Էլեկտրոնային ցանց` համայնքներում

31/01/2007

Երեւանի բոլոր համայնքներն այս տարվա առաջին եռամսյակում կաշխատեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով: Նրանք միասնական էլեկտրոնային կապ կունենան քաղաքապետարանի եւ միմյանց հետ, իսկ ներսում կաշխատեն լոկալ ցանցով: Ներկայումս 9 համայնքում փորձնական կիրառվում է այս համակարգը: Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Կենտրոն, Աջափնյակ, Նոր Նորք համայնքներում ծրագիրը եւս կփորձարկվի: Երեկ այս մասին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը: Ըստ նրա, քաղաքապետարանի ֆինանսավորմամբ բոլոր համայնքները ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկա, թաղային համայնքներում անցկացվել են կապուղիներ, յուրաքանչյուր համայնքից երկու մասնագետ քաղաքապետարանում ուսուցանվել է: Ծրագիր է մշակվում նաեւ, որով համակարգիչը կմերժի այն պատասխանները, որոնք հիմնավորված չեն լինի իրավական ակտերով: Քաղաքապետարանում այս համակարգի ներդրումից հետո քաղաքացիների դիմումներն աճել են շուրջ 9,500-ով ՝ 170%-ով: Էլեկտրոնային եղանակով քաղաքապետարանի աշխատողների ստացած եւ կատարած հանձնարարականների թիվը նույնպես աճել է 170%-ով: Կրկնվող դիմումներ չեն եղել Առողջապահության, Կրթության վարչությունների հասցեներով: Այդ դիմումներում զգալի տեղ են գրավում հողային, ինքնակամ շինությունների կարգավիճակի ճշտման եւ ապօրինի հողազավթումների հարցերը: Գ. Մելքումյանի խոսքերով, կրկնակի դիմումները մանրամասն ուսումնասիրվում են, կտրվեն գնահատականներ, որի արդյունքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն անբարեխիղճ պաշտոնյաների նկատմամբ: Ներդրված համակարգը հնարավորություն է տալիս նաեւ գնահատել ինչպես ամեն մի վարչության, այնպես էլ` աշխատողի կարգապահությունը, աշխատանքի որակը: Ըստ աշխատակազմի ղեկավարի՝ որոշ աշխատողներ արդեն ենթարկվել են կարգապահական տույժերի: