրանցման պահից: «Եթե նույնիսկ գոյություն ունի պայմանագիր, ու այն կնքված է բոլոր օրենքների համաձայն, ապա դա պարտադիր պետական գրանցում պիտի անցնի: Այսինքն՝ պետք է առկա լինի հողի օգտագործման վկայական: Այդ պահից է միայն ծագում որեւէ իրավունք անշարժ գույքի նկատմամբ: Եթե դա բոլոր օրենքներով ձեւակերպված տարածք է, ուրեմն աճուրդ չի կարելի հայտարարել նման հողերի նկատմամբ»,- հստակեցնում է քաղաքապետարանի ներկայացուցիչը: Իսկ այն հարցին, որ՝ եթե թաղապետարաններն իրավունք չունեն, ապա ինչպե՞ս են այդ պայմանագրերը կնքել, եւ արդյոք դրանք ապօրինի՞ չեն, Գ. Խուրշուդյանը պատասխանեց. «Ինչ-որ հիմքեր եղել են, դա ապօրինի չէ: Եղել է Երեւան քաղաքի խորհրդի որոշումն այն մասին, որ ապօրինի զավթած հողամասերը, որոնք որեւէ քաղաքաշինական ծրագրերի մեջ ներառված չեն, ուղղակի հաշվառվեն, եւ թույլատրվի, որ մարդիկ այն օգտագործեն»: 2001թ. սկսած, «ՀՀ հողային օրենսգրքի» ուժի մեջ մտնելուն զուգահեռ` Երեւանում իրականացվում են կառուցապատման ծրագրեր: Գ. Խուրշուդյանի ասելով, Երեւանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկություններն իրականացվում են Երեւանի գլխավոր հատակագծի եւ քաղաքաշինական ծրագրերի հիման վրա: Աճուրդներն իրականացվում են նաեւ թաղապետարանների միջնորդությունների հիման վրա: Երեւան քաղաքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վերաբերյալ հայտարարված աճուրդների մեկնարկային գինը սահմանում է Երեւանի քաղաքապետարանը: Ընդ որում՝ աճուրդի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի

50 %-ից: «Ընդհանրապես աճուրդի գինն ինչ-որ չափով կախված է շուկայական գներից, քան կադաստրի արժեքից»,- ասում է Գ. Խուրշուդյանը: Անշարժ գույքի առքուվաճառքի համար ձմռան սեզոնը հայտնի է իբրեւ պասիվ ժամանակաշրջան, սակայն Գ. Խուրշուդյանի խոսքով, բնակչությունն, ընդհանուր առմամբ, մեծ ակտիվություն է ցուցաբերում ազատ հողամասերի օտարման գործընթացների նկատմամբ: Ըստ «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանի, «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը հակասահմանադրական է, որովհետեւ, օրենքի դրույթների համաձայն, պետությունը կարող է որոշում կայացնել այս կամ այն տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա շահ ճանաչելու մասին, ինչը նշանակում է, որ պետության կարիքների համար սեփականատերերից կարող են վերցվել իրենց հողամասերը, տները: «Սա անհեթեթություն է, երբ կառավարությունը կարող է որոշում ընդունել եւ որեւէ մեկի տարածքը ճանաչել գերակա շահ: Դա նշանակում է, որ մեր կառավարությունն ասում է՝ «ինչ ուզեմ, կանեմ»: Օրենքով նաեւ սահմանված է, որ հայտ ներկայացրած կազմակերպությունը կարող է իր ուզած տարածքում զննումներ կատարել, եւ սեփականատերն այն չի կարող արգելել: Այս օրենքով ոչ մի քաղաքացի երաշխիք չունի իր սեփականության անձեռնմխելիության համար, որովհետեւ ամեն պահի հնարավոր է, որ դրա նկատմամբ պետությունը գերակա շահ ճանաչի եւ այն իրացնի, ինչպես դա եղավ Կենտրոնի բնակիչների հետ»,- ասում է Ս. Բաղդասարյանը: