«Ես ամեն ինչից մի քիչ անում եմ` պարում եմ, երգում եմ, խոսում եմ, հանդես եմ գալիս որպես դերասան: Ժամանակին ես շատ խելոք գտնվեցի ու որոշեցի սոլո բեմադրություններ անել: Այսինքն՝ այն, ինչը սիրում եմ: Եթե ես դա չանեի, ապա հիմա որեւէ բալետային խմբում երկրորդական դերեր կկատարեի»,- ասում է մեկ օր առաջ Հայաստան ժամանած բրիտանացի պարող եւ դերասան Նայջել Չարնոքը:
Նա հունվարի 31-ին եւ փետրվարի 1-ին հայաստանցի հանդիսատեսին կներկայացնի իր «Ֆրանկ» պարային բեմադրությունը, որը սոսկ պարային անվանել չի կարելի, քանի որ այնտեղ խառնված են լինելու ոչ միայն պարային ու երաժշտական ոճեր, այլեւ` տարբեր բեմական ժանրեր: Դա ունիկալ շոու է, որտեղ կայուն սցենար ու կայուն պարային շարժումներ չկան, այլ կա հումոր, հեգնանք, երգեր ու զրույցներ: Նայջել Չարնոքն ասում է, որ փորձում է պլանավորել իր ներկայացումը, սակայն դա իր մոտ լավ չի ստացվում եւ «իրեն դժվար է տուփի մեջ տեղավորել». «Ատում եմ, երբ անգիր են անում բառերն ու շարժումները, դա ինձ համար ձանձրալի է, եւ մահացած մոտեցում է թվում: Ճիշտն ասած, երբ ուզում եմ պլանավորել ներկայացումը, ի վերջո, պարզվում է, որ մոռացել եմ` թե որ ֆրագմենտը որից հետո պիտի լիներ: Աշխատում եմ հետեւել երաժշտությանը»: Բանն այն է, որ նրա յուրաքանչյուր ելույթը կոնկրետ հանդիսատեսի համար է, որը հենց այդ օրն է եկել-շփվել պարի ու երգի հետ: Եվ այդ պարի ու երգի միջոցով ինքն իրեն է դիտում եւ ինքն իր վրա ծիծաղում: Ներկայացման մեջ նաեւ պրոյեկցիոն էկրան է օգտագործվում: «Ես միշտ քայլում եմ այն քաղաքում, որտեղ պետք է ելույթ ունենամ, նայում եմ շրջապատին, կլանում մթնոլորտը, քանի որ վայրն ու հանդիսատեսը պետք է ազդեն իմ ներկայացման վրա: Երեւանի «Ֆրանկը» հենց ձեր մասին է լինելու, քանի որ մենք բոլորս նույնն ենք, ես մի քիչ հայ եմ, իսկ դուք` մի քիչ անգլիացի: Մեր նախամայրը նույնն է եղել»,- ասում է նա ու վստահեցնում, որ դեռ չի որոշել երեւանյան ներկայացման կառուցվածքը, բայց գիտի` թե ինչպե՞ս է այն սկսվելու եւ ավարտվելու: Ներկայացման մեջ կհնչեն Բախը, Բիլլի Հոլիդեյը, իսպանական ֆլամենկոն, Քիթ Ջարեթը, Մոցարտը:
Ամբողջովին իմպրովիզացիայի վրա կառուցված «Ֆրանկը» մարդ արարածի մասին է եւ հիմնված է մարդկային երկու ընկալումների վրա` կյանքի ու մահվան գիտակցման: Սակայն ներկայացման հիմնական «մեխը» լինելու է հանդիսատեսի ու դերասանի կենդանի շփումը: «Դեսից դենից», ոչ պարտադրող, հենց նույն պահից ծնված կատակներից ու զրույցներից կազմված ներկայացման ժամանակ դերասանը սովորաբար իջնում է բեմից, զրուցում քաղաքականությունից, սեռական հարաբերություններից, եղանակից կամ սպորտից, ուսումնասիրում հանդիսատեսի պայուսակների պարունակությունը, նրանց դրդում անկեղծ զրույցի: Զրույցի թեման գուշակել չի կարելի, քանի որ քաղաքն ու քաղաքի բնակիչներն իրենք են դրանք հուշելու: Հանդիսատեսի ուշադրությունը «պահելու», նրան ամեն վայրկյան նոր պտույտ առաջարկելու համար անգլիացի պարողը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում: «Ես որոշ իմաստով լսարանի հայելին եմ դառնում»,- ասում է նա: Եվ իր ներկայացման ոճը որպես արտիստիկ, հարուստ, բազմիմաստ ոճ է բնութագրում, որն ավելի մոտ է կաբարեի սկզբունքներին: Այդ ոճը ներկայացվում է որպես stand up comedy, որը չունի սահմաններ, բայց պետք է միեւնույն ժամանակ ծիծաղաշարժ ու դրամատիկ լինի:
«Իմպրովիզացիան մահու աստիճան սարսափեցնում է ինձ, բայցեւ առանց իմպրովիզացիայի աշխատել չեմ կարող: Հասկանում եմ նաեւ, որ իսկական սարսափը Գազայի հատվածում կամ Իրաքում է, եւ ինձ ոչ մի սարսափելի բան բեմում սպառնալ չի կարող: Ամենասարսափելին կարող է լինել մահը, բայց ես արդեն բավականին տարեց եմ ու ընտելացել եմ մահի գաղափարի հետ: Իրականությունը մեզ միշտ հիասթափեցնում է, երբ փորձում ենք իրական բաների մասին խոսել: Ես իրականության մասին պարում ու երգում եմ: Մի քիչ էլ, իհարկե, խոսում եմ»,- ասում է նա` լրջությունը թեթեւ դարձնելով ու հումորին փիլիսոփայություն խառնելով:
Եվրոպական հանդիսատեսը նրան սիրում է անվանել «փոքրիկ փոթորիկ»: Իսկ նա համարում է, որ ամեն մարդ Աստված է, բայց ոչ ոք չի համարձակվում ինքն իրեն որպես Աստված ընկալել: «Ֆրանկ» ներկայացումը նա Վենետիկի Բիենալեի համար էր պատրաստել, իսկ այս տարվա Բիենալեին պատրաստվում է նոր ներկայացում ցուցադրել: Ներկայացումը կոչվելու է «Հիմար մարդիկ»: Աստծուց մինչեւ հիմարը, հիրավի, միայն մեկ քայլ է ընկած:
Եվ դերասանական վարպետություն, եւ դասական բալետ (Մարթա Գրեհեմի տեխնիկան) ուսումնասիրելուց հետո Նայջել Չարնոքը տարբեր երկրներում աշխատել է որպես պարուսույց, երկար տարիներ եղել է Հելսինկիի բալետի գեղարվեստական ղեկավարը, եղել է Չինաստանում, Պորտուգալիայում, Բրազիլիայում, Դանիայում եւ շատ այլ երկրներում: «Արդեն 25 տարի է, նույն գործով եմ զբաղված: Պարելուց ու երգելուց բացի, ուրիշ ոչինչ անել չեմ կարող: Կարող եմ, իհարկե, պատերը ներկել կամ հատակը փոշեկուլով մաքրել, բայց նախընտրում եմ առօրյա կյանքում չծախսել էներգիաս. այն ինձ բեմի համար է հարկավոր,- ասում է նա, ու ավելացնում,- Կյանքում շատ չեմ խոսում, բառերը հոգնեցնում են, փոխարենն անընդհատ խոսում ու երգում եմ բեմում»:
Նա որոշել է հանդես գալ մենապարերով, քանի որ այդպես ավելի հաճելի է. «Ես ոչ մեկից կախում չունեմ, ինքս եմ ամեն ինչի համար պատասխանատու եւ իմ տապալումների մեջ միայն ինքս ինձ կարող եմ մեղադրել»: Ինքնաբուխ ու ճկուն կերպարանքը նրա համար աշխատանքային գործիք է, քանի որ կյանքում նա սիրում է լռությունն ու ինքնամփոփությունը: Ապրում է Լոնդոնում` իր ընտանիքի ու չորս կատուների հետ: Իսկ Երեւանում առաջին անգամ հայտնվելով, զարմացել է, որ բոլորը սեւ հագուստ են կրում ու վատ են ավտոմեքենա վարում: Գուցե հենց այդ դիտարկումներն էլ կդառնան երեւանյան բեմադրության թեմաները:
«Բրիտանական խորհրդի» հրավերով Երեւան այցելած դերասանը Երեւանի Կինոյի ու թատրոնի ինստիտուտի ուսանողների համար նաեւ վարպետության դասեր կանցկացնի: