Վախենում ենք, ուրեմն ապրում ենք

07/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կյանքի առաջին օրերից մինչեւ մահ մենք վախենում ենք: Վախը չի ենթարկվում որեւէ ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կանոնների: Այն թաքնված է ենթագիտակցական ոլորտում: Ավելի հեշտ է ասել՝ ինչից չե՛նք վախենում, քան թվարկել վախի բոլոր պատճառները: Կարելի է վախենալ կամուրջներից, վերելակներից, ավտոմեքենաներից, փակ կամ ընդհակառակը՝ բաց տարածությունից, առաջին հայացքից անվնաս թվացող կենդանիներից՝ սարդերից, մկներից կամ շներից: Կարելի է վերջապես վախենալ կյանքից: «Կյանքը ոչ այլ ինչ է, քան մահվան վախ»,- ասել են իմաստունները: Վախը երեւակայության մեջ է ապրում: Հաճախ նրա արմատները մանկությունից են ձգվում: Չհաղթահարված եւ քուն մտած վախը իր հետքն է թողնում՝ կյանքին շարունակում ենք նայել վախեցած երեխայի աչքերով: Արդյո՞ք վախը վնասակար Է: Հոգեբանների կարծիքով՝ պետք չէ վախենալ վախի զգացումից, հարկավոր է միայն տարբերել բնական եւ հետապնդող վախերը: Ելքերից մեկն է՝ ապրել պահով, հեռացնել անցյալն ու մոռանալ ապագայի մասին: Անցյալը, միեւնույն է, փոխել չենք կարող, իսկ ապագան անկանխատեսելի է, թեկուզեւ՝ հենց իր անկանխատեսելիությամբ վախեցնող:

Ամենատհաճն այն է, որ վախը գլուխ է բարձրացնում շատ անհարմար իրավիճակներում, օրինակ՝ փողոցն անցնելիս, սար բարձրանալիս կամ ծովում գտնվելիս: Վախը ուղեղի ծուղակ է, այն քարացնում է կամքն ու խանգարում ճիշտ կողմնորոշվել: Սկսում ենք դողալ, սառը քրտինքը պատում է ճակատներս, սիրտներս սկսում է արագ բաբախել, բերաններս՝ չորանալ, իսկ լեզուներս՝ քարանալ ու անշարժանալ: Գիտենք, որ վախենալ պետք չէ, սակայն վախենում ենք:

Մի վախեցեք վախից

Վախի զգացումն օրգանիզմի բնական ռեակցիա է, այն օգնում է որսալ մոտեցող վտանգը: Վախը փրկում եւ պահպանում է մարդուն: Եթե, իհարկե, իրական՝ ոչ չափազանցված, հիմքեր կան վախենալու համար: Բնական վախը միշտ պիտի հանգամանքներին եւ իրավիճակներին համապատասխան լինի, եւ ամենակարեւորը՝ հասկանալի լինի ուրիշների համար: Չէ՞ որ, բոլորս կարող ենք հասկանալ այն մարդու հոգեկան վիճակը, որը ինքնաթիռ նստելիս, ատամնաբույժին այցելության գնալիս կամ բարձրահարկ շենքի տանիքից նայելիս տագնապի ու վախի զգացում է ապրում: Դա բնական է, ուրեմն եւ՝ ընդունելի: Պետք է համոզված լինել, որ պատմելով վախի մասին, ծաղրի չես արժանանա կամ էլ չես համարվի հիվանդ: Ավելի տարօրինակ է, երբ մարդը ոչնչից չի վախենում, ուրեմն նրա օրգանիզմը զրկված է ինքնապաշտպանությունից: Վախն ազդանշան է տալիս, որ ինչ-որ բան այնպես չէ, եւ ստիպում առավել զգույշ լինել: «Շատ դժվար է աշխատել արտակարգ իրավիճակներում: Մենք սովորել ենք անտեսել վախն ու հաճախ չենք հասկանում՝ որտե՞ղ է թույլատրված վախի սահմանը: Դժբախտ պատահարների գլխավոր պատճառը հենց վախի զգացման բթացումն է»,- ասում են փրկարարները: Այն մասնագետները, որոնցից ամենօրյա ռիսկ եւ անվարան համարձակ լինել է պահանջվում, լավ հասկանում են, որ վախը պետք է ամեն գնով հաղթահարել. չէ՞ որ, որոշումները մի ակնթարթում են կայացվում, հապաղումը հավասար է մահվան: «Վախենալու ժամանակ չենք ունենում, եթե վախին լսենք՝ մարդկանց կկորցնենք»,- սա հրշեջների կարծիքն է: Էքստրեմալ պայմաններում օրգանիզմը մոբիլիզացնում է ուժերը եւ ստիպում լռեցնել անպատեհ ծագած վախի շշուկը: Սովորական իրավիճակներում, երբ կյանքի ու մահվան պայքար չկա, պետք է հասցնել որսալ եւ ճիշտ օգտագործել տագնապի ազդանշանները: Նրանք օգնում են մարդուն խուսափել վտանգից: Հիշեք, կյանքում երբեք չեն վախենում միայն հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ: Իսկ բացարձակ անվախությունը նույնքան կործանիչ է, որքան հետապնդող, սեւեռուն վախերը՝ ֆոբիաները: Մարդը կարող է եւ պետք է վախենա: Գիտնականները նույնիսկ կարողացել են բացահայտել վախի գենը, այն փոխանցվում է սերնդեսերունդ՝ պահպանելով եւ ամբողջացնելով մարդ էակի փխրուն էությունը: