«Գազպրոմնեֆտ» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Վյալկինան «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում հաստատել է ռուսաստանյան աղբյուրների տարածած լուրը, թե ընկերությունը քննարկում է ՀՀ-ում նավթավերամշակման հսկա գործարանի կառուցման հնարավորությունը: Վլայկինան չի նշել, թե ե՞րբ կարող են ընդունվել կոնկրետ որոշումներ: Նա հստակ պատասխան չի տվել նաեւ հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությունն է սա` ասելով, թե «իրականում նախագիծը հետաքրքիր է երկու կողմերի համար էլ»: Գործարանը նախատեսված է կառուցել Իրանին սահմանակից Մեղրիում, եւ այն կառուցելու համար, փորձագետների կարծիքով, անհրաժեշտ է մոտ 1 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար: Իսկ եթե հաշվի առնենք, որ պետք է կառուցվի նաեւ մի ամբողջ տրասպորտային եւ խողովակաշարային համակարգ, նշված գումարին պետք է ավելացնել եւս 1 մլրդ դոլար: Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ այս առաջարկը Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կատարած մասնավոր այցի ժամանակ քննարկել է «Գազպրոմնեֆտ» ընկերության ղեկավարության եւ Ռուսաստանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի հետ: Նախարարությունում, սակայն, այդ բանակցությունները չեն մեկնաբանում: Հունվարի 17-ին Քոչարյանի հետ ունեցած իր հանդիպումը հաստատում է նաեւ «Ռուսաստանի երկաթգծեր» ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ռուսաստանցի փորձագետները համարում են, որ տնտեսապես այս նախագիծն այնքան էլ ձեռնտու չէ ռուսաստանյան ընկերության համար, քանի որ սովորաբար նավթավերամշակման գործարանները կառուցվում են ծովային նավահանգիստների կամ նավթամուղների մոտ, իսկ ՀՀ-ում չկա ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։ Նախատեսվում է, որ գործարանը բավականին հզոր է լինելու եւ տարեկան մշակելու է մոտ 7 միլիոն տոննա նավթ: Գործարանի արտադրած նավթամթերքը պետք է վաճառվի ՀՀ-ից դուրս: Այս պահի տվյալներով՝ իրանական նավթը պետք է վերամշակվի հայաստանյան գործարանում եւ նորից վաճառվի Իրանին: Փորձագետներից շատերը համարում են, որ սա քաղաքական նախագիծ է: Սակայն, որոշ փորձագետներ, օրինակ` «Տրոյկա դիալոգ» ընկերությունը ներկայացնող Օլեգ Մաքսիմովը, այլ կարծիքի են: «Այսօր ամբողջ աշխարհում կա նավթավերամշակող գործարանների պակաս: Դրանք միշտ շատ եկամտաբեր են լինում, եւ դեռ վաղ է ասել, որ նման գործարանի կառուցումը ՀՀ-ում քաղաքական նախագիծ է»,- ասել է նա: