Կառավարության 2007թ. որդեգրած գերակա ուղղություններից է ժողովրդագրական ռազմավարության իրագործումը: Այս տարվա առաջին եռամսյակում կառավարության քննարկմանը կներկայացվի ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը:
Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում առկա ժողովրդագրական խոր ճգնաժամը հաղթահարելու համար իրականացվում են երկրում ծնելիության մակարդակը բարձրացնելուն ուղղված լայնածավալ սոցիալական խրախուսման ծրագրեր: Օրինակ, ծննդյան միանվագ վճարներն այնտեղ կազմում են մոտ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի: Իսկ ի՞նչ է արել մեր կառավարությունը: Հրավիրված մամուլի ասուլիսում փոխնախարարը նշեց, որ 2007թ. հունվարի 1-ից անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքներում (որոնք ունեն 0-ից բարձր անապահովության միավոր), ամուսնական զույգի կամ միայնակ մոր երրորդ կամ ավելի երեխայի ծննդյան դեպքում կհատկացվի 200 հազար դրամ: Նշենք, որ 2006թ. այն կազմել է 35 հազար դրամ: Իսկ Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով պաշտոնական վիճակագրության տվյալները, 200 հազարական դրամները պետբյուջեով նախատեսված են մոտ 3 հազար երեխաների համար: Միջին վիճակագրական տվյալներով, յուրաքանչյուր տարի Հայաստանում ծնվում է 30-35 հազար երեխա: Այսինքն, Հայաստանում ծնված երեխաների մոտ 10 %-ն ընթացիկ տարում կպարգեւատրվի մոտ 6 անգամ ավելի ծննդյան միանվագ գումարներով: Աստղիկ Մինասյանը նշեց նաեւ, որ նախարարությունում «անհամբերությամբ» սպասում են օրերս 4 երեխա լույս աշխարհ բերած Դավիթաշենի բնակչուհի Մ. Մխիթարյանին, որին, բացի միանվագներից, կհանձնվի նաեւ լրացուցիչ դրամական աջակցություն` ընդհանուր առմամբ մոտ 600.000 դրամ:
Ամփոփելով 2006թ. սոցիալական աջակցության համակարգում կատարված աշխատանքները` փոխնախարարը նշեց, որ անցյալ տարի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է շուրջ 182 հազար ընտանիք, որոնցից ընտանեկան նպաստ է ստացել շուրջ 130 հազարը կամ հաշվառվածների մոտ 72 տոկոսը: Իսկ 9500-ը ստացել է հրատապ օգնություն, 4200 երեխա` ծննդյան միանվագ օգնություն, 14.400-ը` առաջին դասարան հաճախելու կապակցությամբ, 121-ը` հուղարկավորության համար: Փոխնախարարը հավելեց նաեւ, որ տարեցտարի նվազում է նպաստների համակարգում դիմողների թիվը` 7-8 տարում 400.000-ից հասնելով շուրջ 180.000-ի: Դիմողների պասիվությունը նա բացատրեց ոչ թե նախապայմանների խստացմամբ, այլ այն սոցիալական ակտիվ քաղաքականությամբ, որը վարում է իրենց նախարարությունը: «Լավ են գիտակցում իրենց իրական վիճակը, դրա համար էլ չեն դիմում: Այստեղ պետությանը չվստահելու գործոնը չէ, այլ իրենց իրավունքների մանրամասներին տիրապետելը»,- շեշտադրեց Սոցիալական աջակցության վարչության պետը: Սակայն, գաղտնիք չէ, որ որքան էլ նպաստառուների թիվը նվազի եւ նրանց հասցեականությունը ճշգրտվի, միշտ էլ գտնվում են այնպիսի տեսուչներ, որոնք նպաստառուների հետ գալով փոխհամաձայնության, «երեք ամիսը` քեզ, հաջորդը` ինձ» ներքին պայմանավորվածությամբ, ավելացնում են ապօրինի նպաստառու ընտանիքների թիվը: Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, 2007թ. կատարված փոփոխությունների համաձայն, անչափահաս երեխա չունեցող ընտանիքներում նրանց թվաքանակի հետ կապված տեղի են ունեցել դրամական հավելումներ: Այսպես, 33.01 միավորից մինչեւ 37. 00 սահմանային միավոր ունեցողները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան հավելյալ 500-ական դրամ: Այսինքն, այս դեպքում բազային միավոր է սահմանվել 7500 դրամը` նախորդ տարվա 7000-ի դիմաց, իսկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար պահպանվել է 7000 դրամը: Ինչպես նշվեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, 2006թ. առաջին անգամ կիրառվել է նաեւ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքներում անձի մահվան դեպքում 25 հազար դրամ նպաստի գործընթացը, ինչը, համակարգի պատասխանատուների հավաստմամբ, կպահպանվի նաեւ 2007-ին: Սոցիալական աջակցության ոլորտում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների համատեքստում այս տարի փոքր-ինչ կշահեն նաեւ միայնակ կենսաթոշակառուները: Նկատի ունենալով այն դժգոհությունները, թե կենսաթոշակի որոշակի ավելացումները միայնակ թոշակառուներին դուրս է մղել նպաստի համակարգից, Արծվիկ Մինասյանն ասաց. «Որպեսզի համակարգում այդ անձանց ընդգրկվածությունը լինի հնարավորինս մեծ, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ մինչեւ 2500 դրամ կենսաթոշակի հավելաճի դեպքում միայնակ կենսաթոշակառուները համակարգից դուրս չեն մղվի»: