«Լիլիթ» պիտակը թաքցնելու կարիք չկա

07/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

33-ամյա Լիլիթ Մարգարյանն արդեն 10 տարի աշխատում է նորաձեւության ոլորտում, ունի իր գեղեցիկ ու կոկիկ նորաձեւության սրահը, որտեղ 3 դերձակ է աշխատում: 1992 թվականին Մոսկվայի Տեքստիլ ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժինն ավարտելուց հետո նա վերադարձավ Երեւան ու փորձեց մոդա ստեղծելու արվեստը արդիական դարձնել:

– Ճգնաժամի տարիներ էին: Ոչինչ չկար, արտադրությունը կանգնել էր: Մեր նորաձեւությունը տասը տարով ետ ընկավ: Որ ասում են` Հայաստանում նորաձեւություն չկա, մոռանում են, որ նորաձեւության մեջքը կարծես կոտրել են: Այն ժամանակ կար Նորաձեւության տուն, ֆաբրիկաներն էին աշխատում: Հիշեք թեկուզ հայկական կոշիկը: Երբ Մոսկվայում էի սովորում, իմ բոլոր համակուրսեցիներն ինձ խնդրում էին, որ Հայաստանից իրենց համար կոշիկ բերեմ: Նույնն էլ նորաձեւության ասպարեզում՝ բազմաթիվ երկրներում մենք ցուցադրություններ էինք անում: Հիմա բոլորն ասում են՝ չունենք, չունենք: Մոռանում են, որ նորաձեւությունը պարզապես սպանել են: Բայց հիմա մոդան կարծես վերածնունդ է ապրում՝ նորաձեւության տները սնկի նման աճում են:

– Թվում է, որ շատ հեշտ է նորաձեւություն ստեղծելը:  

– Բոլորին այդպես է թվում, բայց իրականում շատ դժվար է: Ընդհանրապես չկան հեշտ մասնագիտություններ, կան վատ մասնագետներ: Հիմա մենք նոր ենք հասնում ցուցադրություններ կազմակերպելու եւ ցուցադրության ընթացքում զգեստ գնելու կուլտուրային: Սակայն արվեստի բնագավառում ոչ մի զարգացած երկրի չենք զիջում: Դեռ ավելին, մենք ավելի ունիվերսալ ենք, կյանքին պատրաստ ենք, դժվար պայմաններում ստեղծող ենք՝ կարողանում ենք ոչ լավ կտորներով, ոչ լավ մեքենաներով աշխատել: Ձեռքի աշխատանքն է մեզ մոտ հիանալի: Նորաձեւություն ունենք, բիզնես ասվածն էլ նոր-նոր է սկսում զարգանալ:

– Երբ փորձում ենք որեւէ հայ մոդելավորողի անուն տալ, առաջին հերթին ձեզ ենք հիշում: Լիլիթ Մարգարյանն արդեն «բրենդ» է դարձել:

– Ես կոնկրետ այդպիսի նպատակ չունեի: Ես ուղղակի սկսեցի աշխատել: Հիմա իմ անունն իսկապես շատերին է ծանոթ: Իմ առաջին պատվերները ստացել եմ շոու բիզնեսի մարդկանցից: Առաջինը «Հայեր» համույթն էր՝ մոտ 100 հագուստ պատրաստեցի նրանց համար: Երկու համերգ կայացավ՝ Երեւանում ու Մոսկվայում, եւ՛ համերգը, եւ՛ հագուստները մեծ հաջողություն ունեցան: Համերգը կարծես նորաձեւության ցուցադրություն լիներ՝ այնքան արագ էին մասնակիցները փոխում իրենց զգեստները: Դա իմ դեբյուտն էր: Հետո սկսեցի բացի պատվերներից անհատական հավաքածուներ ստեղծել, որոնք եթերում ցուցադրվեցին, իմ հագուստներով տեսահոլովակներ նկարահանվեցին: Հիմնականում ես ստեղծում եմ haut couture հագուստ, այսինքն՝ անհատական, էքսկլյուզիվ, բեմի, պոդիումի համար: Հաճախորդների պատվերներով արված հագուստն էլի համարում եմ haute couture, որովհետեւ դրանք չեն կրկնվում եւ շատ ինդիվիդուալ են: Երբ ինձ մոտ հաճախորդ է գալիս ու խնդրում է իմ արած մոդելների լուսանկարները կամ կատալոգները ցույց տալ, ես խուսափում եմ դա անել, որովհետեւ գտնում եմ, որ նոր, յուրովի կերպար ստեղծել պետք է մոռանալով անցածը: Չեմ ուզում, որ նա սեւեռվի նախկինում ստեղծած իմ մոդելների վրա: Ունեմ հազարավոր ֆոտոներ, բայց ցույց չեմ տալիս:

– Դուք ոչ միայն հագուստը, այլ նաեւ ամբողջ կերպա՞րն եք մշակում:  

– Իհարկե: Նախ պիտի հասկանամ` հագուստը ինչի համար է ստեղծվում: Եթե դա տեսահոլովակ է, ես երգն եմ լսում, ռեժիսորի հետ եմ զրուցում, որպեսզի հասկանամ կլիպի սյուժեն, միջավայրը:

– Մի քանի տարի առաջ տեսա Նունե Եսայանի համերգը, որի հագուստների հեղինակը դուք էիք: Նունեն կարծես բոլորովին նոր կերպար ուներ՝ ավելի անկաշկանդ, սեքսուալ:

– Նունեի համար ես 7 հագուստ պատրաստեցի, եւ նա ինքը խոստովանեց, որ հագուստի առումով այսքան շատ հաճոյախոսություն դեռ չէր լսել: Երգիչներ կան, որոնք հաճախ են ինձ դիմում, օրինակ` Անդրեն, Քրիստինե Պեպելյանը, Ալլա Լեւոնյանը, Թաթան եւ էլի շատ ուրիշներ: Համարյա բոլոր երգիչների հետ աշխատել եմ:

– Ձեզ օգնել է ճանաչելի դառնալ հեռուստատեսությունը, քանի որ էկրանին երեւացող մարդիկ են կրել ձեր ստեղծած հագուստները:

– Այո, բայց հեռուստատեսությունը կարող է նաեւ ձանձրացնել: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց հեռուստատեսությունն այսօր դարձել է շատ հասանելի, այսինքն ցանկացած մարդ, եթե ուզում է գովազդվել, կարող է անդադար էկրանին երեւալ: Կարող է ընդամենը մեկ հավաքածու ունենալ եւ 100 անգամ դա ցույց տալ: Հանդիսատեսը մտածում է՝ հասկացանք, սա լավն է, բայց մենք ուզում ենք նորը տեսնել:

– Իսկ սովորական՝ փողոցից մարդիկ հաճա՞խ են դիմում ձեզ:

– Իհարկե, տեսնում են նորաձեւության տան ցուցանակը ու գալիս են: Բացի երգիչների, պարային խմբերի հագուստից, ես ձեւավորել եմ նաեւ ՈՒՀԱ-ի թիմերի, ռեստորանների, օդանավակայանի աշխատակիցների հագուստը: Մենք ունիվերսալ ենք, կարում ենք եւ՛ հարսանյաց զգեստներ, եւ՛ ծառայողական համազգեստ:

– Հնարավոր է, որ առաջարկեք մի բան, որին հաճախորդը բոլորովին չէր սպասում:

– Մինչեւ վերջին կարը ոչ ոք չի պատկերացնում, ինչ է արդյունքում ստացվելու: Եթե վստահում են ու կասկածներով չեն խանգարում, արդյունքում միշտ զարմանքով ասում են՝ չէի սպասում, որ սա ինձ կսազի: Պետք է կռահել մարդու խառնվածքը: Հաճախորդը պիտի վստահի դիզայներին: Չէ՞ որ ես էլ եմ շահագրգռված, որ լավ ստացվի, իմ անունը թանկ է ինձ համար եւ անունիս հետ խաղալ չեմ ուզում:

– Իսկ որքա՞ն գումար պետք է նախատեսել ձեր սրահում հագուստ պատվիրելու համար:

– Սկզբից մենք պետք է որոշենք հագուստի ոճը, աշխատանքի ծավալը, հաշվարկենք հագուստի ինքնարժեքը, որին հետո կգումարվի մեր ծառայությունների վարձը: Գները շատ հարաբերական են: Կան ասեկոսեներ, որ իմ հագուստը շատ թանկ է, բայց ես կարծում եմ, որ մեր աշխատանքի համար մենք շատ քիչ ենք վարձատրվում: Եթե ավելի քիչ գումար վերցնենք, ուրեմն ընդհանրապես չպետք է աշխատենք: Կա մի բացատրություն՝ մեր ժողովուրդը վճարունակ չէ, ու ոչ միայն մեր ասպարեզին է դա վերաբերում: Մարդը չի կարող ոչ միայն լավ հագնվել, այլեւ լիարժեք սնվել: Բայց, չգիտես ինչու, միայն հագուստն է աչքի ընկնում: Մեր սրահում աշխատանքը եռում է, բայց մենք չենք կարող ամսվա ընթացքում մեծ քանակությամբ հագուստ ստեղծել: Այ, եթե ես pret-a-porte արտադրություն ունենամ ու միանգամից հարյուրավոր օրինակներ կարեմ շուկայի ու խանութների համար, նոր կասեմ, որ իմ աշխատանքն արդարացված է: Ցանկացած, նույնիսկ ամենահայտնի մոդելավորողը, բացի հագուստից, նաեւ աքսեսուարներ, օծանելիք կամ կահույք է ստեղծում, որովհետեւ մինչեւ կողմնակի գործեր չանի, արագ եկամուտ չի ունենա: Անհատականը՝ haute couture-ը մեծ ներդրումներ է պահանջում եւ քիչ արդյունավետ է: Ես չեմ կարող բիզնես ծրագրերի մեջ մտնել ու նախընտրում եմ ստեղծել անհատական մոդելներ:   

– Ի՞նչն է այսօր նորաձեւ:

– Մոդան տարին երկու անգամ, նույնիսկ` ամեն ամիս փոփոխվում էր, բայց հիմնական տարրը մնում էր ուրվագիծը, այսինքն` ուսերի եւ փեշերի լայն կամ նեղ լինելը: Մոդելավորողները ուրվագիծն էին որպես հիմք ընդունում: Հիմա նորաձեւությունն աբսուրդի է հասել՝ ամեն մարդ ինչ ուզում` անում է: Շատերն ասում են, որ փարիզյան շաբաթների թելադրանքով են աշխատում, բայց ցանկացած դիզայներ անում է այն, ինչն ինքն է գեղեցիկ համարում: Կանոնները խախտվել են, ոճերը՝ խառնվել: Դասականը խառնվել է սպորտայինի հետ, սպորտայինը` երեկոյան զգեստների հետ, հինը` նորի հետ, շղարշները՝ մորթու, կաշիները՝ մետաքսի: Բոլորն էքսպերիմենտներ են անում: Ամեն ինչ պարզապես պետք է ճաշակով համադրել ու գեղեցիկ մատուցել:

– Բոլորն են ուզում ճաշակով հագնվել:

– Ամեն երկրում կան ճաշակով ու անճաշակ մարդիկ, նաեւ` մարդիկ, ովքեր չեն կողմնորոշվել` ինչն է լավը եւ ինչն է վատը: Պրոբլեմը նրանում է, որ դիզայներներին դիմելու կուլտուրան չի զարգացել: Մարդը գնում է շուկա, տեսնում է ինչն է շատ եւ որոշում, որ շատն է նորաձեւ ու պետք է դա կրել: Մեր շուկան ողողված է երրորդ երկրների էժանագին արտադրանքով: Հետո պիտակամոլության գործոնն էլ կա՝ եթե ֆիրմային նշան են տեսնում, կարծում են, որ լավն է, բայց եթե «Maid in Armenia» է գրված, չեն վստահի ու չեն գնի: Հայկական հագուստը կարվում է Հայաստանում, բայց վրան ամրացվում է ուրիշ երկրի պիտակ ու հետո նոր վաճառվում բարձր գնով: Մարդը չի մտածում, որ հայ դիզայները կարող է հետաքրքիր բան առաջարկել: Մարդիկ մեղավոր չեն, պրոպագանդան է քիչ: Իմ բոլոր հագուստները կրում են «Լիլիթ» պիտակը, եւ ես շատ եմ ուզում, որ գնելով դրանք` մարդիկ հպարտանան ու չթաքցնեն, որ հագուստը Հայաստանում է կարված: