Մեր բանակը 15 տարեկան է

28/01/2007

Վաղը Հայաստանի ազգային բանակը կդառնա 15 տարեկան: Անկասկած բանակի կայացումը նախորդ 15 տարիների ընթացքում մեր ունեցած ամենամեծ նվաճումն է: Ու մենք հենց բանակի շնորհիվ ենք այսօր մեզ պաշտպանված զգում:

Ճիշտ է, մեր բանակում դեռեւս շատ են ապօրինություններն ու կոռուպցիան, սակայն բանակը մեր երկրի այն հազվագյուտ կառույցներից է, որով այսօր ՀՀ քաղաքացին կարող է հպարտանալ: Մյուս կողմից էլ՝ պետք է գիտակցենք, որ մեր երկրի տեւական շրջափակումն ու մեկուսացումն աստիճանաբար կարող են հանգեցնել այդ նվաճման չեզոքացմանը: Այնպես որ, այսօր միմյանց շնորհավորելիս մենք պետք է մաղթենք, որ մեր երկրի դիվանագիտությունն էլ արձանագրի այնպիսի խոշոր նվաճումներ, ինչպիսին իր կարճատեւ պատմության ընթացքում արձանագրել է ՀՀ ազգային բանակը: