«Հին ընկերները» սկսել են

28/01/2007

Մինչ մամուլում եւ քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում են խորհրդարանական ընտրություններում «ֆավորիտ» համարվող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համամասնական ցուցակների տարբերակները, նրանց միջեւ եղած ու չեղած հակասությունները կամ պայմանավորվածությունները, իշխանության մաս կազմող մի այլ կուսակցություն` ՀՅԴ-ն, մեր ունեցած տվյալներով, արդեն իսկ ձեռնամուխ է եղել նախընտրական տեսահոլովակների եւ նույնիսկ ֆիլմերի նկարահանմանը: Այդ կուսակցության նախընտրական PR ծրագրում առանձնակի նշանակություն է տրվում գործադիր իշխանության կազմում Դաշնակցությանը պատկանող ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններին: Այդ նպատակով դաշնակցական նախարարների աշխատանքների մասին նույնիսկ առանձին տեսահոլովակներ են նկարահանվում: Ըստ մեր աղբյուրների, ՀՅԴ-ի նախընտրական PR-ի գերնպատակն է հասնել նրան, որպեսզի ՀՅԴ-ն ընկալվի ոչ թե որպես իշխանական կուսակցություն, այլ ընդամենը դրա փոքր մաս կազմող կառույց: Այսինքն՝ փորձ է արվում խուսափել պատասխանատվությունից իշխանության ամբողջ գործունեության համար, բնականաբար, հաջողություններ արձանագրելով միայն այն ոլորտներում, որոնք ղեկավարում են Դաշնակցության ներկայացուցիչները: Ասել, թե ՀՅԴ-ի նախընտրական այս ռազմավարությունը նորություն է, ճիշտ չի լինի, քանի որ նույն հնարքին ժամանակին դիմեցին իշխանության մաս կազմող ՕԵԿ-ականները, որոնք ամբողջովին եւ բոլոր առումներով օգտվում էին իշխանական բարիքներից, միաժամանակ իրենց վերապահելով կոնստրուկտիվ քննադատող իշխանավորների դերը: